Սուրբ Հռիփսիմյանց կույսերը՝ թվով 37 հոգի, փախչում են Հռոմ մայրաքաղաքից Դիոկղետիանոս կայսերից, որովհետև վերջինս ցանկանում էր ամուսնանալ, և իր արքունիքի արվեստագետներին ուղարկել էր, որ ամենագեղեցիկ օրիորդին գտնեն կայսրության տարածքում ու ներկայացնեն իրեն՝ ամուսնանալու ակնկալիքով:
Արվեստագետները իրենց վերապահելով կայսերական այս ցանկության իրականացման իրավունքը՝ բռնի ուժով ներխուժում են Հռոմ մայրաքաղաքի Սուրբ Պողոսի ուխտը, որտեղ բնակվում էին 300 սուրբ կույսեր: Այստեղ արվեստագետները տեսնում են Սուրբ Հռիփսիմեին, ում գեղեցկությունը միանգամից գրավում է: Նրա ամոթխածությունը, առաքինությունն անտարբեր չեն թողնում ոչ ոքի, և Հռիփսիմեի մասին տեղեկացնում են կայսրին: Դիոկղետիանոսը ոգևորված արվեստագետների լուրով՝ նախապատրաստվում է արդեն հարսանիք կազմակերպել: Այս ամենն անհնարին էր կուսանոցի համար. նրանք ուխտ էին արել կուսակրոնությամբ ապրել՝ Քրիստոսի սիրով: Սուրբ Հռիփսիմյանց կույսերը ստիպված են լինում փախչել: Իհարկե, կայսեր նպատակը Հռիփսիմեի հետ ամուսնանալն էր, բայց նրա հետ միասին փախան մի շարք կույսեր ևս ու անցան երկար ճանապարհ՝ հասնելով Հայոց աշխարհ: Ճանապարհին կանգ առան Վան քաղաքի մոտ գտնվող Վարագա լեռան լանջին, որտեղ էլ աղոթեցին Աստծուն, և Ս. Հռիփսիմեն, ով իր պարանոցին կրում էր Քրիստոսի խաչափայտից փոքրիկ մի մասունք, հանեց այն և ամփոփեց այնտեղ, որովհետև իր ապագան շատ անորոշ էր: Կայսրը ամբողջ տարածքը հետախուզում էր՝ նրան գտնելու և փախուստի համար պատժելու մտադրությամբ:
Ս. Հռիփսիմեն, իր 36 կույսերի հետ միասին, շարունակեց ճանապարհը և հասավ Վաղարշապատ մայրաքաղաք, որտեղ էլ իրենց աղոթքով մնացին ու ապրեցին քաղաքի արվարձաններից մեկում:
Նամակ հասավ հեթանոս Տրդատ թագավորին, ում համար դժվար չեղավ գտնել Ս. Հռիփսիմեին: Նա տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը՝ ցանկացավ ամուսնանալ նրա հետ, բայց մերժվեց:
Տարատեսակ հնարներով ցանկացան համոզել և ապակողմնորոշել Ս. Հռիփսիմեին՝ ընդհուպ մինչև Տրդատ թագավորը ցանկացավ բռնի ուժ կիրառել, բայց ապարդյուն. Ս. Հռիփսիմեին հաջողվեց փախչել արքունիքից:
Հայոց զորքերի հրամանատարները տեսնելով Տրդատ թագավորի հանդեպ Ս. Հռիփսիմեի նման անարգանքը՝ բռնեցին և նահատակեցին բոլոր կույսերին: Ս. Հռիփսիմեն հաստատուն մնաց իր ուխտին: Նա հաղթեց ոչ միայն թագավորներին, այլև հենց իրեն ու իր տված ուխտին:
Աստծո հանդեպ տածած անսահման սերը ստիպեց նրանց դիմակայել բոլոր խոշտանգումներին: Ս. Հռիփսիմյանց կույսերի օրինակը ամբողջ մարդկության համար դարեր շարունակ եղել և մնում է սրբության օրինակ: