Մարգարեներն այն անձինք են, որոնց միջոցով Աստված խոսում էր և ժողովրդին հայտնում իր կամքը:
Տերը խոսում է նրանց հետ՝ իբրև Իր բարեկամների, և բացահայտում Իր ծրագրերը, ինչպես գրված է. «Մի՞թե Ես իմ ծառա Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ» (Ծն. 18.01): յդ պատճառով է, որ Աստվածաշնչում հաճախ հանդիպում ենք հետևյալ արտահայտություններին. «Աստված ասաց ինձ», «Այսպես է ասում Աստված» և այլն: Եկեղեցական ավանդության մեջ «մարգարե» են կոչվում հատկապես հին ուխտի այն ընտրյալ անձինք, որոնց Տերը ծառայության էր կանչում Իսրայելի ժողովրդի միջից: Նրանց շուրթերից հնչում էին ոչ միայն հեռու և մոտ ապագայում կատարվելիք իրադարձությունների կանխահայտնումներ, այլև հանդիմանություն ու նախազգուշացում, ապաշխարության կոչ ու փրկության ավետում:
Աստծո խոսքի տարածողն է եղել նաև Եղիսե մարգարեն (Եղիսե նշանակում է «Աստված փրկություն է»): Նա աշակերտն է Եղիա մարգարեի և ապրել է Հրեաստանում Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Եղիա մարգարեն Տիրոջ հրամանով ընտրել է Եղիսեին իբրև իր հաջորդի:
Եղիսեն թեև աշակերտն էր և հաջորդը Եղիայի, սակայն նրանց կյանքի, նկարագրի և գործունեության մեջ հսկայական տարբերություն կա: Եթե Եղիան հիմնականում մենակյաց էր, ապրում էր մարդկանցից հեռու վայրերում, ապա նրա աշակերտ Եղիսեն միշտ ապրել է մարդաշատ վայրերում: Եղիսեն մարգարեացել է 6 իսրայելցի թագավորների օրոք 65 տարուց ավելի:
Երբեմն, Աստծուց ընտրված լինելը ապացուցելու համար մարգարեները Բարձյալի զորությամբ հրաշքներ էին գործում:
Եղիսեն Հին Կտակարանի այն մարգարեներից է, ով գործել է ամենամեծ թվով հրաշքները Մովսես մարգարեից հետո: Նրա գործած հրաշքներից են Նեեման Ասորիի բժշկությունը, Հորդանանի ջրերը բաժանելը, Երիքովի աղբյուրի ջուրը խմելու համար պիտանի դարձնելը, աղքատ այրուն քաղցից փրկելը՝ նրա ամանի միջի յուղն անպակաս դարձնելով, սամարացի կնոջ զավակին հարություն տալը և ուրիշներ: Եվ ինչպես որ կենդանության օրոք է նա հրաշքներ գործել, այդպես և մահվանից հետո: Նրա մահվանից մեկ տարի հետո, երբ նրա գերեզմանի մեջ գցում են մի մեռյալի, վերջինս, դիպչելով Եղիսեի ոսկորներին, հարություն է առնում:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Եղիսե մարգարեի հիշատակությունը նշում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակիի հինգշաբթի օրը: