Թեյի գավաթը

Թեյի գավաթը

Մի օր մի մարդ, ով սեր ուներ հինավուրց իրերի նկատմամբ, հնավաճառի խանութում տեսավ թեյի գավաթ: Երբ հիացած ձեռքն առավ գավաթը, այն անսպասելիորեն սկսեց զրուցել իր հետ և պատմեց. «Հիմա դու հիանում ես ինձանով, բայց միշտ չէ, որ ես այսքան գեղեցիկ եմ եղել: Մի ժամանակ ես կավի մի կտոր էի: Հազարավոր տարիներ անիմաստ ընկած էի գետնին: Աչքիս առաջ անցան դարեր, ծնվեցին ու կործանվեցին քաղաքակրթություններ, իսկ ես դեռ սպասում էի՝ ինքս էլ չիմանալով, թե ինչի: Վերջապես եկավ վարպետը: Վերցրեց ինձ, տարավ տուն, դրեց սեղանին և սկսեց տրորել ու գլորել սեղանի վրա, մատներով ճմլել: Շատ ցավոտ էր, և ես գոռացի. «Բավական է, հանգիստ թող ինձ, խնդրում եմ»: Իսկ նա լոկ ժպտաց և ասաց. «Դեռ ժամանակը չէ»: Այդ խոսքերն ասելուն պես նա ինձ այնքան տրորեց ու պտտեց, մինչև որ աչքերիս առաջ մթնեց, և ամեն ինչ ձուլվեց մեկ կետում: Հետո նա ինձ դրեց վառարանը. մինչ այդ ես չգիտեի, թե կարող է այդքան սաստիկ շոգ լինել: Այնտեղ ավելի շոգ էր, քան դժոխքի կրակներում: Ես խնդրեցի վարպետին ինձ դուրս բերել, բայց նա ասաց, թե դեռ ժամանակը չէ: Եվ այն պահին, երբ թվում էր, թե վերջս եկել է, վառարանի դռնակը բացվեց, վարպետն ինձ զգուշությամբ դուրս բերեց և դրեց դարակին. վերջապես ես հանդիստ շունչ քաշեցի, սակայն… դա դեռ վերջը չէր: Հենց որ սառա և ուշքի եկա, վարպետը սկսեց ինձ նկարազարդել: Դա սարսափելի էր, ես խեղդվում էի ներկերի հոտից, նրանց թունավոր ազդեցությունից կորցնում գիտակցությունս և խնդրեցի վարպետին դադարեցնել ներկելը, խղճալ ինձ: Բայց նա ասաց սովորականի պես. «Դեռ ժամանակը չէ»:

 

Նկարազարդելուց հետո վարպետն ինձ կրկին դրեց վառարանը, միայն թե՝ այս անգամ այնտեղ արդեն կրկնակի, եռակի շոգ էր: Իսկույն հասկացա, որ մահանում եմ: Շոգն անտանելի էր, այլև ուժ չունեի՝ անգամ լաց լինել: Երբ արդեն կարծում էի, թե կյանքիս վերջին պահն է, վարպետն ինձ դուրս բերեց վառարանից և դրեց դարակին՝ սառչելու: Սարսափով սպասում էի հետագա տանջանքներին:

 

Սակայն երբ վարպետը վերադարձավ, մոտեցավ ինձ, նայեց և ասաց. «Ահա, քո ժամանակն արդեն եկել է»: Հետո հայելին դրեց իմ դիմաց և ասաց. «Դե, նայիր»: Երբ տեսա, թե որքան գեղեցիկ եմ, բացականչեցի. «Ոչ, այդ ես չեմ»: Պարզապես չէի հավատում աչքերիս: Իսկ վարպետն ասաց.

- Ես տեսնում էի, որ դու ցավ ես զգում, սակայն քեզ պետք էր կոփվել: Ես գիտեի, որ այդքան տրորվելուց և ճմլվելուց հետո կորցնում ես գիտակցությունդ, սակայն առանց դրա դու այսպիսի գեղեցիկ ձև չէիր ստանա: Գիտեի, որ ներկերի թունավոր հոտերն անտանելի են, բայց առանց դրա դու կմնայիր գորշ, ինչպես որ մինչ այդ էիր: Գիտեի, որ վառարանը, հատկապես երկրորդ անգամ, ծանր փորձություն էր քեզ համար, բայց առանց դրա դու թույլ կլինեիր և չէիր դիմանա կյանքի դժվարություններին և հեշտությամբ կկոտրվեիր: Հավատա ինձ, այդ ամենը ես արեցի ի օգուտ քեզ: Հիմա դու դարձել ես գեղեցիկ գավաթ, ինչպիսին ես պատկերացնում էի, երբ քեզ գետնից վերցրեցի: Այժմ քո կյանքն իմաստավորվեց»:

 

Այստեղ գավաթն ավարտեց իր պատմությունը: Մարդը վճարեց և գնեց այն: Գավաթի պատմութունը նրա համար դարձավ կյանքի ուղեցույց: Ամեն անգամ, երբ ճակատագիրը նրան փորձությունների առաջ էր կանգնեցնում, և նա ցանկանում էր գոռալ. «Բավական է», իսկույն հիշում էր վարպետի խոսքերը. «Դեռ ժամանակը չէ»:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-09-20
×