Սահակ Պարթևը Ներսես Հայրապետի և Սանդուխտ Մամիկոնյանի որդին է. 5-րդ և վերջին արու շառավիղը Ս. Գրիգոր Լուսավորչի: Նա ծնվել է Կեսարիայում 348 թ.-ին՝ իր ծնողների ուսումնառության ընթացքում: 2-3 տարեկան հասակում մորից որբանալով, իր մանկությունը անց է կացնում Տարոնում՝ Մամիկոնյանց տանը, տատի մոտ: Այդ ընթացքում նրա հայրը՝ Ներսես Պարթևը, Կեսարիայում և Բյուզանդիայում բարձրագույն կրթություն էր ստանում: Ինքը, նույնպես, հետևեց հորը և իր կրթությունը ստացավ նույն քաղաքներում: Նա ամբողջովին հմտացավ հունական լեզվի և դպրության մեջ: Ս. Սահակը տիրապետում էր նաև ասորերենին, որը երկրորդ լեզուն էր ծեսերի և կրոնական գիտելիքների առումով, ինչպես նաև տիրապետում էր պարսկերենին: Խոսրով Գ թագավորի նախաձեռնությամբ, 387 թվականին, ընտրվում է Հայոց Կաթողիկոս:
Ավելի քան տասնհինգ տարիների խաղաղ շրջան էր, երբ երկու մեծ անձերի՝ Սահակ Հայրապետի և Մեսրոպ Վարդապետի ջանքերով, տեղի ունեցավ մեր պատմության կարևորագույն դեպքերից մեկը՝ Հայոց գրերի գյուտը և Հայոց դպրության սկզբնավորումը: Բոլոր պարագաներում՝ Սահակի ջանքերով և տնօրինությամբ ոչ միայն Արևելյան Հայաստանում, այլ նաև Արևմտյան Հայաստանում տարածվեց հայոց լեզվի ուսուցումը և դպրությունը, արարողությունները հայոց լեզվով կատարելը ընդհանուր դարձավ, «երկիրը նոր հոգի և նոր պայծառություն ստացավ»:
Ս. Սահակ հայրապետի հաջողությունը նաև նրանում էր կայանում, որ իր օրոք Հայկական արքայական գահին էր նստած առաքինի և խաղաղարար, կրթասեր և իմաստուն Վռամշապուհ թագավորը, ով ավելի քան քառորդ դար զորավիգ եղավ իրեն և Ս. Մեսրոպին իրենց կրոնական և կրթական նախաձեռնությունների հարցում:
Ներկայումս Ս. Սահակի տոնը մեզանում տոնվում է երկու անգամ: Առաջինը տոնում ենք Բուն Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը, իսկ երկրորդը՝ Ս. Մաշտոցի հետ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: