Ամենազոր Խաչով հաղթելու ենք

Ամենազոր Խաչով հաղթելու ենք

Մեր ազգը միշտ էլ պատերազմել է, և այդ պատերազմը միշտ էլ եղել է հանուն խաղաղության: Մենք մեր պատերազմը միշտ մղել ենք հանուն բարձր արժեքների, ոչ թե հանուն տարածքների, հողերի, նյութական արժեքների: Այդ բարձր արժեքների շարքում հայ ժողովրդի համար առաջնային դեր ունի նաև իր հավատը, որի համար անգամ այսօր էլ, մեր Եկեղեցու սպասավորները զինվորների կողքին են՝ առաջնագծում: 


 

Թեև քրիստոնեական հանդուրժողականությունը շատերն ընկալում են իբրև խեղճություն, սակայն երբ թշնամին փորձում է ոտնակոխ անել մեր ինքնությունն ու գոյությունը, ինչպես նաև մեր դավանած բարձրագույն արժեքները, մենք պայքարի ենք դուրս գալիս ոչ միայն սրով, այլ նաև Ամենազոր Խաչով: Ավետարանում էլ ասված է. «Ուստի առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կագնել չարին: Եվ երբ ամեն ինչ կատարենք, հաստատուն կացեք՝ տեղում պինդ կանգնած, և հագած արդարության զրահը. ձեր ոտքերը ամրացրեք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ» (Եփեսացիներ 6:13-15):


 

Մեր հոգևորականներն այսօր, առած Աստծո սպառազնությունը, զինվում են նաև մարտական զենքերով՝ լծվելով հայրենիքի պաշտպանությանը: Նրանք մի կողմից կռվում են արտաքին թշնամու դեմ, մյուս կողմից գոտեպնդում առաջնագծում կանգնածներին, սփոփում ամենքին՝ լուռ տանելով իրենց իսկ բեռը և միաժամանակ ամուր մնալով:

 


Գնահատենք այս մարդկանց, քանի որ նրանք էլ զինվորներ են, և իրեն ամենօրյա գործով դարձել են պաշտպանները Եկեղեցու, հավատի և Հայրենիքի: Նրանք էլ մերօրյա հերոսներ են, ովքեր, ինչու ոչ, շարունակողն են տասներկու սուրբ վարդապետների՝ Ռեթեոսի, Դիոնիսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Խուրի Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Աստվածաբանի, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի և Կյուրեղ Ալեքսանդրացու եկեղեցապահպան առաքելության: Չէ՞ որ հենց տասներկու սուրբ վարդապետներն էին, որ, ի հակադրություն հերետիկոսների, ովքեր թյուր կերպերով էին ընկալում և մեկնաբանում Աստծո խոսքը՝ հեռացնելով մարդկանց փրկության ուղուց, դարձել էին Աստծո խոսքի ճշմարիտ մեկնիչներ։ Տասներկու վարդապետները թողեցին հսկայական ժառանգություն, որոնց պահապանները, հսկողներն ու ավելացնողներն այսօր ոչ միայն հավատացյալներն են, այլ նաև ժամանակի հոգևորականները։ Արժևորենք մեզ թողնված սուրբ ժառանգությունը, ինչպես նաև այն հերոսներին, ովքեր դարձել են այդ ժառանգության կրողն ու փոխանցողը։


 

Եվ յուրաքանչյուրս, հետևելով մերօրյա հերոսների օրինակին, կանգնե՛նք մեր Հայրենիքի , մեր ժառանգության կողքին՝ պաշտպանելով թե՛ արտաքին թշնամիներից, թե՛ ժամանակի մոռացումից, թե՛ խեղաթյուրումից,  քանի որ հիմա է պահը:

  • 2021-08-20
×