«Որդի Աստծու, որ քո սիրով խոնարհվեցիր և իջար երկիր, մարմին առար և մարդացար Դավթի դուստրից, ծնունդ անհայտ, որ քեզնով են լցվել բարձունքներն ու խորքերը, լցրո՛ւ ինձ քո արարչագործության ուսուցմամբ: Միածին Որդի, որ ոչնչից ստեղծեցիր Ադամին, հաստատիր այս ճառն իմ տկար մտքում, որպեսզի երգեմ քեզ: Որդի, որ տնկեցիր մեռյալ մարմնիս մեջ տասը զգայարանները, տնկի՛ր նաև իմ խորհուրդներում և տա՛ր նրանց քո Հոր երկիրը: Քրիստո՛ս, որ կենդանության շունչ տվեցիր Ադամին, երբ ստեղծեցիր նրան, հասցրո՛ւ ինձ ներգործող կամքիդ՝ լեցուն զարմանքով: Որ սրբեցիր պիղծ մարդուն, որ քեզ մոտեցավ, սրբի՛ր և մաքրի՛ր հոգիս, որ քեզ է հուսացել: Քրիստոս լույս, որ լուսավորեցիր խավարած աչքերս, ծագի՛ր քո լույսը իմ մթության վրա և լուսավորի՛ր ինձ: Տեր բոլոր մարդկանց, որ քո սիրով հաճեցիր մարդ լինել և իջնելով բնակվեցիր սրբուհի մոր՝ լուսե դստեր մեջ, բնակվի՛ր իմ հոգում քո աստվածային սիրով: Որ ինն ամիս բնակվեցիր Նազարեթում և ծնվեցիր, ծնի՛ր իմ մտքում փառավոր պտուղներ քո ծնողի մասին: Որ տիրաբար գգվեցիր մորդ կողմից, ում ընտրեցիր, աղբյուրացրու իմ լեզուն հեզությամբ ճառել նրա մասին: Որդի, որ այցելեցիր մեզ նրա ծոցի միջոցով ըստ քո ողորմության, շնորհի՛ր ինձ խոսել նրա ննջման մասին, որ լի է սրբությամբ:
Ընտրյալ կույսը, որ բարձրացրեց քեզ իր թևերով և նրա անարատ կաթով կերակրվեցիր մեծ սքանչելիքով, բազում վշտեր և ցավեր կրեց քեզ համար և մեծ սուգ՝ չարչարանքներիդ ու խաչելությանդ ժամանակ: Սրբուհին մեծապես վշտացավ այն ժամանակ, երբ տեսավ քեզ, Տե՛ր, անօրենների կողմից ապտակվելիս: Որքա՛ն հառաչանքներ և արտասուքներ հեղվեցին նրա աչքերից, երբ փաթաթեցին քեզ և գերեզման դրին: Որքա՛ն նեղության և տրտմության ենթարկվեց նա քո թաղման ժամանակ, երբ պահապանները թույլ չտվեցին նրան քո գերեզմանին այցելել: Որքա՛ն լաց, ողբ և տագնապներ պատեցին նրան, երբ տեսավ քո փակ գերեզմանը: Սրի պես խոցում էին վշտերը նրան, երբ տեսնում էր, որ զինվորները քո մարմինը հսկում էին:
Եվ այս մոր վրա, որ այս ամենը կրեց քեզ համար, հասավ վախճանի օրը՝ գնալու երանելի աշխարհ: Եկավ նրա ժամը՝ գնալու բոլոր դարերի ճանապարհով, որով գնացին դեպի վախճան, ըստ Արարչիդ օրենքի: Առաջին դարում այնտեղ գնաց Ադամը՝ բոլորի նախահայրը, և գեղեցիկ Սեթը և նրա արդար որդիների դասերը: Այնտեղ գնացին մաքուրների և անբիծների դասերը, արդար Նոյը, Սեմը, Հաբեթը և Քամը, որոնք վերստին կառուցեցին երկիրը: Նրանց հետևից գնացին բարի մշակներ Աբրահամը, Իսահակը և Մելքիսեդեկը՝ աստվածային և մեծ քահանան: Այնտեղ գնաց Հակոբը՝ ուղիղը, արդարն ու անբիծը, և նրա հետևից