Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից:
Ըստ ազգային Ավանդության, որը մեջբերված է 13-րդ դարի նշանավոր աստվածաբան, մեկնիչ, տոմարագետ, մանկավարժ և պատմագիր Վանական վարդապետի «Հայ ազգի գովեստը» աշխատության մեջ, Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը:
Այս մասին է նշում նաև Վարդան Արևելցին իր «Աշխարհացույցում»: Հայաստան գալով` նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան:
Այնուհետև առաքյալը մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր յուղը:
Այդտեղ իջած լույսով և Ս. Գրիգոր Լուսավորչին երևացած տեսիլքի շնորհիվ Հայոց առաջին Հայրապետը գտնում է առաքյալի թաղած սուրբ յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին:
Հետագայում մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչն այդ վայրում կառուցում է Ս. Հովհաննես Մկրտչի անունով մի եկեղեցի, որը հայ մատենագրության մեջ կոչվում է նաև «Եղրդուտի վանք» կամ «Ս. Շիշ յուղի վանք»:
Եվ այսպես ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաև լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին: Այս քայլով մեր Եկեղեցին ոչ միայն ապահովում է դարեդար փոխանցվող Մյուռոնի հաջորդականությունը, այլ նաև ևս մեկ անգամ շեշտում Սրբազան Ավանդության հանդեպ իր հավատարմությունը:
Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան