Բարեսիրտ կայսրը

Բարեսիրտ կայսրը

Ավստրիայի կայսր Յոզեֆ Երկրորդը մեծահոգի, բարեսիրտ մարդ էր և միշտ բարի գործեր էր անում: Մի օր հասարակ հագուստով Վիեննայի փողոցներով շրջելիս նա նկատեց մոտ 12 տարեկան մի տղայի, ով մոտեցավ և ասես ցանկանում էր ինչ-որ բան ասել, սակայն չէր համարձակվում:
 

- Ի՞նչ ես ուզում, փոքրիկ բարեկամ, - հարցրեց արքան մեղմ ու սիրալիր տոնով՝ ցանկանալով քաջալերել տղային:
- Պարոն, դուք շատ բարի եք: Կարծում եմ, ինձ չեք մերժի, - երկչոտ պատասխանեց տղան:
- Իհարկե, չեմ մերժի: Դե ասա, ի՞նչ ես խնդրում: Կարծես թե դու մուրացկան չես:
- Այո, մուրացկան չեմ, - պատասխանեց տղան: Նրա աչքերից արցունք հոսեց: - Հայրս բանակի քաջարի սպա էր: Հիվանդության պատճառով նա ստիպված էր թողնել ծառայությունը, և կայսրը նրան նպաստ նշանակեց: Այդ նպաստի շնորհիվ մեր ընտանիքն ապրում էր: Բայց մի քանի ամիս առաջ հայրս մահացավ, և մենք մնացինք աղքատության մեջ:
- Խեղճ երեխա, - մրմնջաց կայսրը: - Իսկ մայրդ ո՞ղջ է:
- Այո, պարոն: Ես երկու եղբայր ունեմ, նրանք հիմա տանն են, մայրիկի հետ: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մայրիկս անկողնուն է գամված, և մեզանից մեկը պետք է խնամի նրան, իսկ մյուս երկուսը գնան մի բան վաստակելու:


Այս խոսքերն ասելիս տղան հազիվ զսպեց արցունքը:
- Մի տխրիր, տղաս, - ասաց կայսրը: - Դե, տեսնենք, թե ինչ կարող եմ անել ձեզ համար: Մոտակայքում բժիշկ կա՞:
- Մեր տնից քիչ հեռու երկու բժիշկ է ապրում, - ասաց տղան:
- Շատ լավ, գնա և կանչիր նրանցից մեկին՝ զննելու մայրիկիդ: Ահա դրամ՝ ոչ միայն բժշկին վճարելու, այլև ձեզ անհրաժեշտ որոշ գնումների համար:
- Պարոն, ինչպե՞ս կարող եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, - բացականչեց տղան՝ հիացմունքով նայելով պարոնին: - Այս գումարը կփրկի մայրիկիս կյանքն ու մեր կարիքները կհոգա:
- Լավ, տղաս, դե, գնա բժշկի հետևից:


Տղան գնաց, իսկ կայսրը, հետևելով նրան ու կռահելով տան տեղն, ուղղվեց դեպի նրանց տուն և շուտով տեղ հասավ:
Տղայի տանն իրոք աղքատություն էր տիրում: Ընտանիքի մայրը՝ դեռևս երիտասարդ մի կին, անկողնում էր, նա շատ գունատ էր և հյուծված: Տանը գրեթե ոչինչ չկար, քանի որ եղած կահույքն ու իրերը վաճառվել էին՝ դեղորայքի և հացի գումար հայթայթելու համար:


Երբ կայսրը մտավ տուն, այրի կինն ու որդիներն ապշած նայեցին նրան. նրանք չգիտեին նրա ով լինելը:
- Տիկին, ես բժիշկ եմ, - հարգալից ասաց կայսրը: - Ձեր հարևաններն ինձ հայտնեցին Ձեր հիվանդության մասին և ահա եկա՝ առաջարկելու իմ ծառայությունը և անելու հնարավորը:
- Ավաղ, - կմկմաց կինը, - ես գումար չունեմ և չեմ կարող Ձեզ վճարել:
- Այդ մասին մի անհանգստացեք: Ես լիովին վարձատրված կլինեմ, եթե կարողանամ վերականգնել Ձեր առողջությունը:
Նա կնոջը մի քանի հարց տվեց, ապա թղթի մի կտորի վրա մի քանի տող գրեց և գրությունը թողեց աթոռի վրա:
- Ես ձեզ դեղատոմս եմ գրել, տիկին, և հուսով եմ, որ հաջորդ այցիս ավելի լավ կլինեք, - ասաց կայսրն ու հեռացավ:
Նրա գնալուց քիչ անց ընտանիքի ավագ որդին ներս մտավ իրական բժշկի հետ:
- Մայրիկ, մի բարի պարոն ինձ գումար տվեց, - ասաց տղան՝ մոր ափի մեջ դնելով կայսեր տված գումարը: - Այս գումարով կվճարենք բժշկին, դեղ ու ուտելիք կգնենք, և դու շուտով կկազդուրվես:
- Տղաս, մի բժիշկ արդեն այցելել է և դեղատոմս է թողել, - պատասխանեց մայրը՝ մատնացույց անելով աթոռի վրա դրված գրությունը:
Տղան վերցրեց գրությունն, ընթերցեց և իսկույն ուրախության ճիչ արձակեց.
- Մայրիկ, սա լավագույն դեղատոմսն է, որ բժիշկները երբևիցե գրել են: Մայրիկ, սա հրաման է քեզ նպաստ նշանակելու մասին՝ ստորագրված կայսեր կողմից:


Կայսրն իր խնամքի տակ առավ այրի կնոջն ու նրա որդիներին, ովքեր իրենց հոր նման քաջ էին և իրենց մոր նման՝ նվիրված:


«Բարի մարդն իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ…» (Մատթ. 12:35):



Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×