Սուրբ Ատոմյանց հիշատակության օրն է
Ատոմյանց հայազգի զորավարներն են Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, ովքեր իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Երբ Հազկերտը սկսեց հալածել քրիստոնյաներին և Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ ստացան նրանից՝ դավանափոխվելու պահանջով, վերադարձան հայրենիք՝ ապաստանելով Անձևացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Սուրբ Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված լեռնաբնակ ճգնակյաց մի սրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, կամավոր նահատակությունը հանձն առան:
Պարսից զորքը, հասնելով հայոց զորավարներին, շրջապատեց և սպանեց գիտակցված մարտիրոսության գնացող սրբերին:
Մեր այս դժվարին օրերում արժանի են հիշատակության այս սրբերը, քանի որ նրանք ընդունեցին մահվան պսակը՝ գիտակցելով դրա ողջ իմաստը: Նրանք ունեին հավատն առ Քրիստոս, նրանք ընտրել էին Քրիստոսին՝ անգամ իրեց մահվամբ հաստատելով իրենց իսկ ընտրությունը: Իրենց կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարեցին, ապա նաև նահատակվեցին հանուն Քրիստոսի:
Սուրբ Ատոմյանք գիտակցված անմահության էին գնում՝ առանց վախի ու ափսոսանքի: Նրանց սխրանքից են նաև ոգեշնչվել մեր սերունդները, որ այս օրերին էլ պաշտպան են կանգնել մայր հողին և չեն երկմտել անգամ ամենաթանկը՝ իրենց կյանքը տալու, քանի որ գիտակցել են՝ մարտիրոսվում են «վասն հավատոյ և վասն հայրենյաց»:
Հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած մեր նահատակների հոգիների համար մեր միակ անելիքը կյանքն է: Այո՛, պետք է ապրենք հանուն նրանց, որպեսզի նրանց սխրանքները չմնան անկատար, կիսատ չմնան: Այսօր, երբ փորձում ենք հավաքել մեր ուժերը և ապրել՝ շենացնելով մեր Հայրենիքը, մտածում ենք՝ ի՞նչ կարող ենք անել մեր նահատակների համար: Նրանք ի Քրիստոս ննջեցին՝ ապավինելով ամենագութ Աստծո ողորմությանը: Սակայն բազում պատասխանների հետ մեկտեղ՝մեզ մշտապես ուղեկցում են նաև մեր աղոթքները և հույսը առ այն, որ նրանցից շատերն այժմ երկնավոր սրբերի շարքում են:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…