Մի օր նստած զրուցում էին սևն ու սպիտակը:
- Ինչո՞ւ ես դու միշտ այդքան մեղմ ու բարի, - հարցրեց սևը: - Ի՞նչ իմաստ ունի բարությունդ, չէ՞ որ բոլորը քեզ օգտագործում են, չարաշահում: Քո մասին շատ արագ մոռանում են, քեզ ոտնահարում, քո գոյությունը գործնականում աննկատ է: Հապա շուրջդ նայիր. քեզ իրականում չեն հավատում, քեզ վրա ծիծաղում են: Հարձակվելով քեզ վրա՝ մարդիկ մտածում են, թե այդպես էլ պիտի լիներ: Լինելով նույնքան հզոր, որքան ես եմ, դու միշտ թույլ և անզոր ես լինում: Ինչո՞ւ ես թույլ տալիս քեզ հետ այդպես վարվել: Գեթ մեկ անգամ ասա՝ «Ո՛չ», դարձիր հաստատակամ:
- Դու, իհարկե, շատ ինքնավստահ ես, արտաքուստ շատ ուժեղ, հզոր, - հանգիստ պատասխանեց սպիտակը: - Չես ներում վիրավորանքը, ասում ես՝ «Այո՛» միայն այն դեպքում, երբ քեզ ձեռնտու է: Քեզ հիշում են, սակայն երբևիցե հիշո՞ւմ են գոհունակությամբ, անկեղծ ուրախությամբ: Մտնելով մարդու կյանք՝ արդյո՞ք դու նրանց երջանկացնում ես: Չէ՞ որ քեզնից ընդամենը վախենում են: Նրանք, ովքեր համաձայնվում են քո խաղին, լոկ խաղաքար են քո սառնասիրտ խաղում և դրանից միմիայն դու ես հաճույք ստանում: Չէ՞ որ ցանկացած մեկն, ով քո կողքին է, ներքուստ շատ թույլ է: Դու մարդկանց սպանում ես՝ սկսելով լափել նրանց հոգին, նրանց դանդաղ մոխրացնում ես: Դու նրանց ուժ ես տալիս, բայց այդ ուժը նրանց ամրապնդում է լոկ արտաքուստ: Այո, մարդիկ վախենում են քո կողմնակիցներից, իսկ ներքուստ պարզապես խղճում են նրանց: Դու կեղծ ուժ ունես միայն նրանց մթագնած աչքերում, ովքեր կարծում են, թե շատ ուժեղ և ինքնավստահ են: Բայց մի մոռացիր, որ մենք հավասարաչափ ուժեղ ենք և չենք կարող գոյատևել առանց միմյանց: Ահա, ես հարց եմ տալիս. արդյո՞ք քո կողմնակիցները կարծում են, թե այն, ինչ իրենք անում են, իրենց դուր է գալիս և արժե անել: Դանդաղ ցրելով մառախուղը, ցույց տալով նրանց, թե իրականում իրենք ինչքան թույլ են, ինչքան անգթորեն են օգտագործվել, հասկանալով, թե դու ինչքան սարսափելի ես, նրանք խենթանում են: Եվ միայն նրանք, ովքեր իսկապես ուժեղ են, ձեռքերն ինձ են մեկնում: Իսկ ովքեր թույլ են, պարզապես չեն մտածում իմ մասին, վախենում են բացել աչքերը՝ ցույց տալով, որ իրականում թույլ են, նրանք բոլորին պատմում են, թե ինչքան անպիտան է սպիտակը: Քո այսպես կոչված ուժեղ խաղաքարերը խուճապ են սերմանում: Չէ՞ որ այն, ինչ դու ես կառուցում, հիմնված է խաբեության և կեղծ երջանկության զգացողության վրա: Չէ՞ որ քո արածի դիմաց դու վերցնում ես ավելին. հասկանալով դա՝ մարդիկ սկսում են փախչել: Դու դա նրանց լավ ես սովորեցրել. չէ՞ որ դու իսկույն լքում ես նրանց, քանի որ նրանք կարող են քեզ ողջ-ողջ խժռել-լափել, նրանք քեզ չեն խղճա և երբեք երախտապարտ չեն լինի: Իսկ դու, պոչդ ոլորելով՝ փորձում ես ավելի լավ թաքնվել և պարզապես լռում ես: Եվ դեռ խոսո՞ւմ ես քո ուժի մասին: Դու արհամարհում ես մարդկանց: Դու միայն վերցնում ես՝ քեզանից հետո թողնելով միայն դատարկություն: Գիտես, շատ հեշտ է վատը լինել, իսկ ընդհակառակը՝ շատ դժվար է: Այդ ես եմ, որ մարդկանց դարձնում եմ ուժեղ և դիմացկուն: Այդ ես եմ, որ չեմ թողնում նրանց՝ մահանալու, այլ հոգատարությամբ խնամում եմ՝ ինչպես մայրը կաներ: Ես ստիպում եմ նրանց շարունակել ապրել: Ինձ հանդիպելիս մարդիկ շատ են ուրախանում: Չէ՞ որ լույսի նեղ ճառագայթը խավարում շատ ավելի նկատելի է, քան սև կետը սպիտակի վրա: Սակայն դու երբեք չես խորհել այն մասին, որ քեզ դեմ տալով այտս՝ ես լոկ ավելի եմ մոտենում քեզ, ինձ զոհաբերելով՝ փոխարենը ստանում եմ այն, ինչ ցանկանում եմ: Ես պատրաստ եմ մահանալ՝ հանուն կյանք տալու: Ես հավերժ կամ, և իմանալով այդ մասին՝ լռում եմ: Դու իմ պլանի մի մասն ես: Իրականում դու ես իմ խաղաքարը: Չէ՞ որ առանց քեզ մարդիկ չեն ընկալի բարին: Դու թուլությունների և բարդույթների կծիկ ես: Դու ուժ չունես, դու լոկ դատարկություն ես և դա ինձանից ավելի լավ գիտես, բայց քաջություն չունես անգամ ինքդ քեզ խոստովանել դա: Ես երախտապարտ եմ այն բանի համար, որ դու կաս: Դու իմ գոյության իմաստն ես, բայց ես քեզ երբեք չեմ հարգի: Դու լոկ իմ խղճահարությունն ես արթնացնում: Դու խավար ես, դատարկություն, դու չկաս, - այսպես ասելով՝ սպիտակը շրջվեց դեպի սևը և տեսավ ծագող արևը և ուրախ ժպտաց: Իսկ սևն արդեն անհետացել էր:
- Միշտ էլ այդպես է: Նա անհետացավ՝ անգամ առանց հրաժեշտի: Խավարին միշտ հաջորդում է լույսը, արևը ծագում է, և արևածագը մարդկանց միշտ ուրախացնում է: Ես մարդկանց պետք եմ, շատ գործեր ունեմ, չեմ կարող կանգ առնել: Մարդիկ, ես ապրում եմ ձեզնից յուրաքանչյուրի մեջ, երբեք մի մոռացեք այդ մասին: - ասաց սպիտակը՝ նայելով արևին և իսկույն տարալուծվեց ժպիտներում միլիոնավոր մարդկանց, ովքեր հուսով դիմավորում էին ծագող արևն ու նոր օրը:
Ա. Դյումա. «Հույսն ամենալավ բժիշկն է, որ հայտնի է»:
Սենեկա. «Քանի դեռ մարդը ողջ է, երբեք չպետք է կորցնի հույսը»:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը