Հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի (ով ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծննդյան տոնը: Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը: Հովհաննես Մկրտիչը եղել է քրիստոնեական դարաշրջանը պաշտոնապես բացողը: Նա, որպես քարոզիչ հանդես եկավ երեսուն տարեկան հասակում՝ Հռոմի «Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում» (Ղուկ. 3:1): Նրա քարոզչության վայրը Հորդանանի հովիտն էր: Ավետարաններում Հովհաննեսը նույնացվում է Եսայի մարգարեի կողմից մարգարեացված «Անապատի մեջ կանչողի ձայն»-ի հետ, որը ասում է. «Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցեք Նրա շավիղները»:
Հովհաննեսի ուժեղ ու անվախ քարոզչությունը, և մեծ հեղինակությունը տեսնելով, ոմանք հարցնում էին՝ արդյո՞ք սա է Մեսիան: Հովհաննեսը ասում էր՝ ոչ. «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մտթ. 3:11)։
Հովհաննեսի գլխավոր քայլը Հիսուսին մկրտելը և Նրան իբրև խոստացված Մեսիա հայտարարելն էր: Երբ տեսավ, որ Հիսուս բոլորի նման բազմությանը խառնված մկրտության էր գալիս, իր մարգարեական հոգով ճանաչեց Նրան և ցանկացավ արգելել ասելով. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դու ինձ մոտ ես գալի՞ս» (Մտթ. 3:14): Քրիստոսը Հովհաննեսի մասին բարձր կարծիք ուներ. մի առիթով նրան բնութագրեց. «Առավել քան մի մարգարե» և նրան նմանեցրեց Մաղաքիա մարգարեի գրքի վերջին համարներում հիշատակված Աստծո պատգամավորի հետ և ավելացրեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել. Բայց երկնքի արքայության մեջ ամենից հետինը նրանից մեծ է․ Օրենքն ու մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննես: Եվ եթե ուզում եք ընդունել Հովհաննե՛սն է Եղիան, որ գալու էր» (Մտթ. 11:11-14): Մեր եկեղեցում Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբը Հովհաննես Մկրտիչն է: Հայ եկեղեցին տարեկան չորս տոն է սահմանել նրա համար: Առաջինը նրա ծննդյան հիշատակությունն է, որը տեղի է ունենում Սուրբ Ծննդյան տոնից ութ օր հետո։