Դեկտեմբերի 15-ը Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

Դեկտեմբերի 15-ը Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

Հայ Առաքելական եկեղեցին դեկտեմբերի 15-ին նշում է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Սուրբ Հակոբ Մծբնա hայրապետը եղել է Ընդհանրական եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև Սքանչելագործ: Նա իր երկրային կյանքը նվիրեց Հիսուս Քրիստոսին և Աստծո խոսքի քարոզչությանը, ապրեց սրբությամբ և միշտ հավատարիմ ու հաստատուն մնաց Տիրոջ պատգամներին: Մեծանուն հայրապետը ծնվել է Մծբին քաղաքում: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ Սուրբ Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին hայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Ըստ վկայաբանության՝ hայոց Խոսրով Ա Մեծ թագավորի սպանությունից հետո, դայակի ձեռքով տարվել է Կեսարիա, որտեղ և կրթվել է քրիստոնեական ոգով: Ավելի ուշ քույրը նրան տարել է Պարսկաստան, որտեղ ապրել է արքունիքում: Պալատական ցոփ ու շվայտ կյանքը չէր հետաքրքրում Հակոբին, նա նախընտրում է ճգնավորական կյանքը: Որոշ ժամանակ անց Սուրբ Հակոբը գնում է Մծբին, որտեղ հանդիպում է Մարուգե ճգնավորին: Վերջինից լսելով, որ այդ կողմերի մարդկանցից շատերը, թեև հավատքի են եկել, բայց թերահավատորեն են մոտենում Սուրբ Գրքին և կասկածում Նոյյան տապանի գոյությանը, նա որոշում է բարձրանալ լեռը՝ տապանը տեսնելու և նրանից մի մաս բերելու համար: Հակառակ անկոտրում կամքին՝ նա չի կարողանում հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհում է: Երազում հրեշտակը այցելում է նրան և տապանից մի մասունք է դնում սրբի գլխատակին: Ըստ ավանդության՝ Սուրբ Հակոբի պառկած տեղում մի սառնորակ աղբյուր է բխել, որը հայտնի է եղել իր բուժիչ և հրաշագործ հատկություններով, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել:

 

Մելիտոս եպիսկոպոսը իր կյանքի ընթացքում անդադար պայքար է մղել արիոսականների դեմ: Համաձայն Հայսմավուրքի տվյալների՝ Մելեսը ազգությամբ պարսիկ էր: Նախապես պարսկական բանակում մի քրիստոնյա զինվորական էր, հետագայում հրաժարվելով զինվորական կյանքից, նվիրվել է հոգևոր կյանքին, բայց քանի որ քաղաքն ամբողջովին արևապաշտներով էր բնակեցված, ուստի նրանք այդ քաղաքից հալածեցին նրան: Այս դեպքերի հետևանքով մի երկար ճանապարհորդություն ձեռնարկեց դեպի Երուսաղեմ և դեպի Ալեքսանդրիա, որտեղ հանդիպեց Անտոն Մեծին: Վերջինս խորհուրդ տվեց նրան վերադառնալ Պարսկաստան և այնտեղ շարունակել իր քարոզչությունը:

 

Վերադարձի ճանապարհին հանդիպեց Հակոբ Մծբնեցուն: Ապա իր ավետարանչական գործունեությունը տարածեց մինչև Տիզբոն: Աշխատեց հարթել քրիստոնյաների մեջ առկա վեճերը և հեթանոսներից շատերին քրիստոնեության բերեց, բայց Տեղի իշխանությունները նրան բանտարկեցին և ստիպեցին, որպեսզի արեգակին զոհ մատուցի: Երանելին այս հիմար առաջարկի համար նրանց խիստ կշտամբեց, որից զայրանալով իշխանն իր իսկ սրով սպանեց նրան:

 

Մարուգե ճգնավորի անունը անբաժան է Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետից: Առաջին ընդհանրությունն այն է, որ Մարուգեն խորհրդատուն և ուսուցիչն է Սուրբ Հակոբի, որն իր երիտասարդության տարիներին առանձին ճգնելուց հետո գալիս է այն վանքը, որի վանահայրն էր Մարուգեն:

 

Այս երեք սուրբերն իրար հետ ունեցած հարազատության պատճառով միասին են տոնվում, և այդ իսկ պատճառով Մարուգեի և Մելիտոսի վարքը Հակոբ Մեծի վարքի հետ է մատուցվում:

  • 2021-08-09
×