Սուրբ Աթանաս Մեծը ընդհանրական եկեղեցու հայրապետ է, Հայ Առաքելական եկեղեցու կողմից տոնելի սուրբ, Ալեքսանդրիայի պատրիարք (326-ից), աստվածաբան։ Հայտնի է որպես արիոսականության առավել եռանդուն ընդդիմախոսներից մեկը։ Աթանաս Ալեքսանդրիացին ողջ կյանքի ընթացքում պայքարել է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանել նիկիական ուղղափառ դավանանքը: Անզիջում ու հետևողական պայքարի համար հալածվել է արիոսական իշխանավորներից և իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անցկացրել աքսորում: Եկեղեցաքաղաքական, դավանական հակամարտությունների այդ մթնոլորտում նրա աշխատությունները, բնականաբար, ունեցել են տեսական, աստվածաբանական ուղղվածություն: Ս. Աթանասը եգիպտացի քրիստոնյա բարեպաշտ ընտանիքի զավակ էր, ծնվել է Ալեքսանդրիայում 296թ-ին: Փոքր տարիքից քրիստոնեական դաստիարակություն է ստացել: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով՝ տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի Տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը: Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդրը, մի օր տեսնելով փոքրիկ Աթանասին՝ ծովեզրում կանգնած, եպիսկոպոսի նման մկրտություն և ձեռնադրություն կատարել ձևացնելուց, հոգևոր կոչումի նշան է նկատում նրա մեջ: Նրան ընդունում է հայրապետանոցի մեջ, որտեղ շնորհալի փոքրիկը կրթվում և զարգանում է: Աթանաս Ալեքսանդրացուն իրավամբ անվանել են «սիւն եկեղեցւոյ» և «սիւն հաւատոյ»: Հետագայում Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացման պարագայում: Փրկությունը, ըստ Աթանասի, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ» Ի վերջո ճշմարտության հաստատման նրա գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարի հետո` Կ.Պոլսի 381 թվականի Տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը: Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում: Ս. Աթանասը, 328 թվականին բարձրանալով պատրիարքական գահին, հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարել է արիոսական հերձվածի դեմ և պաշտպանել նիկիական ուղղափառ դավանանքը: