«Ով ունի, նրան պիտի տրվի»

«Ով ունի, նրան պիտի տրվի»

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրն է

Այսօր նշվում է Ընդհանրական Եկեղեցու սիրված սրբերից մեկի՝ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը։


 

Սուրբ Հակոբը շատ դեպքերում ներկայացված է որպես հրաշագործ հայրապետ։ Օրինակ՝ երբ Սուրբ Հակոբը Մծբինի եպիսկոպոսն էր, պարսից Շապուհ արքան հարձակում էր սկսել քաղաքի վրա։ Այս տեսնելով՝ բնակիչները դիմեցին սրբին, ով աղոթեց և մոծակների ու մժեղների հսկայական պարս թափվեց հարձակում գործող թշնամու  վրա։ Այս ամենից հետո, զորքը, բնականաբար, խուճապահար նահանջեց, իսկ Մծբին քաղաքի բնակիչներն այս տեսնելով՝ փառք տվեցին Աստծուն։ 


 

Ըստ ավանդության՝ Սուրբ Հակոբը գործել է հրաշքներ՝ Հիսուս Քրիստոսի անունով բուժելով անդամալույծների, հարություն տվել մի մեռած մանկան և այլն:


 

Այս ամենը վկայում են մեկ բանի մասին՝ անսպառ հավատ ունեցողներին Աստված միշտ է մեկնում իր օգնության ձեռքը։ Եվ այն, ինչ մենք համարում և անվանում ենք հրաշքներ, իրականում ոչ թե մարդկանց զարմացնելու համար են են, այլ Աստծո բարեգթության արտահայտոթյուն։ Սուրբն ինքն էլ ցանկություն չուներ իր կատարած հրաշքներով սեփական հեղինակությունը բարձրացնելու, պարզապես անկեղծ սրտով փրկություն, ներում էր հայցում Աստծուց այլոց համար, և Աստված, տեսնելով խնդրանքի արդարացիությունը, կատարում էր այն՝ ազատելով մարդկանց պատուհասած աղետներից։ Եվ սուրբն էլ մշտապես կատարվածում տեսնում էր ոչ թե իր անձը, այլ Աստծո սերն ու ողորմածությունը, և փառաբանում էր Նրան։


 

Մենք՝ հավատացյալներս, հաճախ ենք հակված որևէ երևույթի հրաշք անվանել, գտնել դրա համար զանազան բացատրություններ ու մեկնաբանություններ, սակայն երբեք չտեսնել դրա մեջ Աստծո ներկայությունը։ Սակայն ճշմարիտ բացատրությունները թաքնված են հենց այստեղ՝ ամենուր բարեգութ Աստծո կատարածը տեսնելու, նկատելու մեջ։


 

Սուրբ Հակոբ Մծբնեցի Հայրապետն այս առումով օրինակ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Նա թողել էր իր ճոխ կենցաղը և առանձնացել վանքում՝ իր երկրային կյանքը նվիրելով Աստծուն։ Նա նկատում էր և ակեղծորեն շնորհակալ լինում Աստծուց՝ գործած յուրաքանչյուր քայլի, տրված փրկության համար։ Եվ հենց այս է, որ պակասում է մեր կյանքում։ Գուցե հավատով և սիրով, շնորհակալությամբ և երախտագիտությամբ մոտենալով՝ կբացենք ավելի մեծ և կարևոր դռներ՝ մեր հավատի հաստատման ճանապարհին։ Չէ՞ որ Քրիստոս հաստատում է՝ «ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի» (Մատթ․ 25։29)։

  • 2021-08-20
×