տասներկու հայրերը՝ նրա ճշմարիտ որդիները: Այնտեղ գնաց նաև Հովսեփը, պայծառացյալ սուրբը և պատկառելին, և նրա հետ միասին հեզ Մովսեսը և նրա մտերիմ քույրը: Եվ նրա հետ Հեսուն՝ զարմանալի այրը, նաև Ահարոն քահանան և Ղևիի որդիների ամբողջ դասը: Դավիթ արքան, որ Սուրբ Հոգու քնար եղավ, և Եզեկիան ու Ովսիա արդար թագավորը: Ցանկալի այր Դանիելը՝ գերության որդին, և նրա հետ միասին երիտասարդ, անբիծ Անանիայի մանուկները: Հեփթաղիա ճշմարիտը և Գեդեոնը, որոնք փրկեցին Տիրոջ ժողովրդին: Եվ ընտրյալ Սամսոնը, որ ուխտավոր եղավ մոր որովայնից: Տասներկու մարգարեները, որոնք անցան և գնացին առաջինների հետ, Եղիան և Եղիսեն, որ հարություն տվեցին մեռելին: Սամվուել սուրբը և Երեմիա կոչվածը, և Եզեկիելը՝ մարգարեության հայտնությամբ սքանչելին: Անցավ նաև Եսային, որ մարգարեության մեծագույն քարն էր, և վախճանի ճամփան բռնեցին մարգարեների բոլոր գնդերը: Անցան առաջինները և միջինները, բարիներն ու ուղիղները, և եկավ վերջին դարը, որ մոռացան Տիրոջը, և իջավ Թագավորը, որպեսզի ետ դարձնի նրանց կռապաշտության մոլորությունից, և գալով բնակվեց գեղեցիկ սրբուհու ապարանքում:
Սա է Կույսը, որի մասին պատմվում է մեր մեջ, որի սուրբ ծոցը վերցրեց և մնաց ինը ամիս, և եկավ ժամանակը ըստ կարգի ծնվելու: Կամեցավ և ծնվեց, և մկրտվեց Հորդանանում: Սատանայի կողմից փորձության ենթարկվեց, և տրորեց ու հաղթեց նրան, հրաշագործություններ կատարեց, բժշկեց հիվանդներին և մաքրեց բորոտներին: Մանուկներն ու երեխաները փառաբանեցին նրան օվսաննաներով: Կատարվեց տնօրինությունը մեր փրկության համար, ընտրեց իր տասներկու գունդը՝ լուսո որդիներին, և նրանցից բուսնեց նենգավոր և տիրավաճառ Հուդան: Նենգեց, մատնեց և կորստյան մատնեց իրեն, խոտորվեց ու առաքելական աստիճանից ընկնելով՝ կործանվեց: Մեր Տերը կամավորապես հասավ իր մահվանը, մեռավ և ապրեցրեց մեզ, հարություն առավ և փրկեց մեզ և իրենը դարձրեց: Հասավ Քրիստոս թագավորի՝ Աստծու Որդու մոր մահ ճաշակելու ժամը:
Տերը հրամայեց վերափոխող զորություններին, հրեղեն դասերին, քերովբեների կառքերին, և իջնելով զորությունները գունդ-գունդ, զանազան կերպով բարձր ձայնով փառաբանություն՝ ալելուիա էին երգում: Հավաքվելով պատրաստվեցին բոլոր հավիտենական արդարները, նախահայրերը, անբիծ ու սուրբ հայրերը, մեծ մարգարեների դասը՝ երգելով Աստվածամոր սուրբ, մաքուր և անարատ մարմնի առջև: Քահանաները, արդարները, երեցներն ու ղևտացիները եկան պատվելու գեղեցկազարդ սրբուհուն: Կանգնած էր տասներկու ընտրյալ առաքյալների գունդը և ծածկում էին իրենց Տիրոջ մոր սուրբ մարմինը: Մոտեցավ Հովհաննեսը որպես ճշմարտության տնտես և ծածկում էր բերկրյալի մաքրափայլ մարմինը: Երկու պայծառ առաքյալները՝ ընտրյալներն ու երևելիները, հավատարիմ եղան պատվելու տաճարացած մարմինը:
Որդու մարմինը ծածկեց արդար Նիկոդեմոսը, իսկ մոր՝ պայծառ կույսի մարմինը՝ Որոտման որդին: Լեռան գլխին հավաքվեցին հովվապետերը՝ իրենց հոտերով, քահանայապետերն ու պաշտոնյաները՝ իրենց բուրվառներով, հողմերի վրայով բարձրանալով ամպերի մեծ լուսեղեն գագաթներին, բարձունքներում և խորքերում փառաբանություն էին երգում իրենց քնարներով: Փայլեց աստվածային ճառագայթն այնտեղ, որտեղ իջել էին հրեշտակները, իսկ մարդիկ պատել էին Քրիստոսի փառավոր մորը: Եվ ինչպես որ իջավ Տերը և պատեց իր ծառա Մովսեսին, այդպես էլ նրանց հետ նաև ինքն էր պատում իր մոր մարմինը: Լեռան գագաթին՝ լուսափայլ ամպերով ծածկվեց մեծ մարգարե Մովսեսը հրեշտակներից և Աստծուց, և ինքն էլ՝ սրբուհին և փառավորյալը, լեռան գլխին ծածկվեց հրեշտակների, առաքյալների և Աստծու կողմից: Եկավ ամաչկոտ Հովհաննես մանուկը և կույսը, և ծածկեց Կույսին ու մորը, որ Փրկչից էր պատվեր ստացել: Նայեց Տիրոջը մաքուրը, փառավորը, գեղեցկադեմը, ճշմարտության առաքյալը և ամեն տեսակ սրբություններով լեցունը: Սա ինքն է՝ Որոտման աշակերտը, ում սիրեց Աստծու Որդին և նրան հանձնեց իր մորը և կույսին, որպեսզի որդի լինի նրա համար: Փառավորը սպասավորեց մորը, որ հրամանով էր ստացել և նրա կողքը մնաց ու հոգատարությամբ պատվեց նրան: Մեծագույն պարգև էր, որ հավատարիմը ստացավ Ճշմարտից, և զգուշությամբ պաշտում էր նրան, ինչպես պատվիրվել էր: Զվարթ էր կույսը, որ սպասավորում էր Սուրբ Կույսին և առաքինությամբ ծառայում ու սրբությամբ տեսնում էր նրան որպես մայր և սրբուհի, և որպես մեծ Թագավորի փառավոր աթոռ, պատվում էր նրան: Կատարեց և գործեց, պահեց այնպես, ինչպես հրամայվել էր իրեն և այս կյանքում ամեն ջանք գործադրեց նրա համար: Եվ երբ հասավ այս աշխարհից ելնելու ժամանակը, պատեց, թաղեց և ծածկեց աստվածընկալ մարմինը: Ժայռի մեջ՝ Հովսեփի նոր գերեզմանում դրեցին կենդանի և բոլորին կենդանություն շնորհող Որդու մարմինը, իսկ կենարար Որդու սրբուհի մոր մարմինը լեռան քարանձավում դրեցին: Գալով հավաքվեցին առաքյալների բոլոր գնդերը, և նրանց ճշմարիտ Տերը նրանց հետ միասին պատում էր նրան: Լուսեղենների դասերը, գնդերն ու բանակը, զվարթունների ամբոխը և ժողովը բոցեղենների, սրբազան սերովբեները՝ հոգեղեն հրաձև թևերով, հրեշտակները՝ երկնավոր զորքերով հանդերձ, զարհուրելի քերովբեները, որոնք լծել են կառքերը, ուղարկեց Տերն իր մորն ընդառաջ՝ ընդունելու նրան:»
Պատրաստեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