Երջանկություն թե՞ դժբախտություն

Երջանկություն թե՞ դժբախտություն

Մի գյուղում ապրում էր մի շատ աղքատ ծերունի, սակայն անգամ վանականներն էին նախանձում նրան, որովհետև նա մի հիանալի սպիտակ նժույգ ուներ: Թագավորները նրա նժույգի դիմաց հեքիաթային գին էին առաջարկում, բայց ծերունին միշտ հրաժարվում էր վաճառել:

 

Մի օր առավոտյան պարզվեց, որ նժույգն ախոռում չէր: Համագյուղացիները հավաքվեցին՝ սատարելու ծերունուն և իրենց աջակցությունը հայտնելու, ոմանք էլ՝ հանդիմանելու:
- Անխելք ծերուկ, չէ ո՞ր զգուշացնում էինք, որ մի օր նժույգդ կգողանան: Ավելի լավ կլիներ՝ վաճառեիր: Ի՜նչ դժբախտություն:


Ծերունին պատասխանեց՝ ծիծաղելով.
- Մի շտապեք եզրակացություններ անել: Ուղղակի ասեք, որ նժույգն ախոռում չէ. դա փաստ է: Չգիտեմ, թե դա դժբախտություն է թե՞ երջանկություն, և ո՞վ գիտի, թե հետո ի՞նչ կլինի:


Շաբաթներ անց նժույգը վերադարձավ: Նրան չէին գողացել, այլ կապն էր արձակվել, և նա ազատություն էր ստացել: Վերադառնալով՝ նժույգն իր հետ անտառից բերել էր մի քանի վայրի ձի:


Զարմացած հարևաններն ասում էին.
- Դու ճիշտ էիր ծերուկ, ներիր մեզ: Մեզ հասու չեն Աստծո գործերն ու ճանապարհները, սակայն դու ավելի խորագետ եղար: Դա ոչ թե դժբախտություն էր, այլ՝ երջանկություն:


Ծերունին պատասխանեց.
- Դուք կրկին շտապում եք: Ուղղակի ասեք, թե նժույգը վերադարձավ: Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ կլինի:


Այս անգամ մարդիկ էլ ոչինչ չասացին, բայց յուրաքանչյուրն իր մտքում գիտեր, որ ծերունին սխալվում էր. չէ՞ որ ձիերի թիվն ավելացել էր:


Ծերունու որդին սկսեց վարժեցնել ձիերը, և մի օր այնպես պատահեց, որ դրանցից մեկը նրան ցած նետեց: Տղան ոտքերի կոտրվածքներ ստացավ: Նորից հավաքվեցին հարևանները և սկսեցին քննարկել պատահարը:


- Ծերուկ, դու ճիշտ էիր: Սա դժբախտություն էր: Միակ որդիդ կոտրվածքներ ունի, իսկ չէ՞ որ նա է ծերության օրերիդ միակ հույսն ու ապավենը: Հիմա քո վիճակն ավելի վատ է, բան նախկինում: 

Ծերունին պատասխանեց.
- Կրկին անիմաստ դատողություններ եք անում և հեռուն գնում: Ուղղակի ասեք, թե որդուս ոտքերը կոտրվել են: Չգիտենք, թե դա փորձանք է թե՞ հաջողություն: Կյանքն իրադարձությունների և դեպքերի հաջորդականություն է, ապագան՝ անհայտ:


Մի քանի որ անց երկրում պատերազմ սկսվեց, և բոլոր երիտասարդները զորակոչվեցին: Գյուղում մնաց միայն ծերունու հաշմանդամ որդին:
Բոլորը սարսափով էին մտածում պատերազմի մասին՝ քաջ գիտակցելով, որ իրենց որդիներից ոմանց վիճակված չէր տուն վերադառնալ:

 

Մի օր նրանք ծերունուն ասացին.

- Թեև որդիդ հաշմանդամ է, այնուամենայնիվ, նա կողքիդ է, քեզ հետ: Հայտնի չէ, թե ինչ կլինի մեր որդիներին:
 

Ծերունին պատասխանեց:
- Կրկին դատողություններ եք անում, մինչդեռ ոչ ոք ոչինչ չգիտի: Նշենք միայն, որ ձեր որդիները մեկնել են պատերազմ, իսկ իմ որդին մնացել է տանը: Մի մեկնաբանեք կյանքում տեղի ունեցող իրադարձությունները և մի օր կգիտակցեք, որ ամեն ինչ հրաշալի է:

 


«Իմաստությունը լավ է անգին քարերից, և թանկարժեք ոչ մի բան չի հավասարվի նրան: Ես՝ իմաստությունս, բնակվեցի խորագիտության մեջ, և միշտ ինձ հետ են խորհուրդն ու գիտությունը»: (Առակ. 8:11-12):

 


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-20
×