«Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2:14),- այսկերպ հրեշտակները տեղեկացրին հովիվներին Մանուկ Հիսուսի ծննդյան մասին։ Սուրբ Ծնունդն ազդարարվեց նաև Բեթղեհեմի երկնքում՝ աստղի միջոցով, որը դեպի Քրիստոսի ծննդյան քարայրն առաջնորդեց մոգերին՝ արևելքից։ Նրանք եկան ընծաներով՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։
Մանուկ Հիսուսին երկան երկրպագելու հովիվները, որպես անմեղության ու պարզության և մոգերը, որպես իմաստության օրինակներ։
Մանուկը, որ դեռևս ունակ չէր խոսելու, քարոզելու, արդեն իսկ ճանաչված էր որպես Փրկիչ․ տեղի էր ունեցել այն, ինչ ճշգրտորեն ներկայացրել էին հինկտակարանյան մարգարեները։
Մանուկ Հիսուսը չծնվեց երկրային ճոխությունների մեջ, այլ մի անփառունակ քարայրում, որտեղ ապաստանել էին գիշերելու Հովսեփը և Սուրբ Կույս Մարիամը։ Այդ քարայրը հենց խորհրդանիշն է մեր հոգիների, որն աղքատ է առանց մեր Փրկչի, և որտեղ Քրիստոսի ծնունդով հայտնվում է իրական հարստությունը։ Սուրբ Ծնունդը հնարավորություն է՝ հարստացնելու մեր հոգին՝ թույլ տալով, որ Քրիստոս ծնվի յուրաքանչյուրիս կյանքում։ Սուրբ Ծննդյան օրը հրեշտակները փառաբանեցին Աստծուն, նույնը այսօր անում ենք հենց մենք՝ գիտակցելով, որ Սուրբ Ծնունդը հենց մեր՝ մարդկության փրկության համար է։
Այսօր Աստված հայտնվում է ամենքիս կյանքում, որը վերամաստավորվում է Քրիստոսի սիրով, լույսով, հավատով, խոնարհությամբ։ Քրիստոս այսօր ծնվում է մեր անշուք հոգիներում։ Բա՛ց պահենք մեր հոգիները նրա լուսավոր ծննդյան ավետիսի համար։ Թույլ տանք, որ Բեթղեհեմյան աստղի լույսը երևա նաև մեր հոգիներում՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոս։ Եվ երբ հանդիպենք այլոց, ում հոգիներում ևս վառվում է Փրկչի Ծննդյան լուսավոր աստղը, ողջունենք իրար՝ ավետելով․ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։