Սուրբ Եղիսե մարգարեի հիշատակության օրն է
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հոգեգալստյան 5-րդ կիրակիին հաջորդող հիգշաբթի օրը՝ այս տարի հուլիսի 9-ին, նշում է Սուրբ Եղիսե մարգարեի հիշատակը։ Եղիսե նշանակում է «Աստված փրկություն է»։Նրա անունն արտացոլում է մարգարեի կյանքը և սխրանքը։
Եղել է Եղիա մարգարեի աշակերտը և ապրել՝ նրանով ոգեշնչված։ Եղիա մարգարեն Տիրոջ հրամանով ընտրել էր Եղիսեին՝ իբրև իր հաջորդի, ով էլ իր հերթին Եղիային չլքեց մինչև նրա երկրային կյանքի վերջը՝ կառքով երկինք բարձրանալը։
Թեև նա եղել է Եղիա մարգարեի աշակերտը, սակայն մեծ է տարբերությունը՝ երկուսի կյանքի և ճանապարհի։ Եղիան ընտրել էր մենակյացության ուղին, մինչդեռ Եղիսեն ապրել է մարդաշատ վայրերում։ Եղիայի կյանքը լի է եղել փորձություններով, մինչդեռ նրա աշակերտը՝ Եղիսեն, մի շարք հաջողությունների է հասել և կարիք չի ունեցել Աստծուց մահ աղերսելու, ինչպես Եղիան։
Եղիսե մարգարեն, ինչպես Հին Կտակարանի Թագավորաց Գ և Դ գրքերում է պատմվում, բազմաթիվ հրաշքներ է գործել։ Նա կատարել է մեծ թվով հրաշքներ՝ մաքրել ջրերը, բուժել բորոտին, աղքատ այրուն քաղցից փրկել՝ նրա ունեցած յուղն անպակաս դարձնելով, հարություն տվել սոմնացի հարուստ կնոջ միակ որդուն։ Թագավորաց Դ գրքի չորրորդ գլխում պատմվում է հետևյալը․ «Բեթսարիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար մատղաշ արմտիքից պատրաստված նկանակներ, գարեհաց ու չոր թուզ բերեց տոպրակով: Եղիսեն ասաց. «Տվե՛ք ժողովրդին, թող ուտեն»: Նրա սպասավորն ասաց. «Ի՞նչ ես տալիս, որ հարյուր մարդու առջև դնեմ»: Նա ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն, քանզի այսպես է ասում Տերը. «Պիտի ուտեն, և պիտի ավելանա»»: Ծառան դրեց նրանց առջև, նրանք կերան, և, Տիրոջ ասածի նման, մի բան էլ դեռ ավելացավ» (Դ Թագ․ 4։42-44)։
Եղիսեն Հին Կտակարանի այն մարգարեներից է, ով գործել է ամենամեծ թվով հրաշքները՝ հաջորդելով Մովսես մարգարեին՝ շարունակելով հրաշագործել անգամ մահվանից հետո։ Նրա մահվանից մեկ տարի անց գերեզմանի մեջ գցել են մի մեռյալի, ով, դիպչելով Եղիսեի ոսկորներին, հարություն է առել:
Մարգարեներն այն անձինք են, որոնց միջոցով Աստված խոսում էր ժողովրդի հետ և հայտնում Իր կամքը: Եղիսե մարգարեն հավատարիմ մնաց իր կոչմանը և առաքելությանը՝ ոչ միայն Տիրոջ խոսքը և կամքը հաղորդելով մարդկանց, այլ նաև բարին գործելով ամենքի համար՝ փառավորելով Տիրոջը: