Կյանքով ու մահով՝ ծառա Քրիստոսին

Կյանքով ու մահով՝ ծառա Քրիստոսին

Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է


 

Սուրբ Ղևոնդյանց քահանաները Ավարայրի ճակատամարտում մարտիրոսված քաջորդիներն են, ովքեր քաջալերում էին մարտի պատրաստվող զորքին իրենց խոսքերով, և իրենք էլ քայլում զորքի առջից՝ չվախենալով թշնամուց և մահից: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ նրանցից՝ Քրիստոսին չուրանալու համար հալածելով և սպանելով: Նրանց առաջնորդում էր Ղևոնդ Երեցը, ում անունով էլ հետագայում կոչվեցին որպես Ղևոնդյանք: Նրանք աներկյուղ կերպով իրենց անձերը դրեցին Սուրբ Հայրենիքի և Եկեղեցու համար մղվող պայքարի զոհասեղանին:


 

Քահանաները ստանձնել էին իրենց պարտականությունը՝ ունենալով իրենց մեջ միտքը, թե «Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ՝ անմահութիւն»: Նրանք իրենց մահով և նահատակության պսակով բարձր պահեցին իրենց գլուխները՝ դասվելով սրբերի շարքում, մինչդեռ կարող էին գլուխ խոնարհել պարսկական ատրուշանի առջև՝ գերադասելով կյանքը: Արդյոք նման կյանքն արժեք ունի՞ :


 

Վերջին պատերազմի հետքերը դեռ երկար կմնան մեզ հետ: Եվ Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն էլ մեզ յուրօրինակ կերպով հիշեցնում է այն մարտիկ-հոգևորականներին, ովքեր խաչով և զենքով մարտնչեցին թշնամու դեմ: Կարող էին փախչել և ասել, թե «հոգևորականի գործը միայն Աստծո տանն է», սակայն նրանց մտքով անգամ չանցավ փախուստը, զորքին միայնակ թողնելը: Այո՛ զոհվեցին և վիրավորվեցին, սակայն հաստատուն մնացին իրենց տեղերում կանգնած՝ չփախչելով, չհանձնվելով, քանի որ, անշուշտ ցավոք, սակայն ինչպես դարեր առաջ, այս անգամ նույնպես վտանգված էին Հայրենիքը և Եկեղեցին:


 

Հոգևորականների գիտակցումն է այն, որ կյանքով և մահով ծառայեն Աստծուն և իրենց Սուրբ Հայրենիքին: Ցանկացած մեկը կմտածեր այդպես, եթե իր ուսերի վրա զգար նույն պարտականություններն, ինչ ունեն հոգևորականները մարտի դաշտում: Եվ այդ է պատճառը, որ Ղևոնդյանց քահանաների հիշատակի օրը համարվում է նաև բոլոր քահանաների տոնը:


 

Հոգևորականների և մեր՝ բոլոր քրիստոնյաներիս համար հավատի և հոգու ամրության, անզիջում կամքի ու հաստատակամության, հաստատակամության ու հայրենասիրության լավագույն օրինակը հենց Ղևոնդյանք են: Եվ մենք էլ՝ որպես նրանց արժանի հետնորդներ, տե՛ր կանգնենք մեր Սուրբ Հողին ու Հավատքին՝ ոգեշնչվելով, անդադար սովորելով նրանցից և նրանց անմահ սխրանքներից:


 

Սուրբ Ղևոնդյաց հիշատակի համար ամբողջական կանոն կա շարակնոցում: Հատկանշական է նաև ընդարձակ մանկունք շարականը, որից մի հատված ներկայացնում ենք. 



Լուսաւորիչն ամենեցուն Ղեւոնդիէ Սուրբ վարդապետն,
խոհական մեծ Խորհրդով խրատեալ, լցոյց զաշակերտեալսն.
Ծաւալեալ զլոյս գիտութեան յոգիս արանց կատարելոց`
Կամաւոր յօժարութեամբ կատարեցան սիրով Փրկչին:
Լուսաւորիչը բոլորին Ղեւոնդիոս Ս. Վարդապետը
Խոհական մեծ խորհուրդով խրատեց-լեցուց զինուորներուն.
Ծաւալեց գիտութեան լոյսը նահատակուողներու հոգիներուն,
Կամաւոր յօժարութեամբ, Փրկչին սիրով նահատակուեցին:

  • 2021-02-20
×