«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը, հողի մեջ ընկնելով, չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ. 12։24-25):
Այսoր 301 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է։ Հենց այդ իրադարձությունն էլ սկիզբ է դրել հայոց մեծ դարձի։ Հայոց Տրդատ թագավորն, ըստ ավանդության, հրամայել էր չարչարանքներով սպանել Հայաստան եկած քրիստոսասեր կույսերին՝ այդ թվում Հռիփսիմեին և Գայանե մայրապետին։
Այդ հրամանից հետո, Աստծո կամոք, նա ենթարկվեց սարսափելի պատժի՝ կորցրեց մարդկային կերպարանքն ու նմանվեց վայրի խոզի։ Այդ շրջանում թագավորի քրոջը երևաց մի լուսեղեն տեսիլք և ասաց նրան. «Ձեզ հասած հարվածներից չեք բժշկվի, եթե Արտաշատի Խոր Վիրապից չհանեք այնտեղ նետված Գրիգորին: Նա կգա և կուսուցանի ձեզ` ինչպես բժշկվել ցավերից»:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչն աքյդ ժամանակ արդեն 13 տարի է՝ փակված էր Խոր Վիրապում՝ Տրդատի հրամանով։ Եվ այսպես եղավ, որ թագավորի քրոջ հորդորով, 13-ամյա բանտարկությունից հետո ազատ արձակվեց հայոց մեծագույն սուրբը: Արքան ապաքինվեց՝ Սուրբ Գրիգորի աղոթքներով։ Եվ նա, որ մինչ այդ կռապաշտ էր, այժմ քրիստոնեության հետևորդը դարձավ, քրիստոնեությունը հռչակեց հայոց պետական կրոն:
Վաթսունվեց օր Սուրբ Գրիգորը քարոզեց Քրիստոսի վարդապետությունը: Թագավորն ու մեծամեծները նույնպես մեծ ուշադրությամբ լսեցին ավետաբեր խոսքը, որից հետո պահք պահեցին: Սուրբ Գրիգորի միակ ցանկությունն էր խավարի մեջ բնակվող իր ժողովրդին լուսավորել Աստծո ճշմարիտ լույսով, և նրանց մղել հոգևոր վերածնունդի: Եվ հենց հայ ժողովրդին հեթանոսական խավարից քրիստոնեության լույսին դարձնելու համար էլ Սուրբ Գրիգորն անվանվեց Լուսավորիչ։
Քարոզչության վերջին օրը նրան հայտնվեց Միածին Փրկիչը` լույսերի մեջ երկնքից իջնելով․ աստվածային հրաշալի տեսիլքով Լուսավորչին ցույց տրվեց Մայր տաճարի հիմնադրման վայրը: Այդ է պատճառը, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից ելնելու տոնի հաջորդ օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:
Պարզ է, որ մութ վիրապում 13 տարի անցկացրած Լուսավորիչը բնավ խավարից չէր վերադարձել, այլ եկել էր քրիստոնեական լույսից՝ դեպի շոշափելի լույսը։ Մութ վիրապից դուրս գալով էլ նա պետք է դառնար Լույսը քարոզող և տարածող։ Աստված մշտապես ներկա էր Լուսավորչի գործերում, մշտապես ուղեկցում էր նրան և պահպանում անգամ մութ վիրապում, որպեսզի հետագայում լույս դարձնի։ Եվ նրա բերած Լույսը մինչ այսօր չի խամրել, որքան էլ որ ենթարկվել է բազում փորձությունների։ Նա հենց այն ցորենի հատիկն էր, որ ընկավ հողի մեջ և պտուղներ տվեց։
Լուսավորիչը ցույց տվեց ամենքին իրական, լուսավոր ուղին՝ ևս մեկ անգամ ապացուցելով այս խորհուրդը․ «․․․Դուք բոլորդ լուսո որդիներ եք և ցերեկվա որդիներ: Գիշերինը չենք, խավարինը չենք: Ուրեմն չքնենք մնանք, ինչպես՝ ուրիշները, այլ արթուն և զգաստ լինենք. Որովհետև, ովքեր ննջում են, գիշերն են ննջում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում. իսկ մենք, որ ցերեկվա որդիներ ենք, արթո՛ւն լինենք և սիրո ու հավատի զրահները հագնենք և փրկության հույսի սաղավարտը դնենք». (Ա Թես.5։5-8)։