Սուրբ Կույս Մարիամի ծնունդն Աննայից

Սուրբ Կույս Մարիամի ծնունդն Աննայից

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի սեպտեմբերի 8-ին հաստատուն կերպով տոնում է Աստվածամոր ծնունդը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Այն անշարժ տոն է: Սուրբ Տիրամոր ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ:

 

 

 «Երբ ծնվեց հրաշագեղ մանուկը, նրան անվանեցին  Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ»: Աստվածամայրը ծնվեց Նազարեթ քաղաքում: Հրեշտակի ավետմամբ քահանաների ու թագավորների տոհմից ծնվեց նա, քանի որ նրանից ծնվածը պիտի լիներ Քահանա և Թագավոր: Ծնողներից Հովակիմը Դավթի թագավորական տոհմից էր, Աննան՝ քահանայական տոհմից: Երկար տարիներ նրանք ամուսնացած էին, սակայն  զուրկ էին երեխաներից, քանի որ Աննան ամուլ էր: Հովակիմն ու Աննան աղոթքով Տիրոջից զավակ էին խնդրում՝ հավատալով, որ Աստված կլսի նրանց աղերսը:

 

 

Մի օր, երբ Իսրայելի որդիները, նրանց հետ նաև Հովակիմը, ընծաներ էին մատուցում Աստծուն, Ռուփիմ քահանան արգելեց Հովակիմին զոհ մատուցել, քանի որ նա զավակ չուներ: Այնժամ շատ տխրեց Հովակիմը և տրտում հեռացավ Տիրոջ տաճարից, բայց չգնաց իր տուն՝ Աննայի մոտ, այլ գնաց լեռներ՝ հովիվների մոտ, ուր անդադրում, արցունքոտ լի աչքերով աղերսում էր Աստծուն ազատել իրեն անզավակության այդ անպատվելի վիճակից: Իսկ Աննան՝ նրա բարեպաշտ կողակիցը, իմանալով ամուսնու տանից հեռանալը, սկսեց լալագին արտասվել, բայց և անտրտունջ Տիրոջ բարեգթությունը խնդրել. «Տեր, հիշի՛ր իմ տառապանքները և օրհնի՛ր ինձ, ինչպես օրհնեցիր Աբրահամին՝ Սառայի միջոցով, տալով նրա Իսահակ որդուն»:

 

 

Այնժամ երևաց Տիրոջ հրեշտակը  և ասաց. «Աննա՛, Աննա՛, լսեց Աստված քո աղոթքները: Եվ ահա կհղիանաս դու և կծնես աղջիկ, որի անունը հայտնի կլինի ամբողջ երկրում»: Եվ ասաց Աննան. «Կենդանի է Տեր Աստվածն իմ: Ու եթե ծնեմ մանուկ, արու կամ էգ, կընծայեմ նրան Աստծուն, և Նրան սպասավոր կլինի իր կյանքի բոլոր օրերին»:

 

 

Տիրոջ նույն հրեշտակը հայտնվեց Հովակիմին և ասաց. «Հովակի՛մ, Հովակի՛մ, լսեց Աստված քո աղոթքները: Գնա քո տուն, և կհղիանա Աննան` կինը քո»:

 

 

Հովակիմն արդարացած վերադարձավ իր տունը: Հղիացավ Աննան և ավետիս մատուցեց Իսրայելի որդիներին: Աստվածամոր ծնունդը Հովակիմի և Աննայի աղոթքների պատասխանն էր:

 

 

Երբ լրացան օրերը, Նազարեթ փոքրիկ քաղաքում ծնվեց  Սրբուհի Մարիամը: Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանում: Իրենց ուխտին հավատարիմ՝ Հովակիմն ու Աննան, Մարիամին երեք տարի պահելուց հետո, տարան Երուսաղեմի տաճար՝ Տիրոջն ընծայելու: Ամեն տարի ծնողները Մարիամին տանում էին տաճար, մինչև լրացավ նրա յոթ տարին: Մարիամն իր առաքինի վարքով մնաց տաճարում յոթ տարի և ամեն օր հոգով կրթվում էր պարկեշտության մեջ: Յոթ տարի սրբությամբ և աղոթքով Երուսաղեմի տաճարում մնալուց հետո Մարիամը դարձավ Հովսեփի նշանածը և այդ օրերին ստացավ Գաբրիել հրեշտակապետի ավետիսը:

 

 

Աստվածամայրը տիեզերական եկեղեցու մեծագույն սրբուհին է, և նրան միշտ ունենք բարեխոս առ Միածին Որդին: «Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից: Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն» (Առակներ 31.29-30):

 

Պատրաստեց` Հասմիկ ԹԱՄԱՄՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2021-08-20
×