Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնն է
Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնն, ըստ ավանդության, սահմանվել է հետևյալ առիթով։ Երկու ազնվական ծագում ունեցող հույն եղբայրներ, Երուսաղեմ ուխտի գնալով, լսում են, որ մի հրեա կնոջ տանը, որտեղ և ամբոխ էր հավաքված, հրաշքներ են կատարվում, բժշկվում հիվանդներ: Հետաքրքրվելով և ներս մտնելով՝ նրանք տեսնում են մի տուփ, որի ներսում Տիրամոր գլխանոցն էր։ Տուփը փոխարինելով դրա կրկնօրինակով՝ երիտասարդներն իրական տուփը բերում են Պոլիս և հանձնում պատրիարքին, իսկ վերջինս տուփը մեծ թափորով ու պատվով զետեղում է Սուրբ Աստվածածին եկեղեցում և հաստատում Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը:
Տիրամոր վերափոխումից հետո նրանից մնացած մասունքները վկայությունն են այն բանի, որ Տիրամայրը չի լքել մեզ, այլ մշտապես մեր կողքին է, մեզ հետ՝ իր բարեխոսությամբ, մայրական սիրով ու հոգածությամբ։ Թեև Ավետարանական վկայությունները Տիրամոր կյանքի մասին շատ չեն, սակայն նա իր օրինակով մեզ սովորեցնում է լինել ճշմարիտ հավատացյալ։ Սովորեցնում է, որ հավատալ, չի նշանակում միայն փաստել, թե Աստված գոյություն ունի, այլ ինչպես նա էր անում, ողջ ուրախությունը տեսնել Քրիստոսի ներկայության մեջ և բացահայտել փրկության խորհուրդը՝ հավատքով ու սիրով։ Տիրամայրը երբեք չլքեց Քրիստոսին, այլ մշտապես հավատարիմ և նրա կողքին էր՝ ցույց տալով իր խոնարհությունը և հավատարմությունը Աստծուն։
«Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա: Եվ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և նրա անունը սուրբ է» (Ղուկաս 1։46-49),- ասում է Տիրամայրը Սուրբ Հովհաննես Մկրտչի մայր Եղիսաբեթին: Ահա մենք էլ՝ որպես ճշմարիտ քրիստոնյաներ, այսօր երանի ենք տալիս նրան։ Երանի ենք տալիս նրա հավատարմության ու հնազանդության համար։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը նշում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը: Այս տարի այն նշվում է հուլիսի հինգին։