Հրաշքի գինը

Հրաշքի գինը

Էմման իննամյա հիասքանչ, իր տարիքին անհամապատասխան խելացի և լուրջ աղջնակ էր: Մի օր նա լսեց ծնողների խոսակցությունն իր կրտսեր եղբոր մասին: Էմման գիտեր, որ եղբայրը ծանր հիվանդ է, և ծնողներն էլ գումար չունեին: Նրանք վերջերս էին տեղափոխվել իրենց բարեկամի բնակարան, քանի որ բավարար գումար չունեին թե՛ հիվանդանոցային ծախսերի և թե՛ տան վարձակալության համար: Էմմայի եղբոր միակ փրկությունը կարող էր լինել թանկարժեք վիրահատությունը: Էմման լսեց, թե ինչպես հայրիկն ասաց արտասվող մորը. «Հիմա միայն հրաշքը կարող է փրկել մեր որդուն»: 

 Էմման իսկույն վազեց իր սենյակը, դարակից հանեց գանձատուփը, բացեց և հաշվեց իր հավաքած գումարը: Ապա դրամները կրկին լցրեց գանձատուփը, ամուր փակեց և տնից դուրս գալով՝ վազեց դեպի մոտակա դեղատունը: Մտնելով դեղատուն՝ Էմման համբերատար սպասեց, մինչև դեղագործն ուշադրություն դարձներ իրեն, բայց նա տարված էր մի համակրելի և լավ հագնված տղամարդու հետ զրույցով: Էմման սկսեց ոտքով թխկթխկացնել հատակին՝ ուշադրություն գրավելու համար, բայց՝ ապարդյուն: Հետո սկսեց բարձր հազալ, և կրկին նրան ոչ ոք չնկատեց: Ի վերջո, նա մետաղադրամով թխկթխկացրեց ապակուն:


- Քեզ ի՞նչ է պետք, - վրդովված հարցրեց դեղագործը, - չե՞ս տեսնում, որ զրուցում եմ արտերկրից ժամանած եղբորս հետ, ում մի քանի տարի չէի տեսել:


- Ուզում եմ պատմել եղբորս մասին, նա ծանր հիվանդ է… Ուզում եմ հրաշք գնել…


- Ներողություն, ի՞նչ ես ուզում գնել, - զարմացած լսածից՝ հարցրեց դեղագործը:


- Եղբորս գլխում ինչ-որ վտանգավոր բան է աճում, հայրիկս ասում է, որ հիմա միայն հրաշքը կարող է փրկել նրան: Կասեք՝ ի՞նչ արժե այդ հրաշքը:


- Աղջիկս, մեզ մոտ հրաշք չի վաճառվում: Ներիր, բայց ոչ մի կերպ չեմ կարող օգնել քեզ, - ասաց դեղագործը:


- Լսեք, ես դրամ ունեմ և կարող եմ վճարել: Եթե իմ ունեցած գումարը բավարար չէ, ես էլի կճարեմ: Միայն թե ասեք, թե ի՞նչ արժե այդ հրաշքը, - թախանձեց աղջիկը:


Դեղագործի եղբայրը միջամտեց և մոտ կանչելով Էմմային՝ հարցրեց.


- Եղբորդ ինչպիսի՞հրաշք է հարկավոր, աղջիկս:


- Չգիտեմ: Հայրիկս ասում է, որ նա ծանր հիվանդ է, և միայն վիրահատությունը կփրկի նրան: Բայց հայրիկս չի կարող վճարել վիրահատության համար, դրա համար էլ ես որոշեցի տրամադրել իմ հավաքած գումարը, - պատասխանեց Էմման:


- Իսկ ինչքա՞ն է քո հավաքած գումարը, - հարցրեց տղամարդը:


- Մեկ դոլար և տասնմեկ ցենտ: Եթե պետք է, կարող եմ էլի գումար գտնել, – Էմման մեկնեց իր հավաքած գումարը:


- Ինչպիսի՜ զուգադիպություն. ճիշտ այդքան գումար է հարկավոր քո ուզած հրաշքի համար, - տղամարդը ժպտաց, վերցրեց գումարը, բռնեց աղջկա ձեռքն ու խնդրեց ուղեկցել իրենց տուն: - Ուզում եմ տեսնել եղբորդ և հանդիպել ծնողներիդ հետ: Տեսնենք, թե ձեզ ի՞նչ հրաշք է հարկավոր:


Տղամարդը հայտնի նյարդավիրաբույժ էր: Նա անվճար վիրահատեց տղային, և շուտով նա առողջացավ: Էմմայի մայրիկն ու հայրիկը երջանիկ էին, որ պատահական իրադարձությունների շղթան իրենց մոտ էր բերել բժշկին ու փրկել իրենց որդու կլյանքը:


- Բժշկի օգնությունն իսկական հրաշք էր, հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ կարժենար այդ հրաշքը, - զարմանում էր Էմմայի մայրիկը:


Իսկ Էմման ժպտում էր. նա գիտեր, թե ինչ արժեր այդ հրաշքը... Մեկ դոլար և տասնմեկ ցենտ, գումարած՝ փոքրիկ աղջնակի անկեղծ հավատը:

 


«Օ՜, խորություն Աստծո հարստության. իմաստության և գիտության: Ինչքա՜ն անքննելի են Նրա դատաստանները, և անզննելի՝ Նրա ճանապարհները» (Հռոմ. 11:33):

 


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-08
×