Երբ է գործածվում Ս. Մյուռոնը

Երբ է գործածվում Ս. Մյուռոնը

Հայոց Եկեղեցում կատարվում են մի շարք ծեսեր և կանոններ, որոնց ժամանակ օգտագործվում է Ս. Մյուռոնը: Դրանք են` 


1. Ս. Դրոշմի խորհուրդը, որը հաջորդում է անմիջապես Ս. Մկրտությանը: Արարողության ժամանակ քահանայական աստիճան ունեցող հոգևորականը Ս. Մյուռոնով օծում է մկրտյալի մարմնի ինը մասերը` նրան փոխանցելով Ս. Հոգու շնորհները: 



2. Ս. Մյուռոնով են կատարվում քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումները: Քահանայական օծման ժամանակ ձեռնադրող եպիսկոպոսն օծում է ընծայացուի ճակատը և երկու ձեռքերը, եպիսկոպոս ձեռնադրելիս Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծում է ապագա եպիսկոպոսի ճակատը և աջ բթամատը` իշխանություն տալով նրան ձեռնադրություններ կատարել, եկեղեցիներ օծել և այլն: Մեր Եկեղեցում օծվում է նաև Հայոց Հայրապետը: Ս. Մյուռոնը հեղվում է նրա գլխին` որպես Հայոց Եկեղեցու ընդհանրական Հայրապետի և Լուսավորչի հոտի միությունը պահպանողի: Մյուռոնով օծվելն է պատճառը, որ հայ հավատացյալը համբուրում է օծված հոգևորականի աջը, իսկ ձեռնադրությունից հետո` օծված ճակատը: Հնում Մյուռոնով են օծվել նաև հայ թագավորները: 
 

3. Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի խաչապատկեր քարե սալիկները, գմբեթի խաչը, եկեղեցու նավակատիքին` Ս. Խորանը, Հիսուս մանկան հետ Տիրամոր նկարը և եկեղեցու սյուները: Եվ միայն օծվելուց հետո է եկեղեցում մատուցվում Ս. Պատարագ, քանզի այն արդեն սրբագործված է և մաքուր: 
 

4. Ամեն տարի հունվարի 6-ին` Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս. Պատարագից հետո կատարվող ջրօրհնեքի ժամանակ Ս. Մյուռոնը հեղվում է Հորդանան գետը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտության ժամանակ Հորդանանում Հիսուսի վրա Ս. Հոգու էջքի: Այս կապակցությամբ գեղեցիկ մի ազգային ավանդություն են մեջբերել Արիստակես Լաստիվերտցի և Կիրակոս Գանձակեցի պատմիչները: Ըստ վերջիններիս` ԺԱ դարում Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը Վասիլ Բ կայսեր կարգադրությամբ հունվարի 6-ին մեծ շուքով Ջրօրհնեք է կատարում Տրապիզոնում: Երբ Հայոց Հայրապետը Ս. Մյուռոնը կաթեցնում է գետի ջրի մեջ, լույսի մի խուրձ է փայլատակում, և որպես ապացույց Հայոց Ս. Մյուռոնի աստվածային ծագման և սրբության, գետը մի պահ կանգ է առնում: Պատմիչների մեջբերած այս գեղեցիկ պատմությունը կրկին վկայում է Ս. Մյուռոնի հանդեպ տածած մեր ժողովրդի խորը հարգանքի և անհուն սիրո մասին:
 

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

  • 2021-09-21
×