Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է

Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է

Սուրբ Հարության տոնին հաջորդող  շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման օրը։ Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն է: Նրա անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սուրբ Աստվածամոր անունից հետո: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հովհաննես Մկրտչին դասում է ամենահայտնի սրբերի շարքում և 4 տոն ունի սահմանած՝ Մկրտչի հիշատակին՝ Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան, Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակությունը, Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի, Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի:

 

 

Սուրբ Հովհաննես Մկրտիչը ավետել է Քրիստոսի գալուստը, ապա նաև մկրտել նրան։ Հայ Առաքելական Եկեղեցու ավանդության համաձայն` Հիսուսի Մկրտությունը Հովհաննեսից տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդից ուղիղ 30 տարի անց։ Մկրտության մասին Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ և դու ինձ մոտ ես գալիս»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»: Եվ ապա նրան թույլ տվեց։ Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ. և ահա երկինքը բացվեց նրան, և նա տեսավ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։ Եվ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3: 13-17)։ 

 

 

Համաձայն Հովհաննես Ավետարանչի՝ աղավնու իջնելը նշան էր Սուրբ Հովհաննես Մկրտչի համար, որով նա պետք է ճանաչեր, որ Հիսուսն է Աստծո որդին (տե՛ս Հովհ. 1:32-34)։

 

 

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասին շատ տեղեկություններ չկան Ավետարանում, սակայն ներկայացված է նրա գլխատման դրվագը։ Ըստ ավետարանիչների՝ Հերովդես արքան ձերբակալում է Սուրբ Հովհաննես Մկրտչին և բանտ է նետում, սակայն չի համարձակվում սպանել նրան։ Պատճառն այն էր, որ նա մեղադրել և հանդիմանել էր թագավորին՝ եղբորը սպանելու, գահին տիրանալու և կնոջը՝ Հերովդիային կնության առնելու համար: Թեև Ավետարաններում նշված չէ բանտարկության վայրը, սակայն Հովսեփոս պատմիչը հստակ տալիս է սահմանամերձ Մաքերոն ամրոցի անունը: Հովհաննես Մկրտչի հանդիմանությունը ոխով է լցնում Հերովդիայի սիրտը։

 

 

 Եվ մի անգամ, Հերովդիայի դստեր պարից հրապուրված, Հերովդեսը հարցնում է աղջկան, թե ինչ կկամենա, որպեսզի նա իրեն տա՝ խոստանալով կամենալու դեպքում տալ նաև իր թագավորության կեսը։ «Աղջիկը դուրս գնալով իր մորն ասաց՝ ի՞նչ ուզեմ: Եվ սա ասաց՝ Հովհաննես Մկրտչի գլուխը: Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»» (Մարկ․ 6։24-25)։

 

 

Թեև թագավորը տրտմեց, սակայն դահիճ ուղարկեց՝ Սուրբ Հովհաննեսին գլխատելու, քանի որ խոստացել էր։ Քիչ անց ստացավ գլուխը՝ սկուտեղի վրա, հանձնեց աղջկան, ով էլ տարավ և տվեց իր մորը։ 

 

 

Սուրբ Հովհաննես Մկրտչի մարմինը գերեզման դրեցին նրա աշակերտները, երբ իմացան կատարվածի մասին։

 

 

Ըստ ավանդության՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել սրբի մասունքներից և ամփոփել Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվել է նշանավոր Սուրբ Կարապետ վանքը:

 

 

Սուրբ Հովհաննես Մկրտիչը հավատացյալների բարեխոս սուրբն է, և յուրաքանչյուր հավատացյալ, դիմելով սրբին, նրա բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությանը: 

 

  • 2021-08-25
×