Հայոց Զաքարիա կաթողիկոսի և Մովսես Քերթողի խոսքը Աստվածամոր վերափոխման և նրա պատկերի մասին

Հայոց Զաքարիա կաթողիկոսի և Մովսես Քերթողի խոսքը Աստվածամոր վերափոխման և նրա պատկերի մասին

(հատվածաբար)

 

 

«Տիրամայրը իր հրեշտակատեսիլ ու անկողոպտելի կուսությամբ, հրաշափառ ու գեղեցիկ դեմքով հայտնապես ճանաչվում էր տեսնողների կողմից։ Նա անթառամ ու վարդագույն երես ուներ՝ վայելուչ դիմագծերով, որը, կարծես, գարնանային հովիտ լիներ՝ զանազան ու համասփյուռ ծաղիկներով զարդարված, և բարետեսիլ ու մեծ աչքեր, խարտիշահեր, միջահասակ, բազուկներն ու մատները երկարավուն, և ինքն էլ՝ լի աստվածային շնորհներով...

 

 

Տերը հարությունից հետո երևաց Իր աշակերտներին… Քառասուն օր շրջեց աշխարհում, ապա Իր աշակերտներով հանդերձ ելավ Երուսաղեմի Ձիթենյաց լեռը: Իսկ կանանցից ամենաերջանիկը, Նրա առջև կանգնելով, թախանձող ու մորմոքող սրտով ասաց Նրան.

 

 

-Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, Արարի՛չ իմ և Որդի, ի՞նչ ես հրամայում ինձ հայրենի քո փառքին վերադառնալուց առաջ, առանց այցելությա՞ն ես ինձ թողնում այս կյանքում, քանի որ հեթանոսների մեջ ինձ հանգիստ չկա, իսկ հրեաների ապիրատությունը գիտես, Տե՛ր: Արդ, ո՞ւմ ապավինեմ:

 

 

Եվ Տերն ասում է Իր մորը և Կույսին.

 

 

-Խաղաղությո՛ւն քեզ, քաղցր մա՛յր իմ, մի՛ տրտմիր, քանի որ Ես Հորս մոտ եմ բարձրանում և քեզ չեմ թողնի, տիեզերքի արեգա՛կ, մարգարի՛տ իմ, չեմ թողնի քեզ, անթառամ ծաղի՛կ, չեմ թողնի անարատ և աննենգ բնությունդ, ամբողջ աշխարհում ամենահավատարիմիդ, բոլոր արարածների գանձիդ, առագա՜ստ իմ անճառելի մարդեղության և բանավոր խորա՛ն Իմ անհաս տնօրինության, չեմ անտեսելու քեզ արհամարհելով, այլ ինչպես որ քեզ հանձնեցի Իմ հավատարիմ ու սիրելի աշակերտին, մի փոքր ժամանակ Իմ ընտրյալ աշակերտների հետ եմ թողնում, որպեսզի քեզ տեսնելով սփոփվեն… Իսկ երբ հասնի ժամանակդ ելնելու այս մարմնից, ո՛չ հրեշտակ և ո՛չ հրեշտակապետ կառաքեմ քեզ մոտ, այլ Ես Ինքս կգամ և պատվով ու հրաշալի փառքով կընդունեմ հոգիդ, որ պայծառ է, քան արեգակը...

 

 

 

Աստվածամոր վերափոխման լուրը, ննջումն ու  պատկերի օրհնումը

 

 

Մի օր էլ Սուրբ Կույսը հրեշտակից առնում է վերափոխման լուրը՝ «Փոխվելու ես ողջերի երկիրը»:  Նա իր մոտ է կանչում իր խորհրդակից Հովհաննեսին ու այն սուրբ կույսերին և ասում նրանց. «Աստծու Խոսքի ծառանե՜ր, լսե՜ք Տիրոջ աղախնին, քանզի ողորմելով ողորմեց ինձ իմ Տերը և հույժ գթաց: Հասել է ժամանակս աշխարհից փոխվելու Նրա մոտ, Ում անձկում եմ, Ով նախկինում անմայր էր, սակայն Իր գթությամբ ինձ Իրեն մայր դարձրեց՝  առանց հոր: Արդ դո՛ւք, դուստրե՛ր վերին Երուսաղեմի, լուսո՛ որդիներ քաջալերվե՛ք ձեր հույսը եղող Քրիստոսով, զգաստացե՜ք ձեր կյանքում սատանայի պատրանքներից, որ ամեն օր մարտնչում է Աստծու ծառաների դեմ, մի՛ թուլացեք ձեր ամենօրյա աղոթքներում և Աստծու շնորհներով պահպանված կլինեք:

 

 

Սուրբ Կույսը նոր զգեստներ հագավ, իսկ հները տվեց իր մոտ եղող կույսերին և ապա ընկղմվեց սուրբ անկողնու մեջ... Եվ Սրբուհին,  հեզաբար շարժելով շրթունքները, Տիրոջն էր աղոթում ամբողջ աշխարհի փրկության համար, և առավոտյան կողմ շրթունքները շարժելով էլ՝ ննջեց Տիրոջ մայրը: Երբ ավանդեց հոգին կենդանի Աստծու ձեռքերի մեջ, փառքերի Տերն աներևույթ եղավ: Սրբուհու հոգին ելավ ու խառնվեց լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չայլակերպվեց դիակի նման, այլ անուշահոտ խնկի պես բուրում էր Սուրբ Հոգու շնորհը:

 

 

Երբ Տիրամայրը սուրբ փառքով ննջեց, հավաքվեցին հավատացյալ կանայք ու սուրբ կույսերը, ովքեր նրա մոտ էին, և օրենքի համաձայն հարդարեցին ու պատանեցին մարմինը, որպեսզի տանեն Տիրոջ կողմից վաղօրոք նշված վայրը, որի անունն էր Գեթսեմանի:

 

 

Երանելի սուրբ առաքյալները վերցրին Սուրբ նշխարները և ջահերով ու մոմերով, սաղմոսներով ու օրհնությամբ առաջնորդվեցին դեպի Գեթսեմանի: Եվ հրեշտակների բանակներն էլ իջնելով՝ դասակցեցին նրանց: Քաղաքը լցվեց նրանց հոգևոր օրհնությունների հնչյուններով: Լսվում էր նաև հրեշտակների երգերը... Առաքյալներն օրհնյալ մարմինը դրին գերեզմանում ու ծածկեցին ինչպես հարկն է և պահպանեցին երեք օր, ինչպես Տերն էր պատվիրել, և այդ օրերին լսվում էր հրեշտակների երգը՝ քաղցրաձայն բարբառով: Երեք օր հետո դադարեց հրեշտակների օրհնաբանությունը: Առաքյալները հետո իմացան, որ հրեշտակների օրհնությունների լռելու հետ՝ վերափոխվել ու հրաբուն զորքերի միջոցով գնացել է կենդանիների երկիրը, դեպի տենչալի կենաց ծառը՝ տեսակ-տեսակ հրաշափառ տունկերով ու գեղեցկապաճույճ պտուղներով լի դրախտը: Այսպիսի փառքով փառավորվեց Աստվածածին Կույսը իր փառավորյալ Որդուց՝ Աստծուց: Այսօր վերափոխվեց միշտ կենդանի Տիրամայրը, քանզի ճաշակեց անմահության բաժակը և միշտ բարեխոսում է մեզ համար:

 

 

Երբ Աստվածամայրը հրավիրվեց փոխվելու իր Միածին Որդու մոտ, Հովհաննես Ավետարանիչը կիպարիսի փայտ վերցրեց և դրա վրա կերպաձևեց Տիրամոր պատկերը… Ապա պատկերը վերցրին Աստվածածնի ձեռքից, բոլորը երկրպագեցին Տիրամորը և նրանից կենդանարար օրհնություն խնդրեցին»: Պատկերի բժշկարար զորությունը տարածվեց ողջ Հրեաստանում: «Սակայն Բարդուղիմեոսը հույժ վշտացած էր, որ չհասցրեց տեսնել Տիրամորը, և չընդունեց վերջին օրհնությունը: Առաքյալները այս տեսնելով կամեցան մխիթարել իրենց եղբորը և նրան տվին Տիրամոր պատկերը, որը վերցնելով՝ Բարդուղիմեոսն ուրախացավ: Ապա Սուրբ Հոգու հրամանով մեծ փութով Բարդուղիմեոս առաքյալը եկավ Հայոց երկիրը, որտեղ մեծամեծ հրաշքներ կատարվեցին սուրբ պատկերի միջոցով: Հետագայում Տիգրիս գետի շրջակայքում առաքյալը դրեց Տիրուհու տաճարի հիմքը, կառուցեց մի փոքր եկեղեցի՝ այն անվանելով Սուրբ Աստվածածին, նրա մեջ էլ դնելով Տիրուհու Սուրբ պատկերը...

 

 

Պատրաստեց Աննա ՊՈՂՈՍՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2021-02-02
×