Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս առաքյալների հիշատակության օրն է
«Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին» (Մատթ 16։18)։ Հենց այս խոսքերն ասաց Քրիստոս Սիմոն Պետրոսին, երբ վերջինս Քրիստոսի այն հարցին, թե «ո՞վ եմ ես», պատասխանեց․ «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթ 16։16)։ Եվ Պետրոսը, ինչպես նաև տասներեքերորդ առաքյալ համարվող Պողոս առաքյալը, իրենց հավատքի խոստովանությամբ, եղան այն վեմը, որոնց վրա վեր խոյացավ Քրիստոսի եկեղեցին։
Այս երկու առաքյալները դարձան Քրիստոսի խոսքի կրողներն ու քարոզողները։ Սուրբ Պետրոս առաքյալը Քրիստոսին ուրանալուց հետո, զղջաց՝ դառնորեն լաց լինելով, դարձի գալով և իր առաքելական քարոզչությունը արդյունավորելով նախանձախնդիր հովվական ծառայությամբ ու անձնուրաց նվիրումով։ Նա քաջությամբ հանձն առավ նահատակության պսակը։
Սուրբ Պողոս առաքյալն, իր հերթին, իր կյանքի սկզբնական շրջանում փարիսեցի էր՝ քրիստոնյաներին հալածող։ Սակայն հետագայում նա ևս դարձավ Աստծո խոսքի ամենաեռանդուն քարոզիչներից մեկը և նահատակվեց՝ հանուն Քրիստոսի։
Այո՛, առաքյալներն իսկապես դարձան Եկեղեցու վեմը՝ Քրիստոսի խոսքը կրող, քարոզող, պահպանող և փոխանցող։ Նրանք երկուսն էլ անսխալ չէին, և Քրիստոս ինքն էլ ճանաչում էր մարդու էությունը։ Չէ՞ որ հենց Նա Պետրոսին ասաց, թե «այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս» (Մատթ․ 26։34)։ Սակայն միաժամանակ հենց այսպիսի մարդիկ էին, որ իրենց զղջմամբ ու անչափելի հավատով դարձան Քրիստոսի Եկեղեցու վեմը։
Շինությունն ամուր է, երբ հիմքն ամուր է, և հենց այսպես էլ եղավ՝ Քրիստոսի Եկեղեցու պարագայում։ Վեմը, որի վրա կառուցվեց Եկեղեցին, ամուր, անսասան և հաստատուն էր։ Թեև առաքյալներն էլ անսխալական չէին, սակայն մեղավոր լինելը նրանց դեպքում ոչ թե պատճառ դարձավ կործանման, այլ ընդհակառակը՝ անկեղծ ապաշխարությամբ էլ ավելի հաստատվեցին հավատքի ու աստվածճանաչման մեջ։
Հետևե՛նք առաքյալների օրինակին, և անգամ հավատի ճանապարհին սայթաքելիս՝ խնդրենք Տիրոջը՝ առաջնորդ լինի մեզ, անկեղծորեն ապաշխարենք, և այդ պարագայում, ինչպես առաքյալների դեպքում, մեր մեղքերից հետք անգամ չի մնա։