Մեր Խաչը՝ մեզ ապավեն

Մեր Խաչը՝ մեզ ապավեն

Այսօր Սուրբ Խաչին նվիրված չորրորդ՝ Վարագա Սուրբ Խաչի տոնն է, որը ազգային է՝ նշվում է միայն Հայ Եկեղեցում։


 

Դարեր շարունակ Խաչը պահապան է եղել մեր ժողովրդին, ուղեկցել նրան իր ճանապարհին հանդիպող արհավիրքներում և որ կաևորն է՝ պահպանել։ Մեր նախնիներն էլ ապավինում էին Խաչի զորությանը՝ կրելով այն իրենց սրտերում և հոգիներում։ Խաչի խորհուրդը գիտի յուրաքանչյուր քրիստոնյա և յուրաքանչյուր հայ մարդ՝ անկախ նրանից սովորել, ուսանել է այդ մասին, թե ոչ, քանի որ խորհուրդը կարծես մեր արյան հետ է անցնում մեզ։ Մենք երբեմն չգիտենք՝ ինչու, սակայն բարդ իրավիճակներում մեր ձեռքերն ուղղվում են դեպի Խաչը, ապավինում Խաչին։


 

Այսօր՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին էլ մեկ անգամ ևս մեր Խաչն արժևորելու, վերարժևորելու ճանապարհին մեր անօգնական ձեռքերը կրկին ուղղվում են դեպի Խաչը։ Կրկին մի փորձություն հայերիս համար նախապատրաստված, կրկին մի որոգայթ՝ լարված թշնամուց։

Թշնամին, այո՛, չգիտի Խաչի զորության և ուժի մասին։ Ուժ, որ խաղաղություն է բերում և ոչ թե մահ, ուժ, որ հաղթում է, ուժ, որի դեմ ծնկի է գալիս յուրաքանչյուրը։
Թշնամին Խաչի զորությանն անմասն է, և հեղինակը մի շարք չարիքների։ Իսկ մենք, որ մշտապես ապավինել ենք Խաչին, գիտենք հետևանքը չար գործերի։ Այդպիսով՝ չարագործ չդարձանք անգամ դարերի ընթացքում՝ անցնելով բազում փորձություններով։ Մենք կնասպան և մանկասպան չենք և չենք դառնա, ինչպես մեր թշնամին է, մենք հնուց ի վեր խաղաղասեր ենք, մեր հողում արարող։


 

Այսօր քանի զինվոր է ձեռքը պարզել դեպի Խաչը, և աղոթել հայրենիքի փրկության համար։ Քանի մայր է ծնկի եկել Խաչի առջև՝ աղոթելով իր զավակի փրկության, հայրենիքի սահմանների ապահովության համար։


 

Այսօր՝ Խաչի տոնին, հղենք մեր աղոթքներն առ Տերը, խնդրենք Աստծուց, որ յուրաքանչյուրին հեռու պահի փորձություններից ու լարված թակարդներից, և որ Ամենազոր Խաչը պահապան լինի հայրենիքի զավակներին, ովքեր ամեն գնով դարեր շարունակ պահպանում են Հայրենիքը և Խաչը։ 

 

Աստվածընկալ Սուրբ Խաչին աղոթք

Միջնո՛րդ փրկութեան մերոյ եւ գրա՛ւ տիեզեաց, ճառագայթաւէտ լո՛յս աշխարհաց եւ արեգա՛կ սիրոյ եւ ապաստա՛ն յուսոյ, նշա՛ն սուրբ եւ սոսկալի երախտեացն Աստուծոյ առ մեզ, սու՛ր աստուածամուխ՝ սպանող հակառակամարտին մերոյ եւ դրո՛շմ զգայարանաց մերոց եւ ամուր ապաստա՛ն ակնկալութեան մերոյ, աստուածային զօրութիւն քո, որ պահէ հաստատուն զհիմունս աշխարհի, պահեսցէ զհոգի եւ զմամին իմ ի ցասմանէ, ի ցանկութենէ եւ յատելութենէ եւ յամենայն փորձութեանց եւ գայթակղութեանց հոգւոյ եւ մարմնոյ իմոյ առ սոսկալի զօրութեան քոյ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

Մեր փրկության միջնո՛րդ, ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն, տիեզերքի ճառագայթավետ լո՛ւյս, սիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն, Աստծո` մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն, աստվածամուխ սո՛ւր` մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրո՛շմ, մեր հույսի ամուր ապաստա՛ն, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զրությամբ հավիտյանս հավիտենից. ամեն:

  • 2021-08-20
×