Աշխարհ եկավ մի նորածին մանչուկ: Նոր աշխարհը սկզբում վախեցրեց նրան, և նա լաց եղավ. դրանք վախի արցունքներ էին: Հետո նա ճանաչեց հարազատ մոր ձայնը և հանգստացավ: Օրեր անց նա ժպիտին արձագանքում էր ժպիտով: Մի օր վաղ առավոտյան նա դիտում էր ծաղիկների ու խոտերի վրա նստած ցողի կաթիլները, որոնք փայլում էին՝ անդրադարձնելով արևի ճառագայթները: Տեսարանն այնքան հմայիչ էր, որ նրա հիացած աչուկներից էլ արցունք հոսեց: Միայն թե՝ այգում ցողը շուտով գոլորշացավ՝ առանց հետք թողնելու, իսկ նրա աչքերից հոսող արցունքները վերածվեցին փոքրիկ ադամանդների՝ առկայծելով ծիածանի բոլոր գույներով, ասես արևն էր թաքնված դրանց մեջ:
Մի օր էլ նա պատուհանից տեսավ, թե ինչպես թռչնի անօգնական ձագուկը բնից վայր ընկավ և խղճալիորեն ծվծվում էր՝ փորձելով թռչել ետ՝ դեպի բույն, բայց՝ ապարդյուն. չէ՞ որ նա դեռ փոքրիկ էր, թևերը դեռ չէին ամրացել: Դեռ նոր քայլել սովորող տղան տնից դուրս եկավ՝ օգնելու թռչնակին, բայց տեսավ դունչը լիզող սև կատվին, իսկ նրա կողքին՝ թռչնակի փետուրները… Կրկին փոքրիկի աչքերից հոսեցին ադամանդե արցունքներ, որոնք ծնողները խնամքով հավաքեցին: Երբեմն նրանք տոն էին կազմակերպում. հանում էին ադամանդե արցունքները, հիանում դրանցով: Նրանք երբեք դրանք ոչ ոքի ցույց չէին տալիս, չէին ասում, որ իրենց որդին երբեմն լալիս էր սովորական արցունքներով, որոնք բարկության, կամակորության, չարության արցունքներ էին, իսկ երբեմն էլ՝ ադամանդե արցունքներով: Դա ծնողների գաղտնիքն էր, նրանք մտահոգվում էին, որ չար մարդիկ կարող էին առևանգել իրենց որդուն և այդ պատճառով էլ նրան թույլ չէին տալիս խաղալ ուրիշ երեխաների հետ, որպեսզի գաղտնիքը չբացահայտվեր: Նրանք իրենց զավակին պաշտում էին, պահում ձեռքերի վրա:
Շուտով տղան սովորեց նման արքայական վերաբերմունքին և երկրպագությանը: Նա սկսեց կարծել, թե աշխարհը ստեղծված էր միայն իր համար, բոլորն իր հպատակներն էին: Սովորեց իշխել, հրամաններ տալ և գնալով ավելի ինքնահավան ու սառնասիրտ դարձավ: Ծնողները տեսնում էին իրենց որդու փոփոխությունը, բայց այլևս անզոր էին: Նրանք վախենում էին, որ նա կարող էր հետ սովորել լաց լինել անգամ սովորական արցունքներով: Դա նրանց խիստ վշտացնում էր, չէ՞ որ նա ժամանակին շատ զգայուն երեխա էր:
Տարիներն անցան: Որդուն դաստիարակելու ծնողների ջանքերն իզուր եղան, նրանք ծերացան: Նրանց հույսը, թե որդին ծերության և հիվանդության օրերին կհոգար և կխնամեր նրանց, հօդս ցնդեց վաղորդյան ցողի նման: Նա անզգա և անտարբեր էր ամեն ինչի և ամեն մեկի հանդեպ՝ բացի իր անձը: Բոլորին վերևից էր նայում, վերաբերում՝ ինչպես ստրուկների, ոչ ոքի չէր սիրում և չէր կարեկցում: Նրա սիրտը քարացել էր: Երբ հայրը մահացավ, նա անգամ մեկ կաթիլ արցունք չթափեց:
Իսկ երբ մահամերձ մայրը որդուց մի բաժակ ջուր խնդրեց, նա մռայլվեց, բայց բերեց: Ջուրը տալիս նա ակամա նկատեց, որ մոր ձեռքը դողում էր և նա չէր կարողանում պահել բաժակը. ջուրը ցայտեց այսուայն կողմ, բաժակը զրնգոցով դիպչում էր ատամներին: Առաջին անգամ տղան նկատեց մոր՝ ժամանակին նուրբ ձեռքերին առաջացած մուգ բծերը. որքա՜ն էին այդ ձեռքերն աշխատել, խնամել նրան… Իսկ այժմ դրանք բաժակն անգամ չեն կարող պահել… Նա վերցրեց բաժակն ու հոգատարությամբ խմեցրեց նրան:
Մայրը զարմացած և երախտապարտ հայացքով նայեց որդուն: Նրա աչքերն արցունքով լցվեցին: Հանկարծ տղայի գլխում ծագեց այն միտքը, որ շուտով ինքը բոլորովին մենակ կմնար աշխարհում, այլև ոչ ոք նրան մոր պես չէր սիրի: Նա ափսոսաց, որ երբեք ոչ մի բանով չէր ուրախացրել մորը, չէր ջերմացրել նրա սիրտը բարի խոսքերով կամ հոգատարությամբ: Մայրն ապրել էր իր համար, իսկ ինքն՝ ո՞ւմ համար: Նա իր հոգատար մայրն էր եղել, իսկ ինքն արդյո՞ք նրան արժանի որդի եղել էր: Հանկարծ նրա աչքերը մշուշով պատվեցին, և ինչ-որ բան ընկավ բաժակի մեջ: Դա փոքրիկ ադամանդ էր:
Եկեք խորհենք այս պատմվածքի շուրջ: Մեր ծնողները, տատիկներն ու պապիկները, մերձավորները մեզ անսահման սեր, հոգատարություն և ջերմություն են պարգևում, պահպանում ու պաշտպանում: Իսկ մե՞նք. ի՞նչ ենք տալիս մենք նրանց: Գնահատո՞մ ենք արդյոք նրանց սերն ու գուգուրանքը, թե՞ կարծում ենք, թե այդպես էլ պետք է լիներ, քանզի մենք ենք ամենակարևորն այս աշխարհում: Խորհենք այդ ամենի մասին և եզրակացություններ անենք:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը