Ծնողներն իրենց որդու համար ընտրեցին լավագույն դպրոցն ու ուսուցչին: Ուսումնական տարվա առաջին օրը պապը թոռանը տարավ դպրոց: Երբ նրանք դպրոցի բակ մտան, դպրոցականները շրջապատեցին նրանց և սկսեցին ծաղրել:
- Ինչ ծիծաղելի ծերուկ է, - բացականչեց մի տղա:
- Էյ դու, փոքրիկ հաստլիկ, - վրա տվեց մեկ ուրիշը:
Դպրոցականները շարունակեցին ծաղրել պապին ու թոռանը, մինչև որ դուրս եկավ ուսուցիչը և զանգը հնչեցնելով՝ ազդարարեց դասի սկիզբը: Պապը վճռականորեն բռնեց թոռան ձեռքն ու դուրս եկավ դպրոցի բակից:
- Ինչ լավ է, որ դպրոց չեմ գնալու, - ուրախացավ տղան:
- Իհարկե կգնաս, բայց ոչ այս դպրոցը, - պատասխանեց պապը: - Ինքս քեզ համար դպրոց կընտրեմ:
Պապը թոռանը տարավ տուն, և թողնելով նրան տատի մոտ՝ գնաց փնտրելու լավագույն դպրոցն ու ուսուցչին: Ամեն անգամ որևէ դպրոց տեսնելիս նա մտնում էր բակ և սպասում, թե երբ աշակերտները դուրս կգային դասամիջոցի: Որոշ դպրոցներոմ աշակերտներն ուշադրություն չէին դարձնում և անգամ չէին նկատում ծերունուն, այլ դպրոցներում ծաղրում էին, վիրավորում: Նա լուռ շրջվում էր ու հեռանում:
Վերջապես նա մտավ մի աննշան, փոքր դպրոցի բակ և հոգնած՝ հենվեց ցանկապատին: Ճիշտ այդ պահին զանգը հնչեց, և աշակերտները դուրս եկան բակ՝ դասամիջոցի:
- Պապիկ, վա՞տ եք զգում, ջուր բերե՞մ, - լսվեց մի ձայն:
- Մեր բակում նստարան կա, համեցեք նստեք, պապիկ, - առաջարկեց մի տղա:
- Կուզե՞ք՝ ուսուցչին կանչեմ, – հարցրեց մեկ ուրիշը:
Շուտով բակ դուրս եկավ ուսուցիչը և տեսնելով իրարանցում՝ մոտեցավ պարզելու, թե ինչ էր պատահել:
Ծերունին ողջունեց ուսուցչին և ասաց.
- Վերջապես թոռանս համար գտա լավագույն դպրոցն ու ուսուցչին:
- Սխալվում եք, հայրիկ, մեր դպրոցը լավագույնը չէ, ընդարձակ և հարմարավետ չէ, -պատասխանեց ուսուցիչը:
Ծերունին չառարկեց: Նա բոլոր հարցերի շուրջ պայմանավորվեց ուսուցչի հետ և հեռացավ:
Երեկոյան թոռան ծնողները հարցրեցին պապին.
- Հայրիկ, դուք գրագետ չեք, ինչո՞ւ եք կարծում, թե գտել եք լավագույն դպրոցն ու ուսուցչին:
- Դպրոցի և ուսուցիչների մասին կարելի է դատել աշակերտների միջոցով, - պատասխանեց ծերունին:
«Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին»:
Շառլոտ Բրոնտե
«Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակն ամբողջանում է ուսուցչի մեջ»:
Ադոլֆ Դիստերվեգ
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը