Սկսվում է Առաջավորաց պահքը

Սկսվում է Առաջավորաց պահքը

Ս. Յովհան Ոսկեբերան Հայրապետն ասել է. «Պահեցողությունը մի զենք է, որով կռվում ենք մեղքի ալիքների դեմ և ճամփորդում դեպի երկինք»:


 

Առաջավորաց պահքը սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Այս ընթացքում պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, ինչպես նաև արգելվել է Ս. Պատարագ մատուցելը: Առաջավորաց պահքը հայ ժողովրդի առաջին ազգային պահքն է, և այն հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը։ 


 

Պահքի պատվիրանն էր գիտության ծառից չուտելը, ինչը, սակայն, չպահվեց և հեշտությամբ խախտվեց մարդու կողմից: 


 

Թե ինչու է Առաջավորաց պահքը սահմանված 5-օր, Եկեղեցու հայրերը տալիս են մի քանի մեկնություններ։ Նախ, որ այդպես է սահմանել Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Երկրորդ՝ քանի որ մարդ 5 զգայարաններ ունի, որոնցով մեղանչում է, ուստի՝ այս պահեցողության շրջանը հնարավորություն է տալիս մարդուն՝ զղջալու, ապաշխարելու և Աստծուն մոտենալու: 


 

Ուստի՝ մեր հայրերի կողմից սահմանվեց այս պահքը, որպեսզի քանի որ առաջին պահքը չպահելով՝ վտարվեցինք ու կորցրինք դրախտն ու փառքը, այս մեկը պահելով՝ դարձյալ վերադարձնենք կորուսյալը:


 

Ինչպես նշվում է Հովնանի մարգարեությունում, Ասորեստանի Նինվե մեծ քաղաքի բնակիչներն անօրինությունների մեջ էին: Հովնանի քարոզչությամբ և՛ մարդիկ, և՛ անասունները, ինչպես նաև մանուկները առանց ուտելու և խմելու, երեքօրյա պահքով ապաշխարեցին և կործանումից փրկվեցին (Հովնան 3:4): Ինչպես նինվեացիները մարմնով փրկվեցին, այնպես էլ այս պահքը պահողները հոգով են փրկվում:

 

 

Նրանց համար պահքի երեք օր սահմանվեց, քանի որ շաբաթվա մյուս երկու օրերը՝ չորեքշաբթին և ուրբաթը, պահքի համար էին նախատեսված:

 

 

Այսպիսով, ամբողջ տարվա ընթացքում հինգ զգայարաններով մեր գործած հանցանքները այս հնգօրյա պահքով և Աստծո ողորմությամբ ջնջվում են:

 

 

Մեզ բոլորիս լավ հնարավորություն է տրված Առաջավորաց պահքի ընթացքում զղջալ կատարած սխալների համար, մաքրել հոգին բոլոր տեսակի չար մտքերից և զերծ մնալ վատ սովորություններից: Փորձենք գիտակցված պահեցողությամբ զորացնել հավատը և ապրել՝ Աստծո ներկայությունը վայելելով:

 
  • 2021-08-20
×