Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր՝ Աննայի հիշատակության օրն է

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր՝ Աննայի հիշատակության օրն է

Տիեզերական Եկեղեցու վարդապետ Ս. Կյուրեղ Երուսաղեմացին մանուկ հասակից խիստ բարեպաշտ էր և իրեն անմնացորդ նվիրել էր աղոթքին ու հոգևոր կրթությանը: Նախ սարկավագ, ապա քահանա դառնալով՝ նա բոլորին զարմացնում էր Սուրբ Գրքի փայլուն իմացությամբ և իր իմաստուն քարոզներով:

 
Ձեռնադրվելով Երուսաղեմի պատրիարք՝ իր հայրապետության 35 տարիներից 16-ը սուրբն անցկացրեց վտարանդության ու հալածանքների մեջ՝ քանիցս աքսորվելով արիոսականների զրպարտությունների պատճառով, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: 
 
Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի 2-րդ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաև հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Ս. Խաչի երևման առիթով Կոստանդինոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: 
 
351 թ. մայիսին, Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի օրոք, օրվա երրորդ ժամին (ժամը 9-ին) երկնքում երևում է Փրկչի խաչի նշանը՝ տարածվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: 
 
Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլև տարբեր դավանանքների ու կրոնների պատկանող մարդիկ: Բոլորը շտապում են եկեղեցի, ի խորոց սրտի աղոթում առ Աստված՝ գոհություն հայտնելով Բարձրյալին՝ այս մեծ շնորհին արժանացնելու համար:
 
Երկնային հրաշքի շնորհիվ շատերը հավատում են Հիսուսին, մկրտվում սուրբ Կյուրեղի ձեռքով՝ անդամագրվելով Քրիստոսի Եկեղեցուն: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց եկեղեցու Ս. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել են այդ նորադարձ քրիստոնյաները: 
 
Ս. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:
 
 
 Ս. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Ս. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ տեղեկությունների, Հուդան Երուսաղեմում ապրող մի հրեա էր: 
 
Երբ Հեղինե թագուհին Երուսաղեմ է գալիս Քրիստոսի Ս. Խաչափայտը գտնելու նպատակով, այս խնդրով հարցաքննում է հրեաներին: Հրեաները Հուդային են մատնացույց անում, իբրև այդ մասին գիտի միայն նա: 
 
Թեև Հուդան նախապես չէր ցանկանում հայտնել Ս. Խաչի ուր լինելը, բայց ճնշումների արդյունքում խոստովանեց և ցույց տվեց Խաչի թաղված տեղը: Այնուհետև ականատես լինելով կատարված հրաշքներին՝ իր մոր հետ միասին նա դառնում է քրիստոնյա: Ապա եպիսկոպոս է ձեռնադրվում և Երուսաաղեմի Կյուրեղ հայրապետի աքսորի ժամանակ տեղապահություն է անում:
 
 Երբ Հուլիանոս Ուրացող կայսրը Երուսաղեմ եկավ, սաստիկ չարչարանքների ենթարկեց նրան և իր մորը՝ Աննային: Նրանք ապրեցին մինչև Հուլիանոս Ուրացող կայսրի օրերը` 360թ, և երկուսն էլ անտանելի չարչարանքների ենթարկվելով՝ մարտիրոսական պսակների արժանացան: 
 
Ս. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը նշվում է Ս. Կյուրեղ Հայրապետի հետ միասին` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը:
 
 Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 
  • 2021-08-20
×