Ժամացույցը

Ժամացույցը

Մի օր մի մարդ իր դստերը ծննդյան 18-րդ տարեդարձի առթիվ թանկարժեք և բացառիկ ժամացույց նվիրեց՝ պատրաստված ժամանակի ամենահայտնի ժամագործներից մեկի կողմից:

Անցան տարիներ, աղջիկը մեծացավ, ընտանիք կազմեց, հայրն արդեն չկար: Նրանից հիշատակ մնաց ժամացույցը, որը դեռ աշխատում էր: Բայց մի օր ժամացույցը փչացավ: Կինը շատ տխրեց, չէ՞ որ այդ ժամացույցը միշտ հիշեցնում էր իր հորը: Նա գնաց արհեստանոց՝ նորոգման տալու ժամացույցը: Ժամացույցն ուսումնասիրելուց հետո նորոգողն ասաց.
- Ոչ մի կերպ չեմ կարող օգնել, այս ժամացույցն այլևս չի աշխատի:


Հուսահատ կինը ձեռքն առավ ժամացույցը, և այդ պահին նրա հայացքն ընկավ ժամացույցի հակառակ երեսին արված փորագրությանը, որտեղ նշված էր ժամագործ վարպետի անունը: Դա կնոջ վեջին հույսն էր…


Կինը մեծ դժվարությամբ փնտրեց ու գտավ վարպետին, ով բարեբախտաբար դեռ ողջ էր: Գնալով նրա մոտ, կինն անխոս մեկնեց ժամացույցը: Վարպետն իսկույն ճանաչեց իր աշխատանքը:


- Եկեք վաղն այս ժամին, - ասաց նա:


Հաջորդ օրը նույն ժամին կինը վարպետի մոտ էր, իսկ ձեռքին՝ ճշգրիտ աշխատող ժամացույցը:
- Ինչպե՞ս հաջողվեց նորոգել ժամացույցը, - հուզված հարցրեց նա: - Ինձ ասել էին, որ այն նորոգման ենթակա չէ:
- Ժամացույցը ես եմ պատրաստել և գիտեի, թե ինչպես այն նորոգել, - պատասխանեց վարպետը:


Ճիշտ այդպես էլ երբ շրջապատում բոլորն ասում են, որ կենսական որոշակի իրավիճակներում (վերականգնում աշխատանքում, ամուսնության ու ընտանիքի պահպանում, անբուժելի հիվանդության բուժում և այլն) ոչինչ հնարավոր չէ անել, մեր Տեր Աստված ասում է. «Ես եմ Արարիչն ամբողջ աշխարհի և գիտեմ, թե ինչպես կարելի է ամեն բան շտկել»: Մենք՝ մարդիկս, խորհրդանշում ենք ժամացույցը, և հնարավոր է, որ ժամանակի ընթացքում «կոտրվենք» կենսական խնդիրների ու դժվարությունների պատճառով: Բայց մենք ունենք մեր Վարպետը՝ մեր Տեր Աստված, Ում հուսալի ձեռքերում կարող ենք վերադարձնել մեր նախնական վիճակը և կրկին գործել՝ վերադառնալով կյանքի:

 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-09
×