Խաչն ապավեն և հաղթանակ

Խաչն ապավեն և հաղթանակ

Խաչի Գյուտի տոնն է

 

 

Այս օրերին յուրաքանչյուրիս կյանքում արագորեն տեղի են ունենում վերարժևորումներ։ Մենք վերարժևորում ենք ամեն բան՝ հավատքից մինչև երջանկություն, սիրուց մինչև ընտանիք, նյութական հարստությունից մինչև երկնային գանձեր։ 


 

Մեր ճանապարհին՝ հաղթանակի և դժվարությունների օրերին, մեր ձեռքերը և մտքերն ուղղվում են դեպի Ամենազոր Խաչը, որ խորհրդանիշն է Քրիստոսի՝ չարի դեմ մղած պայքարի և դրա հանդեպ տարած հաղթանակի։


 

Մեր զինվորները, որ այսօր մղում են չարի դեմ պայքարը, իրենց սրտերում և մտքերում կրում են Փրկչի Խաչը։ Նրանց համար Խաչը ոչ այնքան զոհաբերությունն է, որքան Սերը, ոչ թե մահն է, այլ կյանքը, ոչ թե թուլությունն է, այլ ուժը, ոչ թե տխրությունը, այլ ուրախությունն է։ Նրանց պայքարը հստակ է՝ ոչ ընդդեմ, այլ հանուն։ Նրանք իրենց կողքին ունեն Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, ում հանդեպ հավատն է, որ զորացնում է Խաչը, հայրենիքը։ Սերն է առ Քրիստոս, որ կենսատու է, սխրանքների մղող։


 

Այժմ՝ այս ծայրահեղ իրավիճակում, երբ ազգովի շրջվել ենք դեպի Խաչը, երբ աղոթում ենք փրկության, խաղաղության համար, մի պահ, հավատալով, որ ինչ որ խնդրում ենք, կտրվի մեզ և այս անգամ, խոստանանք ինքներս մեզ, որ երբեք այլևս չենք հեռանա Խաչից, սիրուց ու հավատից, երբեք չենք հեռանա Քրիստոսից, երբեք չենք հեռանա Բարուց։ Այս խոստումն է, որ պիտի տանք ինքներս մեզ և Տիրոջն այսօր՝ Գյուտ Խաչի տոնին՝ հավատալով մեր Տիրոջը, մեր լուսավոր և օրհնված ապագային։ Քրիստոս երկրի վրա և երկնքում եղածներին խաղաղություն բերեց Խաչի վրա թափված իր արյամբ։ Մահ պատճառող Խաչը Քրիստոսով պարտության մատնեց մահվանը, դարձավ հաղթություն։ Ուրեմն՝ մենք էլ այսուհետ ապաշխարելով մշտապես լինենք հավատարիմ Աստվածաշնչյան պատգամին, թե․  «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6.14): Չէ՞ որ հենց Փրկիչն է, որ մեզ երբեք չի լքում, և Նրա Խաչն է, որ ամենքիս պահապանն է։



 

Աստվածընկալ Սուրբ Խաչին աղոթք

 

Միջնո՛րդ փրկութեան մերոյ եւ գրա՛ւ տիեզեաց, ճառագայթաւէտ լո՛յս աշխարհաց եւ արեգա՛կ սիրոյ եւ ապաստա՛ն յուսոյ, նշա՛ն սուրբ եւ սոսկալի երախտեացն Աստուծոյ առ մեզ, սու՛ր աստուածամուխ՝ սպանող հակառակամարտին մերոյ եւ դրո՛շմ զգայարանաց մերոց եւ ա

մուր ապաստա՛ն ակնկալութեան մերոյ, աստուածային զօրութիւն քո, որ պահէ հաստատուն զհիմունս աշխարհի, պահեսցէ զհոգի եւ զմամին իմ ի ցասմանէ, ի ցանկութենէ եւ յատելութենէ եւ յամենայն փորձութեանց եւ գայթակղութեանց հոգւոյ եւ մարմնոյ իմոյ առ սոսկալի զօրութեան քոյ յաւիտեանս յաւիտենից. ամէն:


 

Մեր փրկության միջնո՛րդ, ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն, տիեզերքի ճառագայթավետ լո՛ւյս, սիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն, Աստծո` մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն, աստվածամուխ սո՛ւր` մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրո՛շմ, մեր հույսի ամուր ապաստա՛ն, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զրությամբ հավիտյանս հավիտենից. ամեն:

  • 2021-02-20
×