Մեծ Պահքի երրորդ շաբաթ օրը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին տոնում է Հայ Եկեղեցու մեծագույն աստվածաբան եկեղեցականների` Հովհան Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների և Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի հիշատակության օրը:
Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետը 386 թ.-ին հաջորդել է Ս. Կյուրեղ Երուսաղեմացուն: Հայտնի էր ընդարձակ գիտելիքներով և առաքինի վարքով, բարեհոգի և հանդուրժող բնավորությամբ, որի շնորհիվ դեռևս իր կյանքի օրոք նրան կոչում էին «սուրբ և սքանչելի հայրապետ»: Ոմանք էլ կասկածում էին, որ հարում է հերձվածողներին. քանզի սուրբ հայրապետը չէր շտապում հարաբերությունները խզել նրանց հետ, ովքեր վերջնականապես չէին շեղվել ուղղափառությունից: Նա մեծ համբերությամբ էր տանում իրեն ուղղված բոլոր զրպարտանքները՝ սիրով ու անվեհեր հանդարտությամբ պարզաբանելով իր դիրքորոշումը: Այնուհանդերձ, շատ ջանքեր պահանջվեցին, որպեսզի Ս. Հովհաննեսին մեղադրողներն ի վերջո ընդունեն նրա դավանական համոզմունքների անաղարտությունը: Մինչև կյանքի վերջը սուրբ հայրապետն իր հոտը պահպանեց ամեն տեսակ հերձվածողական մոլորություններից, իսկ վախճանից առաջ ժողովներ գումարելով՝ վճռական դեր խաղաց դատապարտելու համար Պեղագիոսի ուսմունքը, որը պնդում էր, թե փրկության համար բավական են մարդկային ջանքերը առանց աստվածային շնորհի:
Ս. Հովհանը խաղաղությամբ ննջեց 417 թ. հունվարին՝ թողնելով բարի հիշատակ և դասվելով սուրբ հայրապետների շարքում:
Ս. Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ Եկեղեցու մեծագույն հայրապետներից է: Ըստ վարքագիրների, հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ: Գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թթ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Կաթողիկոս է ընտրվել 717 թ.-ին և տասնմեկ տարի պաշտոնավարել Դվին քաղաքում, որը 485 թ-ից hայոց նոր հոգևոր կենտրոնն էր դարձել:
728 թ.-ին նա կնքեց իր բազմաչարչար և բազմարդյունք կյանքը: Օձնեցու գերեզմանը, որպես ուխտատեղի, մինչ այժմ պատվվում է հավատացյալների կողմից, այն գտնվում է Արդվի գյուղում հին Օձունի արևմտյան կողմում: Օձնեցին իր ուսումնական զարգացվածությամբ, եկեղեցական նախանձահուզությամբ և վարչական կարողությամբ, արդարև համարվում է կաթողիկոսական գավազանագրքի լուսավոր պարծանքներից մեկը:
Հովհաննես Որոտնեցին իմաստասեր և աստվածաբան վարդապետ էր, ով Տաթևի նշանավոր դպրոցի հիմնադիրն է: Հովհաննեսը ծնվել է 1315թ.-ին Սյունյաց աշխարհի Որոտն գավառի Վաղադի, կամ Վաղադին գյուղում: Նա մեծ թվով աշակերտներ ունեցավ, որոնցից նշանավորներն էին Մաղաքիա Ղրիմեցին և Գրիգոր Տաթևացին, վերջինս հաջորդեց նրան և նրա օրոք Տաթևի դպրոցը հասավ իր զարգացման գագաթնակետին: Որոտնեցին հսկայական գրական ժառանգություն է թողել, որոնց մեծ մասը կորուստից փրկվել է շնորհիվ Գրիգոր Տաթևացու գրառումների: Հաշվի առնելով, որ Հովհաննես Որոտնեցու վարքը տեղ է գտել 1730թ.-ին տպագրված Հայսմավուրքում, կարելի է եզրակացնել, որ արդեն այդ ժամանակներում տոնելի սուրբ էր, բայց պաշտոնապես, վերջնական ձև է ստացել Սիմոն Երևանցի Կաթողիկոսի կողմից 1775 թ.-ին լույս ընծայված Տոնացույցում:
Որոտնեցին ավելի քան 7 տարի շարունակեց իր վանական և կրթական գործունեությունն Ապրակունյաց վանքում՝ պատրաստելով բազում կրթյալ աշակերտներ ազգային եկեղեցու պաշտպանության համար: Շատ էր տկարացել Որոտնեցին, երբ արդեն 73 տարեկան էր. ծանր աշխատությունները և այդ ժամանակի համար սովորական դարձած եկեղեցական կենցաղային խստությունները, նրա մարմինը տկարացրել էին: Նա իր արդյունավետ կյանքը կնքեց հենց 73-րդ տարեդարձի օրը՝ 1388թ.-ի հունվարի 13-ին և թաղվեց Ապրակունյաց վանքում:
Ս. Գրիգոր Տաթևացին մեր տոնացույց անցած վերջին սուրբն է և մեր Եկեղեցու վերջին «Եռամեծ» վարդապետը: Իրենից հետո այդպիսի նկարագրով, ոգով, գործունեությամբ և իր արդյունավետությամբ կրոնական գործիչ չի ունեցել Հայ Եկեղեցին: Սրանից առաջ հիշատակված բոլոր վարդապետները և հայրապետներն առհասարակ ազնվական տներից էին ծագում, իսկ Գրիգոր Տաթևացին ժողովրդի խոնարհ խավերից է սերում: Ս. Գրիգոր Տաթևացին ծնվել է 1346թ-ին Թմուկում: Ծնողները, մի քանի վաղամեռ զավակներից հետո, ունենում են Գրիգորին, որպես ուխտի զավակ: 25 տարեկան հասակում ընկերակցելով իր վարդապետին՝ Որոտնեցուն, ուխտավորաբար գնում է Երուսաղեմ և այնտեղ էլ, Սրբոց Հակոբյանց մայր տաճարում, ստանում է կուսակրոն քահանայության կարգը: 2-3 տարի հետո, Երզնկայում, ստանում է վարդապետական գավազանը: Իսկ ծայրագույն վարդապետության աստիճանին արժանանում է Ապրակունյաց վանքի մեջ, երբ արդեն 40 տարեկան էր: Գրիգոր Տաթևացին եղել է բացառիկ աշխատասիրության և մեծ եռանդի տեր մարդ: Նա եղել է գիտնական և դասախոս, նկարիչ և գեղագիր, աստվածաբան և եկեղեցական գործիչ: