Հիսուս բացի իր 12 առաքյալներից ունեցել է 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց քարոզելու Աստծո արքայությունն ասելով՝ «Ով ձեզ լսում է, ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, ինձ է մերժում:
72 աշակերտներից ոչ բոլորի անուններն են հայտնի, սակայն նրանց անուններն արձանագրված են Կյանքի գրքում:
Անանիան եղել է Դամասկոսի եպիսկոպոսը: Աստծո հրամանով նա մկրտել է Սավուղին՝ ապագա Պողոս առաքյալին: Ս. Անանիան Աստծո խոսքն է տարածել հրեաների և հեթանոսների մեջ: Նա Ավետարանում հիշատակվում է Պողոս առաքյալին աղոթքով բժշկելիս: Ըստ Աստվածաշնչի, երբ վերջինս երեք օր կուրացել էր, Հիսուս տեսիլքով հայտնվում է նրան և քրիստոնյաներին հալածող Սողոսը վերափոխվում է: Ս. Անանիան նրան աղոթքով բժշկում է և մկրտության ժամանակ տալիս Պողոս անունը:
Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալներից Բառնաբաս կոչվեց, որը նշանակում է «մխիթարության որդի»: Նա վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Եղել է Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից:
Փիլիպպոսը նույնպես Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Նա Աստծո խոսքն է քարոզել Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկություններ և հրաշքներ է գործել: Ըստ ավանդության՝ առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով:
Հովհաննեսը՝ Տիրոջ սիրելի առաքյալը, Հիսուսի 12 աշակերտներից է. վերջին Ավետարանի հեղինակը: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվում` աքսորվելով Պատմոս կղզին, ուր և գրում է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնությունը»: Նա միակ առաքյալն է, որ մահացել է իր բնական մահով:
Շիղան եղել է Պողոս առաքյալի գործակիցներից մեկը: Եբրայական այս անվան հունական ձևը Սիղվանոսն է: Բանտարկվել է Պողոսի հետ, բայց ազատվելով` շարունակել է Աստծո խոսքի տարածումը: Վախճանի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ:
Մարիետտա Խաչատրյան