Երախտագիտություն

Երախտագիտություն

Մի մարդ մահից հետո երկնքում հանդիպեց Ս. Պետրոս առաքյալին: Առաքյալը նրան ուղեկցեց ՝ շրջելու դրախտում: Նրանք անցան մի ընդարձակ սրահի մոտով, որտեղ բազմաթիվ հրեշտակներ կային: Առաքյալը կանգ առավ սրահի դիմաց և ասաց.
 

- Այստեղ ընդունարանն է: Այստեղ են ընդունվում Տեր Աստծուն ուղղված բոլոր աղոթքներն ու խնդրանքները:
 

Ընդունարանում բազմաթիվ հեշտակներ խիստ զբաղված էին աշխարհի բոլոր կողմերում ապրող մարդկանցից ստացված խնդրանքների տեսակավորմամբ:
Մարդն ու առաքյալը շարունակեցին զբոսանքը և հասան երկրորդ սրահին: Առաքյալն ասաց. 


- Սա էլ փաթեթավորման և առաքման բաժինն է: Այստեղ են մարդկանց խնդրած շնորհներն ու օրհնությունները բաշխվում և ուղարկվում աշխարհ:


Այդ բաժնում ևս շատ հրեշտակներ էին ժրաջանորեն աշխատում:
Շարունակելով զբոսանքը՝ մարդն ու առաքյալը հասան վերջին սրահին: Ի զարմանս մարդու՝ այնտեղ միայն մեկ հրեշտակ կար, սակայն պարապ էր, ոչինչ չէր անում:
 

- Սա երախտագիտության բաժինն է, - բացատրեց առաքյալը:
- Բայց ինչո՞ւ այստեղ ոչինչ չեն անում, - տարակուսեց մարդը:
- Դե, գիտես, երբ մարդիկ ստանում են իրենց խնդրած շնորհներն ու օրհնությունները, հազվադեպ են երախտագիտություն հայտնում Տիրոջը:
- Իսկ ինչպե՞ս է պետք երախտագիտություն հայտնել Տիրոջը, - հարցրեց մարդը:
- Պետք է պարզապես ասել՝ «Շնորհակալ եմ, Տեր Աստված»:


Երախտագիտության զգացում զարգացնելը շատ հեշտ է։ Ուղղակի պետք է մեր հաջողությունները, ձեռքբերումները, հաղթանակները, մեր ընտանիքի, ընկերների գոյությունն ընդունել ոչ թե որպես սովորական երևույթ, այլ որպես Աստծո մեծ պարգև։ Երախտագետ պետք է լինել նաև դժվարությունների համար, քանի որ դրանց միջոցով ենք դառնում ավելի խելացի և ուժեղ։ Երախտագետ լինելու շատ առիթներ կարելի է գտնել։ Եկեք հաճախ ասենք՝ «Շնորհակալություն»:


Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×