«Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո» (Ղուկ. 1:42)

«Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո» (Ղուկ. 1:42)

Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է


 

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից այդ օրը հռչակված է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:


 

«Բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մատթ. 20:16),-աստվածաշնչյան այս խոսքի ապացույցը եղավ նաև Սուրբ Մարիամ Աստվածածինը, ով իր բարեպաշտ կյանքով ու կենցաղով արժանացավ աստվածային օրհնությանը՝ Քրիստոսի մայրը կոչվելուն:


 

«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, ով նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. 1:26-33): Այսպես կատարվեց Սուրբ Աստվածածնի Ավետումը, սակայն ինչո՞ւ էր պետք, որ  Քրիստոս մայր ունենա:


 

Աստված պիտի մարդանար, որպեսզի փրկագործությունը տեղի ունենար: Եվ Աստված մարդու հետ պիտի կիսեր մարդկային բոլոր ցավերն ու տկարությունները: Այդ էր պատճառը, որ Տերը լույս աշխարհ եկավ, ինչպես բոլոր մարդիկ:


 

Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետումով սկիզբ դրվեց և ապա իրական դարձավ մարդու փրկության աստվածային ծրագիրը: Միաժամանակ սա նոր ընկալում բերեց մայրության հանդեպ՝ այն դարձնելով ավելի վեհ, միաժամանակ՝ ավելի խոնարհ:Ավելի խոնարհ, քանի որ թեև Մարիամի համար մեծ պատիվ էր հրեշտակապետից ստացած ավետիսը, նա, միևնույն է, մնաց խոնարհ՝ ասելով. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. 1:38): Ավելի վեհ, քանի որ Մարիամը քաջ գիտակցում էր որ իր Որդին և՛ իրենն է, և՛ իրենը չէ, Աստծունն է և ամենքինը: Նա ուղեկցում էր Որդուն իր կյանքի բոլոր օրերում և Նրա հետ էր անգամ նրա երկրային կյանքի վերջին պահին: Որպես մոր՝ անչափելի էր նրա ցավը, սակայն մշտապես խոնարհ էր մնում՝ գիտակցելով իր ընտրյալ ու օրհնված լինելը, ինչպես նաև իր՝ Տիրոջ աղախին լինելը:


 

Սուրբ Մարիամ Աստվածածինը մոր և կնոջ կատարյալ օրինակ է, ինչպես նաև կատարյալ օրինակ է քրիստոնյայի:  Ուրեմն՝ Աստվածածնի բարեխոսությամբ թող աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին: 


 

Աղոթք Սուրբ Աստվածածնին

Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար:

 Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:
… Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք` (հիշեցնելով) նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ների բազմամեղիս, և ջնջի իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմի դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Հովհաննես վարդապետ Գառնեցի

  • 2021-02-02
×