Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր՝ Աննայի հիշատակության օրը: Նրանցից Ս. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:
Տիեզերական Եկեղեցու վարդապետ Ս. Կյուրեղ Երուսաղեմացին թեև եկեղեցու նշանավոր հայրերից է, սակայն մենք նրա մասին քիչ բան գիտենք: Նա մանուկ հասակից խիստ բարեպաշտ էր և իրեն անմնացորդ նվիրել էր աղոթքին ու հոգևոր կրթությանը: Նախ սարկավագ, ապա քահանա դառնալով՝ նա բոլորին զարմացնում էր Սուրբ Գրքի փայլուն իմացությամբ և իր իմաստուն քարոզներով:
Ձեռնադրվելով Երուսաղեմի պատրիարք՝ իր հայրապետության 35 տարիներից 16-ը սուրբն անցկացրեց վտարանդության ու հալածանքների մեջ՝ քանիցս աքսորվելով արիոսականների զրպարտությունների պատճառով, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին:
Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի օրոք էր, որ երկնքում երևաց Փրկչի խաչի լուսավոր նշանը՝ տարածվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս դեպքին ականատեսները շտապեցին եկեղեցի, որպեսզի աղոթեն առ Աստված և մկրտվեն:
Նա մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի 2-րդ Տիեզերական ժողովին:
Ս. Կյուրեղ Երուսաղեմացին ունի նաև զանազան ճառեր, որոնցից հայերեն են թարգմանվել Տեառնընդառաջի, Համբարձման, Ս. Հոգու, Եկեղեցու Նավակատիքի, և Ս. Խաչի մասին գրվածները, ինչպես նաև Եսայի մարգարեի մարգարեության մեկնության մի հատված և աղոթք:
Ս. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Ս. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ տեղեկությունների, Հուդան Երուսաղեմում ապրող հրեա էր: Ձեռնադրվելով որպես եպիսկոպոս՝ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու շրջանում փոխարինում է նրան հայրապետական աթոռին:
Երբ Հեղինե թագուհին Երուսաղեմ է գալիս՝ Քրիստոսի Ս. Խաչափայտը գտնելու նպատակով, հարցաքննում է հրեաներին: Հրեաները Հուդային են մատնացույց անում, իբրև թե այդ մասին գիտի միայն նա:
Թեև Հուդան նախապես չէր ցանկանում հայտնել Ս. Խաչի վայրը, բայց ճնշումների արդյունքում խոստովանեց և ցույց տվեց Խաչի թաղված տեղը: Այնուհետև ականատես լինելով կատարված հրաշքներին՝ իր մոր՝ Աննայի հետ մկրտվեց, դարձավ քրիստոնյա:
Երբ Հուլիանոս Ուրացող կայսրը Երուսաղեմ եկավ, սաստիկ չարչարանքների ենթարկեց նրան և իր մորը՝ Աննային: Նրանք ապրեցին մինչև Հուլիանոս Ուրացող կայսեր օրերը և երկուսն էլ, անտանելի չարչարանքների ենթարկվելով, նահատակվեցին:
Նրանք քրիստոնյաներիս համար հավատը մշտապես, բոլոր հանգամանքներում պահպանելու փայլուն օրինակներ են:
Թեև չարչարանքներ կրեցին, սակայն անսասան մնացին իրենց հավատի մեջ, թեև սկզբում անհավատ էին, սակայն ճանաչեցին և սիրեցին Քրիստոսին: Առանց երկմտելու դարձան քրիստոնյաներ, ապա նահատակվեցին՝ հանուն Քրիստոսի: Նրանք, իրենց դարձի գալով, դարձի բերեցին նաև շատերին: