Սուրբ Աստվածածինը՝ որպես եկեղեցու մեծագույն բարեխոս

Սուրբ Աստվածածինը՝ որպես եկեղեցու մեծագույն բարեխոս

Սրբերի բարեխոսությունը հաղթական եկեղեցու աղոթքն է զինվորյալ եկեղեցու համար, քանի որ սրբերը իրենք «իրենց մէջ կը տաճարակրեն զԱստուած: Անոնք միջնորդներ են Աստուծոյ եւ մարդերու միջեւ, ոսկի շղթան երկիրը երկինքին կապող…պատկերը Աստուծոյ հոգիին եւ նկարագրին»: Հայ եկեղեցին ընդունում է աստվածաշնչյան համաքրիստոնեական սրբերի հետևյալ դասակարգումը. Մարիամ Աստվածածին, Հովհաննես Մկրտիչ, առաքյալներ, մարգարեներ, վկաներ, Ստեփանոս Նախավկա, ապա՝ Գրիգոր Լուսավորիչ, այնուհետ՝ սրբակենցաղ վանականներ ու խոստովանողներ: Ինչպես այս աստիճանակարգումն  է ցույց տալիս, քրիստոնեական եկեղեցու սրբերի մեջ մարդկության փրկության համար միջնորդող մեծագույն և առաջին բարեխոսը «աստուածահայեաց աչք» և «աստուածախօս լեզու»  սուրբ Կույսն է:

 

 

Մարեմաբանությունը, առհասարակ, աստվածաբանության կարևորագույն ճյուղերից է, որի գլխավոր առարկան Հիսուս Քրիստոսի Մոր վերաբերյալ աստվածային Հայտնությունն է, որը, աներկբայորեն, խոսում է Քրիստոսի մայր Աստվածածնի՝ փրկագործության մեջ ունեցած անուրանալի դերի մասին:

 

 

Աստվածամոր դերի վաղագույն հիշատակումը փրկագործության պատմության մեջ պատկանում է Իրենիոսին, որը իրավացիորեն կոչվում է «Աստվածամոր առաջին աստվածաբան»՝ խոսելով հրեշտակից Ճշմարտության ավետիս ստացած Մարիամի սրբության մասին. «քանզի ինչպես առաջինը (Եվան), գայթակղվելով հրեշտակի խոսքերից, հեռացավ Աստծուց՝ զանց առնելով Նրա խոսքը, այնպես էլ մյուսը (Սուրբ Կույսը) հրեշտակի խոսքի շնորհիվ ավետիս ստացավ, որպեսզի կրի Աստծուն՝ հնազանդվելով Նրա խոսքին»:

 

 

Ընդհանրական և Հայ Առաքելական եկեղեցու հայրերն ու մատենագիրները բազմաբնույթ ու բազմաժանր գրություններ են ձոնել Աստվածամորը՝ որպես միջոց փրկագործության՝ փառաբանելով նրա բյուր շնորհներն ու առաքինությունները: Սուրբ Կույսի դերի մասին խոսելով՝ սուրբ Իրինեոս Լիոնացին՝ «Աստվածածնի առաջին աստվածաբանը», նշում է, որ այդ դերը փրկչական է՝ այնքանով, որ Տիրամայրը մասնակցում է հավատացյալի ոգեկան ձևավորման գործընթացին: Քանի որ եթե Եվան իր անհնազանդության պատճառով եղավ անկման սկիզբը, ապա Մարիամն իր հնազանդությամբ ողջ մարդկության փրկության հիմքը եղավ: Այդպիսով սուրբ Աստվածածինը, որպես փրկագործական տնօրինության «պայման», դառնում է փրկագործության գործուն մասնակիցը: Առհասարակ, ընդհանրացնելով՝ կարող ենք ասել, որ «Սուրբ կոյսն է, ուրեմն, միջոց մարդեղութեամբ փրկագործական խորհուրդի իրականացման»:

 

 

Սուրբ Կույսը մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մարդեղության, փրկագործության և եկեղեցագործության առհավատչյան է, ով, որպես Աստծո ընտրյալ, համաձայն ավետարանական այն խոսքի, թե. «Բազում են կոչեցեալք՝ եւ սակաւք են ընտրեալք» (Մատթեոս Ի 16), խոնարհաբար իր վրա է ընդունում աստվածային մարգարեությունը, թե. «Ահա կոյսն յղասցի եւ ծնցի որդի եւ կոչեսցես զանուն նորա Էմմանուէլ» (Եսայի Է 14), և, այդպիսով, «Յիսուսի ծննդեան դրուագին մէջ Ս. Կոյս Մարիամ Աստուածածնի միջոցաւ» և Սուրբ Հոգու ներգործությամբ «անմուտ Արեգակը փայլեց և ջահավորեց ողջ տիեզերքը»: Կույսը, ընդունելով հրեշտակային ավետիսը, հանձն առավ Աստվածամայր լինելու երկրավոր ու երկնավոր առաքելությունը, «ուրեմն, վստահաբար, կրնանք ըսել թէ Ս. Կոյսը՝ որ կը կատարէր իր երկնաւոր Հօր կամքը, կը դառնար միակ արժանի Մայրը Քրիստոսի»:

 

 

Սուրբ Աստվածածնի մեծ բարեխոսությունը փրկագործության գործընթացում Տիրամոր դերը բացահայտող կարևորագույն ասպեկտ է: Այս առնչությամբ կարելի է հիշել սուրբ Բեռնարդի այն խոսքը, թե յուրաքանչյուր մարդու համար Աստվածածինը այնչափ օրհնություն է հայցում Աստծուց, որ որևէ մարդկային միտք անզոր է մինչև իսկ պատկերացնել այդ: Աստվածածնի պատկերագրական տարբերակներից են «Բարեխոս Աստվածածինը» պատկերագրական տիպը: Քրիստոնեական արվեստում այն ձևավորվել է 9-10-րդ դարերում: Հայկական արվեստում պատկերագրական այս տարբերակը տարածված է հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Բարեխոս Աստվածածնի պատկերագրական հիմնական և հակիրճ կառույցը հետևյալն է. Աստվածածինը թողություն հայցողի դիրքով կանգնած է Քրիստոսի առջև: Հայկական արվեստում առավել տարածված են գահակալ և Մանուկ Հիսուս գրկում բարեխոս Տիրամոր պատկերները: Այս տեսարանի պատկերագրությունը ունի հետևյալ կառուցվածքը. գահակալ Աստվածածնի դիմաց, ավելի հաճախ՝ կողքին, պատկերվում է նրա բարեխոսությունը հայցողը կամ մենակ, կամ ընտանիքի անդամների հետ, խնդրարկուի դիրքով պատկերվում են նաև հրեշտակները:

 

Պատրաստեց՝ Աննա ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2021-02-20
×