Մի փոքրիկ տղա երազում էր հանդիպել Տեր Աստծուն: Նա գիտեր, որ Աստծուն հանդիպելու համար պետք է շատ երկար ճանապարհ անցնել, ուստի իր պայուսակը լիքը լցրեց թխվածքաբլիթներով ու զովացուցիչ ըմպելիքով և ճանապարհ ընկավ:
Արդեն անցել էր մի քանի թաղամաս, երբ հանդիպեց մի տատիկի: Նա նստած էր զբոսայգու նստարանին և աղավնիներին էր դիտում: Տղան նստեց տատիկի կողքին և բացեց իր պայուսակը՝ ուտելիք վերցնելու: Նկատելով, որ տատիկը քաղցած տեսք ուներ, նրան էլ առաջարկեց թխվածքաբլիթ: Տատիկը երախտագիտությումբ ընդունեց հյուրասիրությունը և սիրալիր ժպտաց: Նա այնքան հմայիչ ժպիտ ուներ, որ տղան ցանկացավ տատիկին կրկին ժպտալիս տեսնել և նրան ըմպելիք առաջարկեց: Նրան գրավել էր տատիկի ջերմ ու բարի ժպիտը:
Տղան ու տատիկը երկար նստեցին կողք-կողքի, կերան թխվածքաբլիթներն ու խմեցին զովացուցիչ ըմպելիքները, ժպտացին միմյանց, սակայն չզրուցեցին:
Երբ արդեն մթնում էր, տղան զգաց, որ շատ հոգնած էր: Վեր կացավ՝ տուն գնալու, մի քանի քայլ գնաց, ապա շրջվեց, վազելով մոտեցավ տատիկին ու ամուր գրկեց նրան: Տատիկն էլ գրկեց նրան և շատ բարեհամբույր ժպտաց:
Երբ տղան տուն հասավ, մայրը զարմացավ՝ տեսնելով նրա դեմքի ուրախ արտահայտությունը և հարցրեց.
- Ի՞նչն է քեզ այդքան ուրախացրել, որդիս:
- Այսօր նախաճաշել եմ Տեր Աստծո հետ, - պատասխանեց տղան: Եվ նախքան մայրը նրան ինչ-որ պատասխան կտար, նա ասաց. – Գիտե՞ս, մայրիկ, Նա շատ գեղեցիկ ժպիտ ունի:
Տատիկը նույնպես տուն գնաց շատ բարձր տրամադրությամբ: Նրա որդին, զարմացած մոր դեմքի խաղաղ ու գոհունակ արտահայտությամբ, հարցրեց.
- Մայրիկ, ի՞նչն է քեզ այսօր այդքան ուրախացրել:
- Այսօր զբոսայգում Տեր Աստծո հետ թխվածքաբլիթներ ճաշակեցինք, - պատասխանեց մայրը, ապա ավելացրեց. – Գիտե՞ս, որդիս, նա շատ ավելի երիտասարդ է, քան պատկերացնում ենք:
«Աստծո ձայնը լսելու համար նախ պետք է լռեցնել աշխարհի աղմուկը»: (Անհայտ հեղինակ)
Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը