«Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկաս 1.28)

«Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկաս 1.28)

Ավետումն Աստծո հայտնությունն է, որը տրվեց ամենքիս̀ Աստվածամոր միջոցով: Ս. Գրքում հանդիպում ենք բազաթիվ հայտնությունների՝ հատկապես Մեսիայի գալստյանը վերաբերող: Բայց Տիրամորը տրված այսօրվա հայտնության մեջ կա  առանձնահատկություն: Այսօրվա ավետումը վերաբերում է ներկային: Այո՛, Մեսիայի գալստյան ավետիսը սկսվեց մարգարեություններից, բայց այսօր այդ մարգարեությունները մնացին անցյալում. Տերը մեզ հետ է: Անցյալը անցած է, իսկ ապագան… Ամենահետաքրքիրն այն է, այստեղ չկա ապագա: Աստված մեզ հետ է̀ Ս. Հոգու շնորհներով ու Իր զորությամբ, հիմա, այս պահին: Ահա այն ավետիսը, որով պիտի ապրենք ամենքս ամեն օր և ոչ թե վաղը:

 

 

Ավետման պահին Տիրամոր ու հրեշտակի կարճ երկխոսության ընթացքում որոշվեց աշխարհի ճակատագիրը: Ու այդ երկխոսությունն էլ անցյալ չդարձավ: Այն շարունակվում է այսօր, քանի որ Աստված մեզ հետ է միշտ: Եվ այս ավետիսով ապրելու համար կարևոր է, որ նույն երկխոսությունը կրկնվի ամենքիս կյանքում ամեն օր:

 

 

Տիրամոր ու հրեշտակի զրույցի հիմքում անսահման վստահությունն է: Աստված վստահում է մարդուն̀ մասնավորաբար Աստվածածնին: Բոլորիս փրկությունը մեկ մարդու ձեռքում է: «Ի՞նչ կարող է անել մարդը միայնակ»,- կարող եք հարցնել։ Իսկ ի՞նչ արեց Ս. Աստվածածինը, ով անփորձ մի աղջիկ էր: Նա լսեց ու արձագանքեց Աստծո հրավերին̀ ամբողջ հոգով, սրտով ու մտքով։  Հետևաբար, ի՞նչ կարող ենք անել միայնակ... Իսկ եթե մենք մենակ չե՞նք, եթե Աստված մեզ հե՞տ է....Այդ դեպքում մնում է, որ մենք էլ վստահենք Տիրոջը:

 

 

Ավետման պահին Մարիամը նախ շփոթվեց, բայց Աստված պատրաստ էր պատասխանելու նրա բոլոր հարցերին: Տիրամայրը չվախեցավ ու տվեց իր բոլոր հարցերը: Եթե հիշում եք, Եվան էլ երկխոսության մեջ մտավ Աստծո հետ, սակայն ո՛չ կարողացավ հարց տալ, ո՛չ էլ պատասխանել Տիրոջ հարցերին, որովհետև մեղքի արդյունքում կորցրել էր վստահությունն Աստծո հանդեպ: Ի տարբերություն Եվայի, Աստվածածինը չի թաքնվում Աստծուց և ստանում է իր բոլոր հարցերի պատասխանները̀ վստահելով Տիրոջը:  Իհարկե, Ավետման պատմության մեջ Աստված շատ բան մեզ չի խոստանում, չի էլ ակնկալում, որ մենք կկարողանանք մեզ համար բոլոր կենսական հարցերը այս պահին տալ Նրան: Բայց  ամեն բան սկսվում է վստահությունից, վստահություն այն ամենին, ինչ Նա մեզ առաջարկում է ոչ թե վաղը, այլ այստեղ և այսօր:

 

 

Իսկ Աստված այսօր և ամեն օր թակում է մեր սրտի դռները: Պիտի հասկանանք, որ Տերը միշտ մեզ հետ է, և դա վերապրելու համար կոչված ենք լինելու կենդանի Աստծո տաճար: Սա պիտի հասկանանք այսօր, հիմա, ոչ թե  վաղը:

Տիրամայրն իր առաքելությունը չբաժանեց երեկվա ու վաղվա: Նա Աստծո հետ ապրեց ներկայի մեջ, ապրում է հիմա ու այսօր̀ իր օրինակով զորացնելով մեզ և իր բարեխոսությամբ մխիթարելով ամենքիս. ամեն:

 

 

Եսայի քհն. Արթենյան

  • 2021-02-20
×