Հայոց պատմության 4-5 րդ դարերի կարևորագույն իրադարձություններն են՝ Հայոց Դարձը, Գրերի գյուտը և Ավարայրի ճակատամարտը: Հետաքրքիր է, որ այս երեքն էլ կատարվել են եկեղեցի-պետություն գործակցությամբ:
Հանուն հավատի և հայրենիքի նահատակվածների հիշատակը Հայոց Եկեղեցին սկսել է կատարել դեռևս Վրթանես քահանայապետի հայրապետության օրերից:
Վարդանանց տոնը նվիրված է 451թ.-ի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան զորավարի և Վարդանանց 1036 վկաների հիշատակին: Ազգային և կրոնական ազատագրական պայքարի այդ ակտիվ մասնակիցները հետագայում իրենց պատվավոր տեղը գտան Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի ցանկում` ձեռք բերելով «հայրենիքի սուրբ նահատակներ» հավաքական անունը, ովքեր հանուն հավատքի կռվեցին պարսկական զորքերի դեմ և նահատակվեցին: Տոնի ամբողջական անվանումն է՝ «Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց՝ հազար երեսուն և վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին»:
Վարդանանց տոնը անվանում են նաև անվանակոչության ամենագլխավոր համազգային տոն: Այն վերաբերում է ինչպես Վարդան, այնպես էլ իրենց անունով սրբերի տոներ չունեցող անձանց:
Վարդանանց հիշատակը Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի կատարելը, տոմարական համապատասխան հաշվարկից բացի, բացատրվում է Վրթանես կաթողիկոսի հետևյալ խոսքերով. «Նրանք, որ իրենց կյանքը չխնայեցին, այս բոլորի համար, նրանք պետք է պատվվեն Քրիստոսի վկաների հետ»:
Վարդանանց տոնը Մեծ Պահոց շրջանին նախորդող հինգշաբթի օրը տոնելը նաև հոգևոր մի այլ խորհուրդ ունի: Ինչպես գրում է Տեր Ղևոնդ քահանա Մայիլյանը. «Այդ օրերից հետո սկսվում է Մեծ Պահքը՝ անձնաքնության և աղոթքի օրերը, երբ մեզանից ամեն մեկը պետք է քննի իր անցած ճանապարհը՝ հետագայում նույն սխալները չկրկնելու համար: Պահոց շրջանում ամեն մի անհատ պետք է վճռի, թե ու՞մ է պատկանում, ու՞մ վրա պիտի իր հույսը դնի, ո՞ր ճանապարհով պիտի գնա՝ Վասակի, թե Վարդանի ու Ղևոնդի: Մեկը տանում է ստրկության ու մահվան, իսկ մյուսը՝ փրկության»:
Մեծ Պահոց շրջանը մի Ավարայր է ընդդեմ չար խավարի: Այս խորհրդով էլ եկեղեցին իմաստուն ձևով կարգել է տոների այս հերթականությունը՝ մինչև Մեծ Պահքի սկսվելը, մեզ խրատելով Վարդանանց քաջությամբ, Ղևոնդյանների նվիրումով: