Սերը և բաժանումը

Սերը և բաժանումը

Սերը և բաժանումը դիտում էին երիտասարդ մի զույգի: Բաժանումն ասաց,

 - Ես կարող եմ նրանց բաժանել:


Սերը պատասխանեց.
- Թույլ տուր գեթ մեկ անգամ մոտենալ նրանց, հետո արա, ինչ ուզում ես, և կտեսնենք, թե արդյո՞ք կարող ես նրանց բաժանել:


Բաժանումը համաձայնվեց:


Սերը մոտեցավ երիտասարդ զույգին, հպվեց նրանց, նայեց նրանց աչքերի մեջ և տեսավ, որ նրանց միջև կայծ բռնկվեց… Ապա սերը մի կողմ քաշվեց և մոտենալով բաժանմանն՝ ասաց.
- Դե, հիմա քո հերթն է, դու մոտեցիր:


- Հիմա ոչինչ չեմ կարողանա անել, - պատասխանեց բաժանումը: - Հիմա նրանց սրտերը լի են սիրով: Ավելի ուշ կայցելեմ նրանց:


Անցավ որոշ ժամանակ: Բաժանումը մտավ ամուսինների տուն և տեսավ երիտասարդ ծնողներին ու նրանց նորածին զավակին: Բաժանումը հուսով էր, որ նրանց սերն արդեն մարել էր, սակայն նայելով նրանց աչքերին՝ տեսավ երախտագիտություն: Նա թոթվեց ուսերն ու հեռացավ՝ մտածելով. «Դե լավ, ավելի ուշ կգամ»:


Անցան տարիներ, բաժանումը կրկին այցելեց նրանց. տանն աղմկում ու խաղում էին ընտանիքի զավակները, աշխատանքից հոգնած տուն դարձավ ընտանիքի հայրը, իսկ մայրը խնամում և հոգ էր տանում զավակներին: Ահա, ճիշտ ժամանակն էր բաժանել նրանց, չէ՞ որ սերն ու երախտագիտությունը պետք է որ այլևս չտիրեին նրանց սրտերում, մտածեց բաժանումը: Սակայն նայելով նրանց աչքերին՝ բաժանումը տեսավ հարգանք և փոխըմբռնում:


- Դե լավ, հիմա կգնամ և ավելի ուշ կայցելեմ նրանց, - մտածեց բաժանումն ու կրկին հեռացավ:


Տարիներ անց բաժանումը կրկին այցելեց զույգին. զավակներն արդեն մեծ մարդիկ էին. ծնողները՝ ալեհեր, խելացի և օգտակար խորհուրդներով աջակից իրենց զավակներին:


Բաժանումը նայեց նրանց աչքերին և հիասթափված հոգոց հանեց՝ տեսնելով միմյանց հանդեպ վստահություն:


- Ավելի ուշ կայցելեմ, միևնույննն է՝ նրանք ինձանից չեն փախչի, - փնթփնթաց բաժանումն ու հեռացավ:


Տարիներ անց բաժանումն այցելեց զույգի տուն, որտեղ արդեն նրանց թոռներն էին վազվզում: Վառարանի մոտ նստած էր արդեն ծերացած տատիկը: Բաժանումն ուրախացավ՝ մտածելով. «Դե, հիմա արդեն իմ ժամանակը եկավ»: Նա ցանկացավ նայել ծեր կնոջ աչքերին, սակայն վերջինս վեր կացավ և տնից դուրս եկավ: Բաժանումը հետևեց նրան. ծեր կինը գնում էր գերեզմանատուն՝ այցելելու ամուսնու շիրիմին:


- Ես ուշացա, ժամանակն իմ փոխարեն իր գործն արեց, - փնթփնթաց բաժանումն ու նայեց ծեր կնոջ աչքերին և տեսավ արցունք և հուշեր՝ սիրո, երախտագիտության, հարգանքի, փոխըմբռնման և վստահության մասին:


Անտուան դե Սենտ-Էքսզյուպերի. «Սիրել՝ չի նշանակում նայել միմյանց, այլ՝ միևնույն ուղղությամբ»:


Վիկտոր Հյուգո. «Սերը չի մահանում, այն միշտ ապրում է, պայքարում և հաղթում: Սերը պայքար է, բայց միևնունն է՝սերը կյանք է»:

 


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×