«Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո» (Ղուկ. 1: 42-43)

«Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո» (Ղուկ. 1: 42-43)

Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է


 

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Աստվածամայրը կյանքի աղբյուր և կյանքի օրինակ է յուրաքանչյուրիս համար: Լինելով ընտրյալ և Որդու ծննդյան ավետիսը լսելով՝ Աստվածամայրը հավատարիմ և խոնարհ մնաց Աստծուն՝ ասելով. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. 1:38):


 

Մայրությունը Տիրամայրը տարավ լուռ հավատարմությամբ՝ մշտապես լինելով Փրկչի կողքին: Նա Քրիստոսի հետ էր անգամ խաչի մոտ:
Մեր իրականության մեջ Աստվածամայրը կատարյալ կնոջ օրինակ է յուրաքանչյուրիս համար: Մայր լինելը բարձր կոչում է, որի կրողը պետք է արժանի լինի դրան՝ խոնարհաբար և հավատարմորեն գիտակցելով, որ ինքն է Տիրոջից արժանացել այդ պարգևին և կոչմանը:  


 

Ընտանիքում ամուր հարաբերությունները սկսվում են մոր, կնոջ հոգատարությունից: մայրերին տրված է խոնարհ և առաքինի լինելու պատգամը, սակայն դա ամենևին աղերսներ չունի խեղճության հետ: Ուստի՝ քրիստոնյա հայ մայրը, որքան էլ որ խոնարհ կնոջ կերպար է, նույնքան էլ ուժեղ, խելացի և, ինչու ոչ, քաջ է, քանի որ նրան է վերապահված երեխաների խնամքը, դաստիարակությունը, ընտանեկան հարաբերություններում խաղաղություն հաստատելը:



Արժանանալով Քրիստոսին լույս աշխարհ բերելու բերկրանքին՝ Տիրամայրը շարունակ իրեն համարում էր ծառան և աղախինը Աստծո: Նա երբեք չէր հպարտանում, և խոնարհությամբ շարունակում Քրիստոսի կողքին լինել անգամ Որդու՝ մարդկության մեղքերի համար զոհ դառնալու պահին: Որքան էլ մոր համար ցավալի էր զավակի կորուստը, Տիրամայրը գիտակցում էր Քրիստոսի առաքելությունը և խոնարհությամբ էր տանում Տիրոջ որոշումները:
Եվ քանի որ Սուրբ Աստվածամայրը մեզ համար նաև բարեխոս է, այսօր խնդրենք Աստվածամոր բարեխոսությունը մեզ, մեր ընտանիքների, մեր զավակների, մեր Հայրենիքի և մեր Եկեղեցու համար: Խնդրենք ոչ թե փաստելով Աստծո գոյության մասին, այլ ողջ սրտով հավատալով Նրան, հավատալով Տիրամոր բարեխոսության կատարմանը: 

  • 2021-08-20
×