Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

Ծննդյան տոնից առաջ, սուրբ Հովհաննես Օձնեցի հայրապետի կարգադրությամբ, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է չորս տոն, որոնք և կոչվում են Ավագ տոներ: Սուրբ Եկեղեցու վարդապետները Սուրբ Հոգու առաջնորդությամբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնից առաջ կարգեցին ևս չորս տոն Եկեղեցու յոթ գլխավոր այրերի համար:

 
 Նախ կարգեցին Դավիթ Աստվածահոր և Հակոբոս Տյառնեղբոր հիշատակության օրը։ Հայ Եկեղեցին Դավիթ մարգարեի հիշատակը տոնում է Հակոբոս Տյառնեղբոր հետ, որովհետև, եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի՝ ապա Հակոբոսը՝ նրա «եղբայրը» և ազգականը: Այս երկու սրբերի անունները միասին են հիշատակում` խորհրդանշելու Հին և Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ: 
 
Ս. Դավիթ մարգարեն Բոազի և Հռութի ծոռն էր: Աստվածաշունչ մատյանը նկարագրում է նրան որպես սաղմոս ասող, շնորհալի, պատերազմիկ, իմաստուն, ճարտասան և գեղեցիկ տեսքով մի մարդ: Նա հովիվ է եղել: Փղշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Սավուղի մահից հետո դարձել է Իսրայելի թագավորը և հիմնադրել Երուսաղեմ քաղաքը: Դավիթ մարգարեն Հին Կտակարանի ամենամեծ և ազդու դեմքերից է և միևնույն ժամանակ Սաղմոսաց գրքի հեղինակը: Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս նրա սերնդից է: Ինչպես երկրի թագավորները սովորություն ունեն իրենց խորհուրդներն ու գանձերը հույժ հավատարիմ և վստահելի այրերին ավանդելու, այսպես և երկնային Արքան Իր տնօրինության խորհուրդը նրանց վստահեց, մանավանդ Դավթին, ում համար ասաց. «Գտա Հեսսեի որդի Դավթին՝ Իմ սրտով մի մարդու» (Գործք ԺԳ 22): Ով էլ Աստծու «սիրտ» և «կամք» կոչվեց: Դավիթն էլ ասաց. «Քո խոսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ Քո դեմ» (Սաղմ. ՃԺԸ 11): Իսկ Հակոբոսին պարիսպ են անվանում, որովհետև Տիրոջ գանձն անդրժելիորեն պահեց:
 
 Ս. Հակոբոս Տյառնեղբայրը կապող օղակն է ավետարանական սրբերի և Գործք Առաքելոցում հիշված սրբերի միջև: Նա Նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Հովսեփիոս հրեա պատմիչը նրան բնորոշում է «արդար» մակդիրով:
 
Վարքագրական աղբյուրների համաձայն` ոմանք բռնանում են նրա վրա և պատվիրում, որ բարձրանա աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսի: Սակայն, բարձրանալով` սկսում է խոսել Հիսուս Մեսիայի մասին, ով նստած է Աստծո աջում և, որ գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատերը հավատքի են գալիս, բայց անհավատները սրբին աշտարակից վայր են նետում: Ըստ ավանդության Հակոբոս Տյառնեղբայրը թաղված է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ս. Հակոբյանց Մայր Տաճարում: Նրա անունով մեզ է հասել ընդհանրական մեկ թուղթ:
 
  • 2021-08-09
×