Երախտագիտության դասը

Երախտագիտության դասը

Մի քաղաքում ապրում էր մի հարուստ և մեծամիտ մարդ: Նա ամուրի էր, հարազատների հետ չէր շփվում, հարևաններին արհամարհում էր և հաճախ ծաղրում նրանց ընկերների մոտ: Անգամ ընկերներին նա չէր սիրում և հաճախ էր բողոքում Տեր Աստծո դեմ այն բանի համար, որ ինքը քաղաքի ամենահարուստ, ամենահայտնի ու ամենահարգարժան մարդը չէր:



Զայրացրեցին Տեր Աստծուն նրա նախանձն ու անվերջանալի բողոքները, և երբ նա քամուն տվեց իր ունեցվածքը, Տերը չկամեցավ օգնության ձեռք մեկնել նրան: Իսկ երբ մարդն անիծեց Տեր Աստծուն իր վիճակի համար, տեղի ունեցավ դժբախտ պատահար. կայծակի հարվածից այրվեց նրա միակ և վերջին ունեցվածքը՝ տունը:


Դառն արցունք թափեց մարդը և փորձեց ապաստան գտնել ընկերների մոտ, սակայն ընկերներից ոչ մեկը չընդունեց նրան, բոլորը երես թեքեցին նրանից:
Քաղցած, հոգնած, մրսած և հուսահատ՝ նա ուշ գիշերով թակեց հարևանուհու տան դուռը: Թեև հարևանուհին աղքատ այրի էր և երկու մանկահասակ զավակ ուներ, անհիշաչար գտնվեց, գթաց մարդուն և օթևան ու կերակուր տվեց նրան:


Առավոտյան մարդը ծնկաչոք աղոթեց եկեղեցում և արցունքն աչքերին ներում հայցեց Տիրոջից իր հիմարության և հպարտության համար: Ժամանակին իր ծաղրին ու արհամարհանքին արժանացած հասարակ մարդկանց բարությունն ու մեծահոգությունը հուզել էին նրան, և նա աղոթում էր. «Ներիր ինձ, Տեր, ես չգնահատեցի Քո շնորհները և երախտագետ չեղա Քո գթասրտության համար»:


Շուտով նա հաշտվեց իր հարազատների հետ և նրանց օգնությամբ կառուցեց մի փոքրիկ տուն, սկսեց ապրել բոլորի հետ հաշտ ու համերաշխ:
Տարիներ անցան, մահացավ այն աղքատ այրին, ով նրան ընդունել էր իր տանը նրա կյանքի ամենադժվար շրջանում, այրու զավակները բոլորովին որբացան: Բախեցին նրանք այն մարդու տան դուռը և ապաստան խնդրեցին: Մարդը նրանց կարեկցեց և սակայն մերժեց՝ ասելով, թե իր տունը փոքր էր, նեղվածք, լավ կլիներ դիմել հարուստ և ավելի մեծ տուն ունեցող մարդկանց: Բացի դրանից, ինքը սովոր էր մենակ ապրել…


Հուսահատ որբերը հեռացան, իսկ հաջորդ առավոտյան մարդն անկարող էր վեր կենալ. անհայտ մի հիվանդություն անկողնուն էր գամել նրան: Մարդն արցունք թափեց՝ հուսահատության պահին դիմելով Տեր Աստծուն.
- Ես կրկին մեղանչեցի, Տեր, և դրա համար հատուցում եմ առողջությամբ: Ինչո՞ւ ես այդքան դաժանորեն պատժում:
Տեր Աստված հոգոց հանեց և ասաց.
- Ինչո՞ւ չես կարող իմաստուն լինել առանց տառապանքի ու վշտի:
Այդ ժամանակ մարդն ամեն բան հասկացավ: Նա ներողություն խնդրեց որբերից, նրանք էլ սիրով հանգրվանեցին նրա տանը և խնամեցին նրան՝ օգնելով հաղթահարել հիվանդությունը: Այնժամ մարդը շնորհակալ եղավ Տեր Աստծուն՝ իրեն կրկին գթալու համար:


Դրանից ի վեր նա ամեն պահ վայելում էր մերձավորների ներկայությունը, նրանց ձայներն աննկարագրելի երջանկություն էին պարգևում նրան:
Մարդը տարիքն առավ, և մի օր, երբ իր տան բակում զվարճանում էր թոռների հետ, տան մոտով անցան իր նախկին ընկերները: Նրանք սկսեցին ծաղրել նրան և ծիծաղել նրա փոքր տան, հասարակ հագուստի և երեխաների հետ նրա խաղերի վրա:


Իսկ նա լոկ հայացքը հառեց երկինք և երախտագիտություն հայտնեց Տեր Աստծուն…



Օնորե դը Բալզակ. «Երախտագիտությունն ապացուցում են գործով»:
Վիլյամ Շեքսպիր. «Կա արդյո՞ք անշնորհակալ մարդուց ավելի հրեշավոր բան»:

 


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-20
×