Կա մի առասպել, համաձայն որի Աստված այցելում է մեզանից յուրաքանչյուրին կյանքում մեկ անգամ: Ընդ որում Նա կարող է հայտնվել ցանկացած տեսքով՝ ծերունու, աղքատ կնոջ, անգամ թրջված ու մրսած կատվի կերպարանքով, և մեր կյանքը կարող է ընթանալ՝ պայմանավորված նրանով, թե ինչպես կվարվենք հանդիպման պահին…
Ահա թե ինչ եղավ մի մարդու հետ, ով ուներ երեք երազանք. ունենալ լավ վարձատրվող աշխատանք, գեղեցկուհի կին և հայտնի լինել ամբողջ աշխարհում:
Ձմռան մի ցուրտ օր նա շտապում էր հարցազրույցի մի շատ հայտնի ընկերությունում: Հենց նրա աչքի առաջ անսպասելիորեն վայր ընկավ տարեց մի մարդ: Մարդը նայեց նրան, և մտածելով, որ տարեց մարդը հավանաբար հարբած էր, անտարբեր անցավ՝ առանց օգնության ձեռք մեկնելու: Նա ճիշտ ժամանակին հասավ նշանակված հանդիպմանը, սակայն հարցազրույցի արդյունքը գոհացուցիչ չէր, և նրան չընդունեցին աշխատանքի:
Ամռան մի երեկո մարդը զբոսնում էր քաղաքում: Նկատելով շրջիկ դերասանախումբը՝ նա կանգ առավ՝ դիտելու ներկայացումը: Գործողության ավարտին, երբ հանդիսատեսները սկսեցին ցրվել, ինչ-որ մեկը թփթփացրեց նրա ուսը. մարդը շրջվեց և տեսավ ներկայացման գլխավոր հերոսուհուն՝ ծեր ծաղրածուին: Նա սկսեց հարցուփորձ անել ներկայացման մասին՝ ցանկանալով իմանալ, թե արդյո՞ք ներկայացումը նրան դուր էր եկել թե՞ ոչ, գո՞հ էր նա դերասանների խաղից: Սակայն մարդը չցանկացավ զրույցի բռնվել և խուսափելով զրույցից՝ արագ հեռացավ:
Մի անգամ անձրևոտ երեկոյան մարդը տուն էր վերադառնում ընկերոջ ծննդյան տոնակատարությունից: Շատ հոգնած էր, երազում էր տաք լոգանքի և անկողնում հանգիստ քնելու մասին: Հանկարծ լսեց իր շքամուտքի մոտ նստարանին նստած մի կնոջ լացը. կինը մենակ էր, առանց անձրևանոցի, թաց հագուստով: Տեսնելով նրան՝ կինն օգնություն խնդրեց՝ ասելով, որ իր ընտանիքում դժբախտություն էր տեղի ունեցել, և ինքը հոգեհարազատ զրուցակցի կարիք ուներ: Բայց մարդը շտապեց մտնել իր տուն:
Նա երջանիկ կյանք չապրեց և մահից հետո երկնքում հանդիպելով իր պահապան հրեշտակին՝ ասաց.
- Ես գորշ և վատ կյանք ապրեցի: Երեք երազանք ունեի, բայց դրանցից ոչ մեկը չիրականացավ: Ափսոս…
- Բարեկամս, ես ամեն ինչ արեցի, որ քո երազանքներն իրականանային, բայց դրա համար հարկավոր էր երեք բան. քո ձեռքը, քո աչերքը և քո սիրտը, - պատասխանեց հրեշտակը:
- Այդ ինչպե՞ս:
- Հիշո՞ւմ ես ձմռան այն օրը գետնին ընկած մարդուն. նա գլխավոր տնօրենն էր այն ընկերության, որտեղ դու ցանկանում էիր աշխատանք ստանալ: Քեզ աշխատանքային մեծ առաջընթաց էր սպասվում: Քեզնից պահանջվում էր ընդամենը ձեռք մեկնել այդ մարդուն և պարզել, թե ինչ էր պատահել նրան:
Հիշո՞ւմ ես այն ծեր ծաղրածուին, ով մոտեցավ քեզ և հարցեր տվեց: Նա գեղեցկուհի դերասանուհի էր, ով սիրահարվել էր քեզ առաջին հայացքից: Նրա հետ քեզ երջանիկ ապագա, հրաշալի զավակներ և անմար սեր էր սպասվում: Քեզնից պահանջվում էր ընդամենն աչքերդ լայն բացել՝ նկատելու նրան:
Իսկ հիշո՞ւմ ես քո շքամուտքի մոտ լաց լինող, անձրևից թրջված այն կնոջը: Նա հայտնի գրող էր: Նա ընտանեկան ճգնաժամ էր ապրում և խռովահույզ այդ վիճակում աջակցության կարիք ուներ: Եթե դու նրան օգնեիր, հնարավորություն տայիր տաքանալ քո տանը, լսեիր նրան և սփոփանքի խոսքեր ասեիր, նա գիրք կգրեր և գրքում կպատմեր այդ դեպքի մասին: Գիրքը լայն տարածում կգտներ ամբողջ աշխարհում, և դու հայտնի կդառնայիր, քանի որ իր գրքի առաջին էջում հեղինակը կնշեր նրա անունն, ով դարձել էր իր ստեղծագործության համար ներշնչանքի աղբյուր: Քեզնից պահանջվում էր ընդամենը քո սիրտը: Բայց դու անտարբեր և անուշադիր էիր, բարեկամս:
Մարդը հոգոց հանեց և այլևս ոչինչ չասաց:
Կյանքը մեզ բազմաթիվ հնարավորություններ է տալիս, և կարևոր է ոչ միայն կարողանալ օգնություն հայցել, այլև արժանապատվորեն ընդունել օգնությունն ու ընձեռնված հնարավորությունները:
Ռուսերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի