«Եթե այնքան քաջությամբ պատերազմեցինք երկրավոր թագավորի համար, կարծում եք` նույնը չե՞նք անի մեր երկնավոր թագավորի համար»
Ամեն տարի Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սեբաստիայի սուրբ քառասուն մանուկների հիշատակը:
4-րդ դարում Արևմուտքում և Արևելքում իշխող Կոստանդիանոս և Լիկիանոս կայսրերը հռչակել էին Միլանի նշանավոր հրովարտակը, որով բացարձակ ազատություն էր շնորհվել քրիստոնյաներին՝ հավատալու, ինչպես իրենց կրոնն էր թելադրում: Հետագայում Լիկիանոսը սկսեց վարել Կոստանդիանոսի վարած քաղաքականությանը հակառակ քաղաքականություն: Եվ խզելով Կոստանդիանոսի հետ իր ստորագրած ազատության հրովարտակը՝ սկսեց հալածել քրիստոնյաներին իր սահմաններում:
Քրիստոնյաների հանդեպ ծավալվող հալածանքի ալիքը հասավ Կապադովկիա, ուր կասերական բանակը արևելյան սահմաններն էր պաշտպանում: Այս բանակում ծառայում էին հավատով քրիստոնյա քառասուն մանուկներ, որոնց քրիստոնյա լինելը հայտնի էր բոլորին: Նրանց ձերբակալեցին և հարցաքննեցին՝ առաջարկելով կայսերական հրահանգին ենթարկվել, հրաժարվել քրիստոնեությունից: Այն հարցին, թե ովքեր են նրանք, առանց ծննդավայր և անուն նշելու՝ միաբերան պատասխանեցին. «Քրիստոնյա՛ ենք, պաշտում ենք Քրիստոս Աստծուն՝ երկնքի և երկրի արարչին, իսկ մեր հայրենիքը՝ անանցական Աստծո երկնային քաղաքն է»: Նրանցից մեկն անգամ ասաց. «Եթե, ձեր ասածի նման, այնքան քաջությամբ պատերազմեցինք երկրավոր թագավորի համար, կարծում եք` նույնը չե՞նք անի մեր երկնավոր թագավորի համար»:
Նրանք նետվեցին բանտ՝ ենթարկվելով չարչարանքների: Քրիստոս երևաց նրանց և հորդորեց. «Լա՛վ սկսեցիք, ջանացեք լավ էլ ավարտել: Հաղթության պսակը մինչև վերջ համբերողինն է, մի՛ վախեցեք, Ես ձեզ հետ եմ»: Խնդությունը անսահման էր նրանց հոգում, իսկ քաջությունը՝ աննկարագրելի: Եվ այդուհետև ապագայի խոստումներին նրանք պատախանում էին. «Մեր ապագան արդեն իսկ որոշված է երկնքում»:
Բանտում նրանց գլխավորը՝ Կյուրիոնը, խրախուսեց իր ընկերներին` ասելով. «Ո՜վ իմ նիզակակից քաջ եղբայրներ, տեղով, ազգով իրարից հեռու էինք, օտար, այժմ հարազատների նման միացած ենք իրար Քրիստոսի կապով: Մեր միությունը այնքան սերտ է, որ մարդիկ մեզ նույն հոր և նույն մոր զավակներն են համարում: Այդ միությունը հավիտենական է, ո՛չ մահը և ո՛չ կյանքը չեն կարող բաժանել մեզ իրարից, որովհետև վախը չի կարող միախառնվել մեր քաջությանը: Ինչպես մեր կյանքում եղանք մե՛կ սիրտ, մե՛կ հոգի, այնպես էլ միասին մե՛կ լինենք մեր մահվան մեջ»:
Նրանք իրենց միտքը չփոխեցին նաև դուքսի առաջ, երբ նա էլ խոստացավ պարգևներ ու կոչումներ: Գիտակցաբար ընտրեցին նահատակության ուղին` չգերադասելով հավատքը ոչնչից: Դատապարտվելով քարկոծման, բանտարկության, ապա մահվան` քառասուն մանուկների հոգին լի էր ցնծությամբ. նրանց հայտնվել էր Տիրոջ լուսավոր պատկերը:
Քառասուն մանուկները քաջալերում էին միմյանց և ասում. «Պի՛նդ կացեք, եղբայրնե՛ր, քանզի նրանք երեքով են մարտնչում մեր դեմ` սատանան, դուքսը, և դատավորը: Մենք՝ քառասունս, Քրիստոսի օգնականությամբ կհաղթե՛նք նրանց»:
Նրանք, կյանքն արհամարհելով, իրենց ծնողներից և որդիներից առավել սիրեցին Տիրոջը: Կյանքով լի տարիքի լինելով՝ արհամարհեցին ժամանակավոր կյանքը, որպեսզի փառաբանեն Աստծուն, արժանանան հավիտենական կյանքի: Նրանք ամեն գնով հաստատ մնացին իրենց հավատքում` ընդունելով նաև մահը` որպես աննշան մի երևույթ: Նրանք, իրենց անունները թողնելով պատմության մեջ, ևս մեկ անգամ հաստատեցին, որ հավատքը և հոգին վեր են ամեն նյութականից` պաշտոնից, դիրքից ու պարգևներից: