Վաճառվում են ծնողներ…

Վաճառվում են ծնողներ…

Սա իրական պատմություն է, որը տեղի է ունեցել Ճապոնիայում: Տոկիոյում լույս տեսնող թերթերից մեկում հրապարակվեց հետևյալ բովանդակությամբ հայտարարությունը.

«Վաճառվում են ծնողներ. հայրը՝ 70 տարեկան, մայրը՝ 65 տարեկան: Գինը՝ 1000 իեն և ոչ մի իեն պակաս»:


Այս տարօրինակ հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Այն կարդացող մարդիկ տարակուսում էին, վրդովում. «Այս ո~ւր ենք հասել, այս ի~նչ ժամանակներ ու բարքեր են, արդեն զավակները վաճառում են ծնողներին»: Ոմանք էլ ավելացնում էին. «Ինչպե՞ս են իշխանությունները նման բան թույլ տալիս»:


Հայտարարությունը քննարկվում էր տներում և փողոցներում, քննադատվում ամենքի կողմից:
Հայտարարությունն ընթերցեցին նաև երիտասարդ ամուսիններ, ովքեր ոչ վաղ անցյալում կորցրել էին իրենց սիրելի ծնողներին ավտովթարի հետևանքով: Նրանք ծանր էին տանում իրենց մեծ կորուստը, և ինչ-որ մեկի ցանկությունը՝ վաճառել ծնողներին, նրանց կարծիքով սրբապղծություն էր: Նրանք լավ էին պատկերացնում, թե ինչ կարող էին զգալ նման իրավիճակում գտնվող դժբախտ ծնողները, ինչ կարող էին ակնկալել ապերախտ զավակներից: Ամուսիններն իսկույն որոշեցին ազատագրել ու գնել տարեց մարդկանց և սիրով շրջապատել նրանց:


Վերցնելով անհրաժեշտ գումարը, նրանք գնացին հայտարարության մեջ նշված հասցեով: Երբ տեղ հասան, տեսան մի շքեղ առանձնատուն՝ ամբողջովին շրջապատված բազմապիսի ծաղիկներով ու թփերով: Կարծեցին, թե հայտարարության մեջ սխալ հասցե էր նշված, և այնուամենայնիվ, որոշեցին զանգահարել:
Դուռը բացեց տարեց մի մարդ՝ հաճելի ժպիտով: Զույգը պատմեց հայտարարության մասին, նաև այն մասին, որ իրենք կորցրել էին իրենց ծնողներին, և այժմ, կարդալով ազդը, որոշել էին գնել տարեց զույգին և խնամել նրանց: Նրանք ներողություն հայցեցին տարեց տղամարդուց՝ անհանգստություն պատճառելու համար, քանզի, ըստ երևույթին, սխալ հասցեով էին եկել:


- Ոչ, չեք սխալվել, հասցեն ճիշտ է: Ներս եկեք, հիմա կկանչեմ տիկնոջս, - հրավիրեց հուզված տղամարդը:
Նա հեռացավ և շուտով վերադարձավ կնոջ հետ: Նրանք պատմեցին.
- Մենք այս տան տերերն ենք, նաև արժեքավոր այլ ունեցվածք ունենք: Զավակներ չունենք և կցանկանայինք, որ մեր ամբողջ կարողությունն անցներ արժանի ու լավ մարդկանց, ահա և այդպիսի հայտարարություն տարածեցինք: Մտածեցինք, որ հայտարարությանը կարձագանքի միայն արժանավոր մարդը: Ճիշտն ասած, կասկածում էինք, որ նման ապրանքի գնորդ կհայտնվի: Ձեր ցանկությունը ձեզ մեծ պատիվ է բերում, իսկ մեզ՝ մեծ ուրախություն պատճառում: Համոզված ենք, որ դուք հենց այն մարդիկ եք, ում կարող ենք թողնել մեր ունեցվածքը:


«Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված է տալու քեզ» (Ելք 21:12):
Աստված ասաց. «Մեծարիր քո հորը և մորը» (Մատթ. 15:4):

 


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-20
×