Վարք և հիշատակ մեր սուրբ վարդապետների` Եղիշեի և Գրիգոր Նարեկացու (ըստ Հայսմավուրքի)

Վարք և հիշատակ մեր սուրբ վարդապետների` Եղիշեի և Գրիգոր Նարեկացու (ըստ Հայսմավուրքի)

Մեր սուրբ հայր և վարդապետ Եղիշեն ճգնավոր էր՝ Սուրբ Սահակ և Մեսրոպ թարգմանիչների աշակերտներից, և շատ հմուտ էր Աստվածային գրի` Հին և Նոր կտակարանների իմացության մեջ: Եղիշեն դպրապետն էր Ս. Սահակ Պարթևի թոռան` Ս. Վարդան հայոց զորավարի, որ վկան էր Քրիստոսի:  

 
Նա գրեց «Մեկնություն արարածների» գիրքը` լուսավոր և պարզ խոսքերով, ճառեր Քրիստոսի ողորմության, չարչարանքների, թաղման և հարության մասին: Գրեց նաև կանոնների գիրք համեղ և քաղցր խոսքերով: Եվ ապա մենակություն փնտրելով և մարդկանցից անտեսանելի լինել ցանկանալով` խոտաճարակ դարձավ` սնվելով և բավականանալով վայրի բանջարներով: Ժամանակ անց հովիվները նրան գտան մի քարայրում` խստակրոն կյանքից ու ճգնություններից նվազած մարմնով: Երանելիի մասին համբավը տարածեցին և այդ քարայրի տեղը հայտնի դարձրին: Իսկ Ս. Եղիշեն, խույս տալով այնտեղից, եկավ բնակվեց Ռշտունյաց գավառում, որտեղ էլ վախճանվեց: Բազում օրեր անց ոմանք եկան և, գտնելով սրբի մարմինը անապական, զարմացան: Հետո ճանաչեցին նրան, որ սուրբ Եղիշեն է, որին առաջ գտել էին հովիվները Մոկաց գավառում: Կառուցեցին նրա անունով եկեղեցիներ և տեղափոխեցին սրբին այնտեղ ի հանգիստ, որտեղ լինում են բազում ցավերի բժշկություններ:
 
Այսօր հիշատակ է սուրբ Գրիգոր Նարեկացու: Սուրբ հայրը մեր և երանաշնորհ վարդապետ Գրիգորը Անձևացյաց գավառից էր:
Այն ժամանակ Հայոց աշխարհը գտնվում էր հույն մեծ կայսրերի` Վասիլի և նրա եղբոր Կոստանդինի իշխանության տակ, իսկ Սենիքարիմ Արծրունի բարեպաշտ արքան տիրում էր Վասպուրական աշխարհին: Արծրունին` Սասունն է: Վասպուրականը` Վան և Սևան մինչև Նվան, և այնկողմ` մինչև Արտազ գավառը. այս ամբողջ տարածքը կոչվում է Վասպուրական, որին տիրում էր Սենիքարիմը: Ոստանն ու Ռշտունիքը նույնպես նրան էին պատկանում` մինչև Սալմաստ և Ջուլամերկ, և մյուս կողմից` մինչև Թուխաջուր, որոնք Սենիքարիմը տվեց Վասիլ հույն թագավորին` 1 000 բերդ, 4 000 գյուղ, 8 քաղաք և 900 վանք: Սրանց փոխարեն նա ստացավ Սեբաստիան իր թեմերով: Սենիքարիմը ելավ հայրենի երկրից 14 000 ձիավոր կառքերով, որդիներով և գնաց Սեբաստիա` տանելով իր հետ Վարագա Ս. Նշանը:
 
Մինչ Սենիքարիմը թագավորում էր իր հայրենի Վանում և Ոստանում՝ Ս. Գրիգոր վարդապետը Նարեկավանքում էր: Ս. Գրիգորը և նրա եղբայր Հովհաննեսը հոգեպես սնվել և ուսանել էին Անանիա երջանիկ վարդապետից, որ իրենց մոր հորեղբայրն էր: Վարդապետ Անանիան վերցրեց իր մոտ` Նարեկավանք, իր հարազատ եղբոր դստեր որդուն՝ Գրիգորին, ով սովորեց նրանից աստվածային գրի վարդապետությունը անհագ բաղձանքով, որով եղավ Ս. Հոգու ընդունարան և գիտության շնորհով գերազանցեց շատերին:
 
Ընդունելով կրոնավորության սուրբ կարգը`իր կրոնավոր եղբայրների խնդրանքով Ս. Գրիգորը գրեց աղոթական ճառեր` թվով 97: Բացի դրանից ունենք նրա կողմից գրված ներբողներ Ս. Աստվածածնին, առաքյալներին և Ս. Հակոբ Մծբնա հայրապետին նվիրված, «Պատմություն սուրբ խաչի ապարանից», որ բերվեց Հունաստանից Հայաստան, ներբողներ Ս. Խաչին նվիրված ըստ այբուբենի տառերի, նաև մեկնություն Սողոմոնի «Երգ Երգոց»-ի:
Սուրբ Գրիգոր Նարեկացին իր սքանչելագործությամբ, ճշմարտամտությամբ, խստակրոն վարքով և աստվածաբան վարդապետությամբ փայլեց աշխարհում որպես արեգակ: Բայց, դեռևս, չկատարելով այս կյանքի ընթացքը, վախճանվեց երիտասարդ տարիքում` հայոց 450 թվականի երկրորդ ամսին: Նրա մաքուր և սրբասնյալ մարմինը դրված է Նարեկավանքին մոտ եկեղեցում, որը կառուցված է Ս. կույս Սանդուխտի անունով, որտեղ բազում նշաններ են լինում ի փառս Քրիստոսի և Սուրբ Գրիգորի:
 
Այդ բազում հրաշքներից մեկը սա է: Վերջին ժամանակներում մի քուրդ էր տիրում Նարեկ գյուղին: Նա իր չինական հավը տվեց թուխս դնելու համար: Այն ձագեր հանեց և շրջում էր նրանց հետ: Անձրևի վախից հավը իր ձագերով մտավ մի երկանաքարի տակ, որ հենված էր պատին: Չարի ազդմամբ երկանաքարը ընկավ և ջարդեց հավին իր ձագերով: Իսկ այն կինը, որ հավին թուխս էր դրել, ահաբեկ լինելով քրդի վախից, հուսաց առ Աստված և Ս. Գրիգորի աղոթքներին: Մեռած և ջարդված հավին իր ձագերով դրեց մաղի մեջ, վերցրեց հավատով և տարավ ու դրեց Ս. Գրիգորի գերեզմանի մոտ: Իր մտքում աղաչում էր Աստծուն: Մեկ ժամ անց տեսավ, որ հավը գալիս է գրգռալով, կենդանացած ձագերով: Կինը հիացած փառք տվեց Աստծուն:
 
Գրաբարից թարգմանեց Աննա Կիշինևսկայան
  • 2021-08-09
×